Լրահոս

27.05.2009 21:04


ՀՅԴ Գերագույն Մարմինը կոչ է անում կասեցնել հայ–թուրքական հարաբերությունների հաստատման ուղղությամբ ընթացող գործընթացը

ՀՅԴ Գերագույն Մարմինը կոչ է անում կասեցնել հայ–թուրքական հարաբերությունների հաստատման ուղղությամբ ընթացող գործընթացը

ՀՅԴ Գերագույն Մարմնի անդամ Արմեն Ռուստամյանը իր ելույթում ներկայացրել է մայիսի 27-ին ՀՅԴ Գերագույն Մարմնի հայտարարությունը, որում մասնավորապես ասված է.

«Քննարկելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեկամյա գործընթացը և այդ ասպարեզում ստեղծված ներկա կացությունը՝ ՀՅԴ կուսակցության Գերագույն Մարմինը գտնում է, որ, այսպես կոչված, «Ֆուտբոլային դիվանագիտությունը», ըստ էության, ձախողվել է։ Մենք հաստատում ենք, որ մինչև այժմ կարգավորման գործընթացը ծառայել և ծառայում է բացառապես Թուրքիայի շահերին։ Մի կողմից Թուրքիան միջազգային հանրույթան ուշադրությունը շեղում է իր ներքին խնդիրներից և երեսպաշտորեն հանդես է գալիս իբրև հարևանների հետ բնականոն հարաբերություններ հաստատելու կողմնակից, մյուս կողմից՝ միջազգային ասպարեզից քայլ առ քայլ դուրս է մղում հայկական օրակարգը։ Կոպտորեն խախտելով պայմանավորվածությունները՝ Թուրքիան, փաստորեն, չի հրաժարվում նախապայմաններից։ Ավելին՝ նա փորձում է պայմաններ թելադրել արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում՝ բացահայտ կանգնելով Ադրբեջանի թիկունքին և գլխիվայր ներկայացնելով հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքը։ Թուրքիայի կողմից ներկայացվող նախապայմաններն իրենց բնույթով ոչ միայն անընդունելի են, այլև անօրինական։ Դրանք վիրավորում են մեր ազգային արժանապատվությունը և վտանգում հայկական երկու պետությունների ու մեր ժողովրդի ապագան։ Իրականությունն այն է, որ Թուրքիան շարունակում է իր հակահայկական քաղաքակնությունը՝ միաժամանակ փորձելով մոլորեցնել միջազգային հանրությանը։ Ակնհայտ է, որ իր կողմից փակված սահմանի բացումը Թուրքիայի միջազգային պարտավորությունն է և չի կարող ծառայել իբրև Հայաստանին նախապայմաններ թելադրելու լծակ կամ միջոց։ Այս շրջափուլում Հայաստանը և հայությունը պարտավոր են ապացուցել, որ Թուրքիայի կողմից շրջափակման պայմաններում էլ կարող են առաջադրել քաղաքական ու տնտեսական բարձր նպատակներ ու իրականցնել դրանք։ Տարածաշրջանում դառնալ հաշվառելի գործոն և զարգացած պետություն՝ առանց զիջելու մեր համազգային շահերը։ Ելնելով այս հաստատումներից՝ ՀՀ նախագահին կոչ ենք անում վերանայել իրականացվող քաղաքականությունը և կասեցնել ընթացող բանակցությունները։ Մենք գտնում ենք, որ Հայսատանը պետք է առաջնորդվի հետևյալ մոտեցմամբ. երկու պետությունների միջև հարաբերությունները կարգավորելու, առկա խնդիրները լուծելու ճանապարհի մեկնակետը Թուրքիայի կողմից ցամաքային շրջափակման անհապաղ վերացումն է և միջազգային պրակտիկայում կիրառվող ընդհանուր կարգով դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։

ՀՅԴ Գերագույն Մարմին 27-ը մայիսի 2009թ.»։

Այս խորագրի վերջին նյութերը