Մեկնաբանություն

05.06.2012 12:13


Հիլարին Սերժին «քաշեց»

Հիլարին Սերժին «քաշեց»

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Հայաստան, պատկերավոր ասած, օրգազմի է հասցրել իրենց լիբերալ ու արևմտամետ համարող, բայց իրականում մարտնչող բոլշևիկներից չտարբերվող «առաջադեմ մտավորականությանն» ու քաղաքական դաշտի «սութի ազատամիտներին»։ Դե իսկ Սերժ Սարգսյանին սատարող մամուլը Քլինթոնի այցը շտապեց ներկայացնել որպես ՀՀԿ ղեկավարի՝ «դրսից դաբրո ստանալու» օպերացիայի հաջող ավարտ։

Մի խոսքով բոլորն իրենց տարերքի մեջ էին։ Բայց թողնենք «դաբրոյատերերին» ու «առաջադեմ մտավորականությանը», և մի փոքր այլ ռակուրսով քննարկենք Քլինթոնի «պատմական» այցը։

Եվ այսպես, երբ ակնհայտ դարձավ, որ «ֆուտբոլային» դիվանագիտությունը ֆիասկոյի է ենթարկվել, իշխանությունը սկսեց տարբեր «ձեռքբերումներ» հրամցնել հանրությանը։

«Նախաձեռնողական» արտաքին քաղաքականության դրական կողմ էր ներկայացվում այն, թե իբր աշխարհի աչքերը բացվեցին, և բոլորը տեսան, որ Թուրքիան «քըխ» է, իսկ Սերժ Սարգսյանի խաղաղասիրությունը չափ ու սահման չի ճանաչում (ոչինչ, որ ՀՀ նախագահն այն աստիճանի «խաղաղասիրական» իմիջով հանդես եկավ, որ գրգռեց Ադրբեջանի ռազմական ախորժակը)։

Որպես «նախաձեռնողականության» նվաճում մեզ ներկայացվում էր նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի  Հայաստան այցելությունը 2010թ.։ Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունը գովերգողները և պալատական «պոլիտոլոգները» հատուկ ընդգծում էին, որ Հիլարին ոչ միայն եկավ Հայաստան, այլ նաև գիշերեց մեզ մոտ, ինչը նա չարեց հարևան երկրներում։ Փաստորեն, ԱՄՆ պետքարտուղարի Հայաստանում մեկ գիշեր մնալն էր մատուցվում որպես «դարի հաղթանակ» և «նախաձեռնողականության հաղթարշավ»։

Ինչպես հայտնի է, Քլինթոնը տարածաշրջանային այցի շրջանակներում երեկ գտնվում էր Երևանում, բայց այս անգամ նա չքնեց Հայաստանում և Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտը չդիմավորեց մեզ մոտ։ ԱՄՆ պետքարտուղարը հունիսի 4–ին եկավ և նույն օրն էլ մեկնեց Վրաստան, և ըստ վրացական լրատվամիջոցների՝ Հիլարին գիշերը կանցկացնի իրենց մոտ. ինչպիսի՜ հարված հայկական «նախաձեռնողականությանը»։

Հիմա եթե շարժվենք Սերժ Սարգսյանի քարոզիչների առաջարկած տրամաբանությամբ և «գիշերաքնությամբ» գնահատենք մեր արտաքին քաղաքականության արդյունավետությունը, ապա ստացվում է, որ «նախաձեռնողականությունը» երեկ դաժան պարտություն է գրանցել, քանզի ՀՀ իշխանություններին չի հաջողվել Հիլարիին քնեցնել Հայաստանում։ Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ կամա թե ակամա, Հիլարին Սերժին «քաշեց»։ Միգուցե նա չէր ուզում, բայց այդպես ստացվեց։

ԱՄՆ պետքարտուղարը, հավանաբար, չգիտեր, որ Հայաստանի հյուրանոցներից մեկում իր նախորդ անգամվա իջևանումը այդքան բուռն ոգևորության ու PR–ի պատճառ էր դարձել «նախաձեռնող» նախագահական նստավայրի համար։ Եթե իմանար, որ այդքան ուրախացրել էր «շրջիկ խմբերի» տիրակալներին, ապա թերևս այս գիշեր կմնար և առավոտյան ՕԵԿ–ի մուրաբայով թեյ խմելուց հետո միայն կուղևորվեր Թբիլիսի, թե չէ լավ բան չստացվեց։ Իշխանական «PR–չիստները» էլի «քաշվեցին» ու զրկվեցին տիեզերական մասշտաբի քարոզ անելու հնարավորությունից։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Հիլարի Քլինթոնը երեկ ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե Հայաստանում տեղի ունեցած վերջին ընտրություններն ընդհանուր առմամբ համապատասխանում էին միջազգային չափանիշներին, ու «մին լյավ» գովեց Սերժ Սարգսյանին։ Ըստ երևույթին՝ Արևմուտքին ձեռնտու է հանրային վստահության լուրջ դեֆիցիտ ունեցող Հայաստանի ղեկավարը, ումից ամեն ինչ կարելի է ստանալ, և ով դրսի համար «Պարոն–այո» է հանդիսանում, իսկ ներսի համար՝ «Պարոն–ոչ»։

Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանի հասարակությունը բացառապես իր ուժերով պետք է լուծի իր ներքին հարցերը, այլապես միջազգային «ձյաձյաները» կամ «ծյոծյաները», իրենց շահերից ելնելով, կշոյեն մեր «լեգիտիմիկների» գլուխները և մեզ էլ աբորիգենի տեղ դրած՝ կասեն, թե ամեն ինչ լավ է անցել ընտրությունների ժամանակ, քանի որ մարդ չեն կերել ընտրատեղամասերում, իսկ դիտորդներին էլ «գրիլի» ապարատի մեջ չեն մտցրել։

Այս խորագրի վերջին նյութերը