Լրահոս

05.06.2012 13:31


Պետքարտուղար Քլինտոնի այցի հետ միաժամանակված ռազմական սադրանքի մասին

Պետքարտուղար Քլինտոնի այցի հետ միաժամանակված ռազմական սադրանքի մասին

Հայաստանի քաղաքական գիտության ասոցիացիայի Ատենապետ քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Քոթանջյանը հրապարակել է ԱՄՆ Պետքարտուղար Հիլլարի Քլինտոնին և ԵԱՀԿ Մինսկի խմբի Համանախագահության անդամ-պետություններին ուղղված ՀՔԳԱ-ի հետևյալ դիմումը.

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԴԻՄՈՒՄԸ

ԱՄՆ-Ի ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐ ՆՈՐԻՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆ Տ-Ն ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆՏՈՆԻՆ ԵՎ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ՆՐԱ ՄԵԾԱՐԳՈ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ

Պետքարտուղար Քլինտոնի այցի հետ միաժամանակված ռազմական սադրանքի մասին

Քաղաքական գիտության ասոցիացիան 2012 թ. մայիսին արված իր հայտարարության մեջ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ Ադրբեջանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի մի պաշտոնյա, կատարելով ադրբեջանական պետության ղեկավարի կարգադրությունը, Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների 2012 թվականի մայիսի 11-ին Բաքու կատարվելիք այցին միաժամանակեց Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ոտնձգությունների հրապարակումը: Իլհամ Ալիևի վարչակարգի կողմից Ադրբեջանի պետական և քաղաքական հաստատությունների նկատմամբ հանրահայտ համատարած վերահսկողության պայմաններում կասկած չի կարող հարուցել այն փաստը, որ տվյալ սադրանքը պատվիրել էր անձամբ Նախագահ Ալիևը:

Երեկ` ԱՄՆ-ի պետքարտուղարի տարածաշրջան ժամանելու օրը, Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ-ի դիվերսիոն խումբը Նախագահ Ալիևի կարգադրությամբ իրագործեց Հայաստանի Հանրապետության տարածքում երեք հայ զինծառայողի սպանություն:

Ղարաբաղյան հակամարտության գոտում միջազգային հանրության կողմից չվերահսկվող սպառազինությունների մրցավազքի պայմաններում Հայաստանի Հանրապետության տարածքում նրա քաղաքացիների դավադրական սպանության միաժամանակեցումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկի` ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյայի Հարավային Կովկաս այցելությանը ցինիկ մարտահրավեր է` նետված Հարավային Կովկասում և շրջակա տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը:

Հայաստանի Քաղաքական գիտության ասոցիացիան կոչ է անում Մինսկի խմբի համանախագահ մեծարգո պետություններին խստագույնս դատապարտելու Ադրբեջանի սադրիչ գործողությունները և Ալիևի վարչակարգի վրա ազդեցություն գործելու` կողմերի շփման գծում կրակի դադարեցման ռեժիմի պահպանման համար իր վրա վերցված պարտավորությունները անվերապահորեն կատարելու նպատակով:

Այս խորագրի վերջին նյութերը