Լրահոս

28.05.2009 18:04


Բաց նամակ ՀՀ նախագահին

Հարգարժան նախագահ

Գրում ենք Ձեզ Շիրակի մարզի Մեղրաշեն համայնքի բնակիչներս: Այս անգամ որոշեցինք բաց նամակով դիմել Ձեզ, քանզի երկմտում ենք, թե Ձեզ հնարավորություն չի տրվել անձամբ ընթերցելու մեր առաջին նամակը, այլապես այդքան անարդյունավետ ու ոչ գոհացուցիչ չէր լինի Իջևանի քննչական բաժնում կայացած՝ Պառավաքարի «Թալա պոստ» զորամասում սպանված Վազգեն Հունանյանի գործի վարույթը: Բանն այն է, որ սպանությունը կեղծ վկայություններով ուզում են դարձնել ինքնասպանություն՝ քողարկելով իսկական մարդասպաններին ու սպանության կազմակերպիչներին:

Դատական բժիշկը եզրակացություն է գրել, որ Վազգենի դնչի կապտուկները, վզի ու երեսի վնասվածքներն ու քերծվածքները, թևերի արյան զեղումները բռնության հետքեր են:

Միջնորդվել է քննել աբովյանցի «Կյաժ» մականունով սերժանտ Վահագն Արզումանյանին, քանզի Վազգենը խնդիրներ է ունեցել միայն «Կյաժ»-ի ու եզդիների հետ: Զորամասում «Կյաժ»-ը «հեղինակություն» էր: Բացի այդ, լուրեր են պտտվում, որ նա բարձրաստիճան պաշտոնյայի բարեկամ է: Իսկ հանցագործությունը կարող էր կատարել նա, ով իսկապես «կարող է», ով թքած ունի բոլոր տեսակի պատժամիջոցների վրա:

Հուսադրում են, թե իբր քննում են «Կյաժ»-ին, սակայն իրականում ոչինչ էլ չի կատարվում:

Զարմանալի է, պրն. նախագահ, ինչու՞ պետք է անձեռնմխելի լինի 20-ամյա պատանուն դաժանորեն տանջամահ արած մի ճղճիմ ոճրագործ։ Ո՞վ ունի հետևում: Երբ մենք ընտրում էինք Ձեզ, պրն. նախագահ, վստահեցինք ու հավատացինք, որ անբեկանելի են Ձեր որոշումները, իսկ հիմա պահանջում ենք տեր կանգնել այդ հավատին ու վստահությանը, երկրից վերացնել վախի ու սարսափի մթնոլորտը:

Այժմ Իջևանի քննչական բաժնից գործը տեղափոխվել է զինվորական դատախազության հատուկ գործերի բաժին:

Պրն. նախագահ, գո՞ւցե մեր «բաց նամակը» օգնի, որ փաստերը չխեղաթյուրվեն, որ գործով զբաղվող մարդկանց չահաբեկեն:

Ընդամենը մի քանի օր առաջ Աբովյան-Երևան ճանապարհին հետապնդել են մեր հարազատներից մեկին:

Այս անպատժելի երևույթները կարող են նորից ու նորից ծանր հանցագործություններ ծնել: Ուստի խնդրում ենք Ձեզ, մեծարգո՛ նախագահ. մեր երկրի, մեր երեխաների խաղաղ լուսաբացը Ձեր հեղինակության ու պատվի երաշխիքն են, իսկ մենք անվերապահորեն հավատում ենք Ձեզ, և հետևանքները թողնում Ձեր խղճին ու իմաստությանը: Ձեր վճռականությունն ու արդարամտությունն է ակնկալում Շիրակի մարզի Մեղրաշենի ողջ համայնքը:

Հովսեփ Հունանյան՝ զոհված Վազգեն Հունանյանի իրավահաջորդ

«Բաց նամակի» տակ ստորագրել են մի քանի հարյուր մեղրաշենցիներ:

Այս խորագրի վերջին նյութերը