Մեկնաբանություն

11.06.2012 16:51


Սերժ Սարգսյանի «արևմտամետությունը»

Սերժ Սարգսյանի «արևմտամետությունը»

Մեզանում մի շարք պարզունակ և էժանագին «կլիշեներ» կան տարածված։ Ըստ այդմ՝ եթե դու ժողովրդավարություն ես ուզում, ապա պետք է լինես արևմտամետ։ Եթե արևմտամետ ես, ապա անպայման պետք է լինես հակառուս։ Սա էլ, ըստ այս «կլիշեները» տարածողների, իր հերթին նշանակում է, որ ով արևմտամետի համբավ ունենա, միանգամից դրական կերպարի մեջ կհայտնվի։ Այսինքն՝ ստացվում է, որ արևմտամետ լինելը լավ բան է, իսկ ռուսամետ լինելը՝ վատ։  

Մի քիչ ավելի շատ խորանալու դեպքում «արևմտամետ–ռուսամետ» հակադրության թեմաներով տարածվող միֆերի մեջ՝ հայտնաբերում ենք հետևյալ «պատճառահետևանքնային» շղթաները. եթե հակառուս ես ու արևմտամետ, ապա պետք է կողմ լինես Թուրքիայի հետ շուտափույթ ձևով ու ամեն գնով հարաբերությունների հաստատմանը կամ այլ կերպ ասած՝ դրական արտահայտվես «ֆուտբոլային» դիվանագիտության պես «նախաձեռնողականությանը», իսկ եթե կողմ ես «ֆուտբոլային» դիվանագիտությանը, ապա պետք է Ղարաբաղի հարցում լինես «խաղաղության աղավնի», այն է՝ զիջող։ Սա, ի դեպ, Սերժ Սարգսյանի շրջապատի և իշխանամետ լրատվամիջոցների վերջին շրջանի քարոզչական ուղղություններն են։

Այդպիով` փորձ է արվում Սերժ Սարգսյանին ներկայացնել որպես առաջադեմ ու արևմտամետ գործիչ, ով փորձում է տարանջատվել ռուսամետ հետադիմականներից, և հետևաբար նրան ներելի են կեղծիքներով ընտրվելն ու միահեծան իշխանություն ձևավորելը։

Պարզից էլ պարզ է, որ վերը նկարագրված «եթե–ապա»–ները իրականության հետ որևէ կապ չունեն, և իշխանամետ քարոզչամեքենան գիտագործնական առումներով հանրությանը կեղծ եզրահանգումներ է ներկայացնում։ Իրականում դրանք մանիպուլյացիոն բանաձևեր են ու շրջանառության մեջ են դրվում քաղաքականապես անմեղսունակների և սերժսարգսյանական թիմին ծառայող «անկախ» լրագրողների ու պալատական վերլուծաբանների ծախվածությունը թաքցնելու համար։ Վերջիններս ուզում են Սերժ Սարգսյանի շարքային հաճախորդ լինելը թաքցնել «հանուն արևմտամետության ու ժողովրդավարության համար պայքարողի» դիմակի տակ։

Հարց կարող է առաջանալ, թե ինչու՞ են Բաղրամյան–26–ից սնվող լրատվամիջոցները փորձում Սերժ Սարգսյանից արևմտամետ գործիչ ստանալ։ Պատասխանն ակնհայտ է՝ գործ ունենք մակերեսային PR–ի հետ, քանզի նախագահականում էլ գիտեն, որ իրենց շեֆը ո՛չ ներքին, ո՛չ արտաքին քաղաքականության մեջ սկզբունքներ չունի։

Նկատենք, որ պետության զարգացման վեկտորների «արևմտամետ» կամ «ռուսամետ» լինելն ավելի շատ աշխարհաքաղաքական կողմնորոշման և տվյալ պետության անվտանգության համակարգին առնչվող հարց է։ Ասել, որ եթե պետության ղեկավարությունն արևմտամետ է, ապա քո պետությունը ժողովրդավարության է ձգտում, սխալ է։ Սխալ է նաև պնդելը, թե եթե ուզում ես ժողովրդավարական երկիր կառուցել, ապա պետք է ռուսների հետ խզես կապերդ կամ հակառուսական հիստերիա բարձրացնես պետության ներսում։

Եգիպտոսն ու Լիբիան ղեկավարող լիդերներ Մուբարաքն ու Քադաֆին փայլուն հարաբերություններ ունեին արևմտյան լիդերների հետ, բայց դա նրանց չէր խանգարում բացարձակ ավտորիտար համակարգեր ստեղծել Եգիպտոսում ու Լիբիայում։ Իսկ ահա արևմտյան քաղաքակրթության էտալոններից համարվող Ֆինլանդիան դեռևս ՍՍՀՄ գոյության տարիներին հատուկ հարաբերություններ ուներ այդ պետության, հիմա էլ՝  ՍՍՀՄ իրավահաջորդ Ռուսաստանի հետ, բայց ասել, թե Ֆինլանդիան տուժում է դրանից և միայն իր արևելյան հարևանի հետ կապերը խզելով ու հակառուսական տրամադրություններ Ֆինլանդիայում քարոզելով՝ կդառնա նորմալ պետություն, մեղմ ասած՝ անգրագիտություն է։

Անգրագիտության դրսևորում է նաև Հիլարի Քլինթոնի գովքն ուղղված Սերժ Սարգսյանին որպես ՀՀ նախագահի «արևմտամետության» ապացույց ներկայացնելը։ Արևմտյան լիդերները մի ժամանակ սիրում էին գովել և ուսին թփթփացնել ՍՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Գորբաչովին, մեջն ի՞նչ։ Բեն Լադենին էլ Արևմուտքը տասնամյակներ առաջ օժանդակում էր, հետո՞։ 

Ասելս այն է, որ կոնկրետ Հայաստանի ժողովրդավարացման հաստատումն առավելապես մեր ներքին խնդիրն է, և այստեղ կապ չունի ՀՀ ղեկավարների «արևմտամետությունը» կամ «ռուսամետությունը», մավանադ որ ում ընդունված է համարել «արևմտամետ», հեչ էլ այնպիսին չէ, ինչպիսի «շտամպ» որ ուզում են խփել որոշակի լրատվամիջոցներ։

«Արևմտամետ» լինելու և ժողովրդավարության ձգտելու չափորոշիչը ԱՄՆ պետքարտուղարի այցերը կամ մեզ մոտ տեղի ունեցած խայտառակ ընտրություններին եվրաչինովնիկների ստանդարտ ձևակերպումներով անդրադառնալը չեն կարող համարվել։ Եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա Աֆղանստանը պետք է համարվի աշխարհի ամենաարևմտամետ և ամենաժողովրդավարական երկիրը, քանզի ամիսը մեկ անտեղ ԱՄՆ պաշտոնյա է այցելում։ Այնպես որ, Հիլարի Քլինթոնի հայաստանյան այցը որպես Սերժ Սարգսյանի արևմտամետության ու այնտեղից «դաբրո» ունենալու ապացույց ներկայացնելը ստրկամտության և անլիարժեքության բարդույթ ունենալու դրսևորում է։  Հետևաբար,  Սերժ Սարգսյանին «առաջադեմ արևմտամետ» համարելու համար մեծ երևակայություն պետք է ունենալ կամ կոնկրետ պատվեր։

Հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքներ՝ ակնհայտ է, որ նախագահն ու իր անբաժան ընկեր Տիգրան Սարգսյանը հետադիմական՝ նեոբոլշևիկյան մտածողության մարդիկ են, ովքեր ուզում են «մեկ օլիգարխի տնտեսության» կառուցումը հանրությանը մատուցել որպես «ռուսամետ» ԲՀԿ–ի դեմ պայքար և ժողովրդավարական երկիր կառուցելու ցանկություն, ինչը դեմագոգիայի գագաթնակետն է։ Ավելի մեծ բլեֆ, քան Սերժին արևմտամետ ու բարեփոխիչ ներկայացնելն է, ՀՀ նորանկախ պատմության մեջ չի եղել։

Առիթ եղել է գրելու, որ Սերժ Սարգսյանը ո՛չ արևմտամետ է, ո՛չ ռուսամետ, ո՛չ թուրքամետ, ո՛չ էլ, առավելևս, հայամետ։ Նա ընդամենը աթոռամետ է, ու եթե այդ աթոռը պահելուն նպաստում է տվյալ պահին եսիմինչամետ լինելը, ապա նա Գյուլին էլ «քարդաշ» կասի, Քլինթոնին էլ «ֆռենդ» կասի, երկրի նախագահ լինելով հանդերձ՝ վարչապետ Պուտինի տանն էլ մի քանի րոպե հայտնվելու համար ժամերով կսպասի։ Այնպես որ, ՀՀԿ «ճկուն» ղեկավարից «արևմտամետ» իմիջ կերտելը նույնն է, թե «քոքված» մարքսիստից քահանա ստանաս։

Ի դեպ, «արևմտամետ» լինելը Սերժ Սարգսյանի մոտ պարբերաշրջանային բնույթ է կրում։ 2008թ. նախագահական նստավայրում հայտնվելուց հետո էլ Սերժ Սարգսյանից փորձեցին «արևմտամետ» կերպար ստանալ այն բանից հետո, երբ նա հայ–թուրքական «ֆուտբոլ» նախաձեռնեց։ Սերժի այդօրինակ «արևմտամետությունն» ավարտվեց ՌԴ–ի հետ 49 տարվա ռազմական պայմանագիր կնքելով։

Թե ինչով կավարտվի նախագահի «արևմտամետության» այս փուլը, կապրենք՝ կտեսնենք։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Երևի շատերը կհիշեն, թե ինչպես էր «արևմտամետ» Սերժ Սարգսյանը նախագահական ընտրություններից հետո անհարմարության աստիճանի հասնող շնորհակալություն հայտնում Ռուսաստանի ղեկավարությանը՝ աջակցության համար։

Պետք է ասել, որ Սերժի հայտնած շնորհակալությանը համարժեք աջակցություն ՌԴ–ն այն ժամանակ չէր ցուցաբերել և չէր էլ կարող ցուցաբերել։ Արտաքին օժանդակության մասին տարածվող խոսակցությունները հերթական միֆերից են, որոնցով ուզում են կերակրել ժողովրդին։

Մեր տիպի երկրները պետք է ձգտեն գործնական  կապեր հաստատել աշխարհի բոլոր հզոր կենտրոնների հետ, ինչպես նաև բարելավել հարաբերությունները հարևանների հետ՝ ազգային անվտանգության ապահովմանը վերաբերող խնդիրները չստորադասելով կեղծ խաղաղասիրությանը և հանուն աթոռի չփորձելով պետության ճակատագրի հետ խաղալ։

Եվրոինտեգրացիան Հայաստանի համար նախընտրելի գործընթաց է, ինչը չի նշանակում Իրանի կամ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզում, կամ Թուրքիային ու Ադրբեջանին միակողմանի զիջումներ։ ժամանակն է ձերբազատվել այդ «կլիշեներից»։

Այս խորագրի վերջին նյութերը