Լրահոս

11.06.2012 17:55


Հիվանդը զրկված է առանց ցավի ապրելու իրավունքից

Հիվանդը զրկված է առանց ցավի ապրելու իրավունքից

2012թ. հունիսի 11-ին պացիենտի իրավունքի պաշտպանության համար Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է դիմել մի քաղաքացի: Քաղաքացու մայրը, ով տառապում է քաղցկեղով, ցավամոքիչ դեղահաբերի, մասնավորապես մեթադոնի, խիստ կարիք ունի, սակայն Վանաձորի թիվ 1 հիվանդանոցը այն չի տրամադրում:

Քաղաքացու մայրը արդեն 2 ամիս ընդգրկված է պալիատիվ բուժօգնության պիլոտային ծրագրում, որն իրականացվում է Վանաձորի թիվ 1 հիվանդանոցում: Ծրագրի շրջանակներում պացիենտը անվճար ստացել է անհրաժեշտ դեղորայքը, սակայն երբ պացիենտի հիվանդությունը սրվել է և բժշկի կողմից նշանակվել է հոգեմետ նյութ պարունակող դեղամիջոց, մասնավորապես՝ դեղահաբերով մեթադոն, վերջինս նրան չի տրամադրվել: Վերոնշյալ մեթադոնը պացիենտին նշանակված է արդեն մեկ շաբաթ, ներկա պահին նա ստանում է Տրամադոլ, որը ըստ քաղաքացու, իր մոր ցավերը չի մեղմացնում, իսկ ներարկային միջոցով դեղորայքի ընդունումը հակացուցված է:

Քաղաքացին մոր իրավունքների պաշտպանության համար դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն, Լոռու մարզպետարան՝ խնդրելով հարցին լուծում տալ: Վերջինիս պատասխանել են, որ խնդիրը կարող է կարգավորել միայն Վանաձորի թիվ 1 հիվանդանոցը: Ըստ պացիենտի հարազատի՝ հիվանդանոցը, սակայն, չի տրամադրում նշված դեղամիջոցը, առանց որևէ պատճառաբանության:

Քաղաքացու խնդրի հիման վրա ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցը զանգահարել է ՀՀ առողջապահության նախարարություն, որտեղից պատասխանել են, որ նշված դեղամիջոցը առկա է նախարարությունում, սակայն Վանաձորի թիվ 1 հիվանդանոցից չեն եկել այն ստանալու:

Կազմակերպության աշխատակիցը փորձել է կապ հաստատել հիվանդանոցի գլխավոր բժշկի և դեղերի գծով փոխտնօրենի հետ, սակայն նրանք չեն պատասխանել հեռախոսազանգերին, իսկ հիվանդանոցի ընդունարանից հայտնել են, որ չեն կարող փոխանցել նրանց:

Հիշեցնենք, որ պիլոտային ծրագիրն իրականցվում է Գլոբալ ֆոնդի ֆինանսական  օժանդակությամբ, իսկ դեղամիջոցները դուրս են գրվում ՀՀ առողջապահության նախարարության կողմից՝ ըստ անհրաժեշտության:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Այս խորագրի վերջին նյութերը