Լրահոս

12.06.2012 14:02


Մոնթեի խորհուրդը

Մոնթեի խորհուրդը

1993 թվականի հունիսի 12-ին հերոսի մահով զոհվեց ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը: Ամեն տարի այս օրը մենք հարգում ենք մեր հերոսի անմահ հիշատակը խոսքերով, Եռաբլուր այցելություններով։ Սակայն հերոսներին հիշելը միայն հարգանքի տուրք չէ նրանց կատարած սխրագործությունների համար։ Այն խորհուրդ է գալիք սերունդներին։ Իսկ ո՞րն է Մոնթեի խորհուրդը։

Մոնթեի մտերիմները վկայում են նրա չափազանց բարության, պարկեշտության, մտավոր հիանալի ունակությունների, ռազմական բացառիկ տաղանդի մասին։ Անշուշտ, նա ունի իր յուրօրինակ խորհուրդը բոլոր նրանց համար, ում ամուսինն էր նա, եղբայրը, զավակը, ընկերը։ Սակայն, այս ամենից զատ, հերոսանալով՝ Մոնթեն դարձավ ազգինը և մարմնավորեց այն խորհուրդը, որը հազարամյակներով փոխանցվել է սերունդներին հայ հերոսների օրինակով՝ վերադասել հայրենիքի շահն ամեն ինչից, զոհաբերել հանուն ազգի...

Մոնթեն իր ամբողջ կյանքի ընթացքում պայքարեց, որպեսզի վերականգնի արդարությունը հայի հանդեպ։ Նա զոհեց իր կյանքը, որպեսզի հայը վերականգնի իր հայրենիքում արժանապատվորեն ապրելու իրավունքը՝ թոթափելով թշնամու պարտադրած անարդարությունն ու նվաստացումը։ Թերևս սա է Մոնթեի խորհուրդը մեր սերնդին. ազատագրել բռնագրավված հայրենիքը և կառուցել արժանավայել երկիր։

Ասում են՝ Մոնթեն մի առիթով նշել է, թե պիտի ուզեր, որ ոչ թե խոսքով հարգեն իրեն, այլ գործով։ Ուստի, քո հերոսին արժանի՛ ժառանգ, սերտի՛ր Մոնթեի խորհուրդը։ Տե՛ր կանգնիր նրա ժառանգությանը՝ Հայաստանի ազատագրված տարածքին և ավարտի՛ր սկսած գործը։

«Հայրենասեր» կազմակերպություն

Այս խորագրի վերջին նյութերը