Մեկնաբանություն

12.06.2012 16:11


Իշխանության քարոզչամեքենան կրկին «ծակվեց»

Իշխանության քարոզչամեքենան կրկին «ծակվեց»

Վարդան Օսկանյանի հայտարարությունից մեկ օր անց ԱԱԾ–ն հաղորդագրություն տարածեց «Սիվիլիթասի» դեմ քրեական գործի մասին։

Ուշագրավն այն է, որ մինչ ԱԱԾ–ն հանդես կգար Օսկանյանի գործի առնչությամբ, նախագահականի համար «դատարկ դհոլություն» անող կայքերից մեկն արդեն նյութ էր հրապարակել այն մասին, թե ինչ բնույթի մեղադրանք կարող է առաջադրված լինել նախկին արտգործնախարարի դեմ։ «Պատահական» զուգադիպությամբ` ԱԱԾ–ի հարուցած գործն այն մոտիվներով էր, որի մասին խոսել էր այդ կայքը։

Տեղի ունեցածը հերթական անգամ բացահայտեց իշխանական քարոզչամեքենայի էությունը։ Տնաշենները փոխանակ սպասելու և ԱԱԾ–ի հաղորդագրությունից հետո Օսկանյանի դեմ բացված «գործից» խոսելու, կրկին շտապել էին ճիշտ այնպես, ինչպես ԲՀԿ–ի ղեկավար Գագիկ Ծառուկյանի ու Սերժ Սարգսյանի հանդիպումից առաջ էին արդեն գրել, թե ՀՀԿ ու ԲՀԿ ղեկավարները հանդիպել են և համաձայնության եկել կոալիցիա կազմելու շուրջ։ Այն ժամանակ համը հանել էր կանացի անհամբերությունը։ Այս անգամ, թերևս, գործ ունենք լրագրողական շտապողականության և «պատվեր–կատարում» մեխանիզմի խափանման հետ։ Բայց դե նրանց էլ կարելի է հասկանալ. նախագահականը հազար ու մի լրատվամիջոց ունի, և չի հասցնում համակարգել ու կոորդինացնել բոլորի աշխատանքը։ Արդյունքում՝ «կիքսերից» խուսափել չի հաջողվում։ Ոչինչ, կպատահի։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Բաղրամյան 26–ից Օսկանյանի դեմ այժմ «քսի» են տվել ոչ միայն «անկախ» լրատվամիջոցներին, այլ նաև հասարակական–քաղաքական դաշտում գեղամյանություն անող ակտիվիստներին՝ Րաֆֆիի հանգույն ժառանգականներին, «սութի» բնապահպաններին ու այլոց։ Ամեն ինչ շատ կանխատեսելի և նողկալի է։

Այս խորագրի վերջին նյութերը