Մեկնաբանություն

15.06.2012 10:00


Կոնսենսուս մինուս Սերժ

Կոնսենսուս մինուս Սերժ

Վարդան Օսկանյանի դեմ հարուցված գործի հետ կապված քաղաքական ու լրատվական դաշտը բաժանվեց երկու մասի։ Իշխանությունն ու իր արբանյակները քաղաքական ենթատեքստ չեն տեսնում այստեղ, իսկ մնացածները՝ տեսնում են։ Հիշեցնենք, որ նախկին արտգործնախարարն այս ամենը համարում է քաղաքական ճնշման փորձ։

ՀՀԿ–ն ու իրեն կցված ՕԵԿ–ը, բնականաբար, քաղաքական բաղադրիչ չտեսնողների խմբում են։ Նրանց ձայնակցում են ժողգործիքի վերածված մամուլի միջոցները, «անկախ» փորձագետներն ու Գեղամյանի ձայնով «հեղափոխական» մի տղա։

Քաղաքական դաշտի հիմնական խաղացողներից հանդիսացող ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, ՀՅԴ–ն, «Ազատ դեմոկրատները» ու «Ժառանգությունը» ներկայացնող պաշտոնական դեմքերը կասկած են հայտնել ԱԱԾ–ի վարկածի վերաբերյալ և չեն բացառել քաղաքական հետապնդման հանգամանքը։ Այդ մասին արտահայտվել են ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ու այդ կուսակցության մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ՀՅԴ համամասնական ցուցակի առաջին համար Վահան Հովհաննիսյանը, «Ազատ դեմոկրատները» ներկայացնող ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը և «Ժառանգության» մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը։ Իսկ այն, որ «Ժառանգության» կամ ՀԱԿ–ի մեկ–երկու անդամ արտահայտվեց իշխանությունների հակաօսկանյանական գծի օգտին, քաղաքական դաշտի ընդհանուր պատկերը չփոխեց և ընդամենը ցույց տվեց, որ նշյալ ուժերի վերնախավերին չկարողանալով ներքաշել այս գործընթացի մեջ՝ Բաղրամյան 26–ը ստիպված տակից է առանձին անհատների հաճախորդացնում, որպեսզի լղոզի դաշտը։ 

Փաստորեն, ստացվում է, որ Օսկանյանի դեմ «թխած» գործի պահով քաղաքական դաշտում կա  «կոնսենսուս մինուս Սերժ» վիճակ։ Այսինքն՝ միայն Սերժ Սարգսյանն ու իր ենթականերն են հավատում ԱԱԾ–ի վարկածին, կասկածում «Սիվիլիթասի» ղեկավարին «փողեր լվալու» մեջ և առաջնորդվում «Օսկանյանին հասնում է, քանի որ իր նախարար եղած տարիներին...» սերժահաճո տրամաբանությամբ։ Իսկ սա իր հերթին նշանակում է, որ անկախ այն հանգամանքից, թե «կոնսենսուս մինուս Սերժի» անդամ կուսակցություններից յուրաքանչյուրն ինչ ճանապարհով կգնա ու ինչպես կմասնակցի գալիք նախագահական ընտրություններին, Սերժ Սարգսյանը մնալու է բացառապես ՕԵԿ–ի հույսին։ Որևէ այլ ուժ չի պաշտպանելու ՀՀԿ ղեկավարին։ Դա է պատճառը, որ իշխանությունը հիմա փորձում է ներսից պառակտել ինքնուրույնություն ունեցող ուժերին ու «դհոլներ» բուծել։ Բայց դրանք հուսահատ քայլեր են։ Սերժին այլևս ոչինչ չի փրկի։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը