Մեկնաբանություն

15.06.2012 20:09


Սերժ Սարգսյանի «ծրարներ» թողնելու ժամանակը

Սերժ Սարգսյանի «ծրարներ» թողնելու ժամանակը

Սերժ Սարգսյանի նախագահության հնգամյա շրջանն արդեն մոտենում է ավարտին։ Նրա կառավարման ոճն ու էությունը մի հին կիսաճշմարտանման և կիսահնարովի պատմություն է հիշեցնում։

Ասում են, թե եղել է մի պետություն, որի ղեկավարներից մեկը հեռանալիս իր հաջորդին համարակալած երեք ծրար է նվիրել՝ հորդորելով բացել և կիրառել այնտեղ գրված խորհուրդները կառավարման սկզբում, մեջտեղում և վերջում։ Նոր ղեկավարը հենց այդպես էլ վարվել է։ Սկզբում նա բացել է առաջին համարի տակ եղած ծրարը որտեղ գրված էր՝ ժողովրդին ահագին խոստումներ տուր և քննադատիր նախորդ իշխանությանը։ Խորհուրդն այդ դուր է եկել նորին, և նա սկսել է մեծ–մեծ խոստումներ տալ ու փնովել նախորդ ռեժիմին։

Անցել է մի որոշ ժամանակ, և խոստումները, բնականաբար, իրականություն չեն դարձել, ինչը ժողովրդի մոտ դժգոհություն է առաջացրել։ Պետության գլուխն անմիջապես հիշել է երկրորդ ծրարի մասին։ Կարդալով այնտեղ գրված խորհուրդը՝ նա շարունակել է է՛լ ավելի նյուվասյուկիստական խոստումներ տալ ու սեփական ձախողումների մեջ մեղադրել նախորդ իշխանությանը։ Դա հնարավորություն է տվել ժամանակ շահել ու շեղել մարդկանց ուշադրությունն իրական խնդիրներից՝ կառավարման վատ որակից։

Կրկին անցել է մի որոշ ժամանակ։ Ժողովրդը շարունակել է դժգոհել իշխանավորներից և պահանջել նրանց հրաժարականը։ Դրանից հետո պետության ղեկավարն ուժգնացրել է նախորդների քննադատությունն ու ավելի մեծ խոստումներ տվել ապագայի վերաբերյալ՝ առաջարկելով հավատալ, որ փոխել, բայց մարդիկ արդեն չեն լսել նրան։

Հասկանալով, որ աթոռը նախկին մեթոդներով պահել այլևս հնարավոր չէ, նա դիմել է  երրորդ ծրարի օգնությանը, որտեղ գրված է եղել հետևյալը. «Հաջորդ իշխանության  համար երեք ծրար պատրաստիր և հեռացի՛ր»։

Այս պատմությունը հիշեցի այն պարզ պատճառով, որ 2008թ. սկսած Սերժ Սարգսյանը Հայաստանը կառավարում է վերը նկարագրված ձևով։ Սկզբում, ինչպես հայտնի է, նա և վարչապետ Տիգրան Սարգսյանը տիեզերական մասշտաբի ծրագրեր ներկայացրեցին և խոստացան սարեր շարժել։ Զուգահեռաբար՝ Բաղրամյան 26–ը ստեղծեց կամ գնեց արդեն ստեղծված լրատվամիջոցներ, որոնց հիմնական գործը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին քննադատելն ու երկրի բոլոր խնդիրները նրա վրա բարդելն էր լինելու։

Նկատենք, որ սկզբնական շրջանում դա որոշակի ազդեցություն թողեց հասարակության վրա։ Մարդիկ սպասում էին, որ ահա ՀՆԱ–ն աճելու է, աղքատությունը կրճատվելու է, Դիլիջանը դառնալու է միջազգային ֆինանսական կենտրոն, միջազգային տնտեսական ճգնաժամը վախից շրջանցելու է Հայաստանը և այլն։ Խոստումների պահով մի փոքր չափն անցավ էկոնոմիակայի նախարարությունը, որն իր կայքում Գյումրին ներկայացրել էր որպես ծովափնյա քաղաք, բայց դե խոստումների այդ տարափի մեջ դա «մանր» բացթողում էր և ժանրի կանոնների պահպանում։

Սարգսյանի նախագահ դառնալուց մեկ տարի անց, սակայն, շատերը հասկացան, որ գործ ունենք ապաշնորհ կառավարիչների և պրոֆեսիոնալ դեմագոգների հետ, քանի որ ՀՀ–ն աշխարհի մակարդակով տնտեսական անկման ամենամեծ ցուցանիշներից մեկն արձանագրեց, իսկ «միջազգային» բնույթի ծրագրերն այդպես էլ մնացին թղթի վրա։

Ի դեպ, որքան շատ են Հայաստանի քաղաքացիները ֆիքսում կառավարության տված խոստումների անիրականանալի լինելն ու բողոքում կյանքի որակի անկումից, այնքան շատ է Ս. Սարգսյան – Տ. Սարգսյան զույգն «անկախ» լրատվամիջոցների, դատարկ դհոլների ու վարձու «փորձագետների» միջոցով քննադատում Ռոբերտ Քոչարյանին ու հասարակությանը վախեցնում վերջինիս վերադարձի «բոբոյով»։ «Ընդդիմադիր» գործիչներն, ըստ այդմ, հարմար թիրախ են գտել՝ քննադատում են նախորդ իշխանությանն ու վաստակում իրենց օրվա հացը։ Բայց հիմա շատերն արդեն միամիտ չեն ու հասկանում են, որ իշխանությանն ընդիմանալը չի նշանակում ընդդիմանալ նախորդ նախագահին և որ առկա վիճակի թիվ մեկ պատասխանատուն «միջազգայնագետներն» են։ Ի վերջո, նախորդ նախագահը չէ «ֆուտբոլային» դիվանագիտություն սկսել կամ հարկային տեռոր իրականացրել։ Այ սա՛ է, որ սարսափեցնում է սերժսարգսյանական իշխանությանը և նրանք մարտի են նետել վերջին ռեսուրսները։

Մառազմը հասել է այնտեղ, որ անգամ Վարդան Օսկանյանի դեմ իրականացվող գործընթացը իշխանության քարոզչամեքենայի կողմից ներկայացվում է «Նա Ռոբերտ Քոչարյանի «մարդն» է» տրամաբանության մեջ։ Իրենց կարծիքով՝ դա կարդարացնի ապօրինությունը և մարդիկ ճիշտ կգնահատեն ընթացիկ մոմենտը, սակայն Բաղրամյան 26–ում չեն հասկանում, որ «կուտ» ուտողներ այլևս չեն մնացել՝ բացի, իհարկե, հաստիքային ու արտահաստիքային ուտողներից։ Ինչևէ։

Այժմ, երբ Սերժ Սարգսյանի հնգամյա կառավարման շրջանն ավարտվում է, փոխարենը նա երեք նամակ գրի, Տիգրան Սարգսյանին վերանշանակել է վարչապետ ու հանձնարարել կառավարության ծրագիր գրել։ Ծրագիր, որին այլևս որևէ բանական մարդ չի կարող հավատալ, քանզի տեսել է նախորդ շրջանը։ Ու մի քիչ դժվար է լինելու մարդկանց համոզել, որ 2008-2012թթ. կառավարության ծրագիրը չիրականացավ և Հայաստանը հետընթաց ապրեց, որովհետև այն (դե, կառավարության ծրագիրը, էլի) դավադրաբար գրել էր Ռոբերտ Քոչարյանը։ Առավելևս դժվար կլինի ապացուցել, որ Ջերմուկը միջազգային առողջարանային կենտրոն չդարձավ, քանզի Լևոն Տեր–Պետրոսյանը նախորդի նախորդն է եղել։ Դե իսկ Սուրեն Հարությունյանի և Վլադիմիր Մովսիսյանի մասին խոսելն ընդհանրապես ծիծաղելի վիճակի մեջ կդնի իշխանությանը։ Այլ հարց է, եթե նրանք տնտեսական անկման մեջ մեղադրեն Տիգրան Մեծին, ով անհանդուրժողականություն դրսևորեց և գլխատեց Սելևկյան Սելենե թագուհուն՝ պատճառ դառնալով դրամի ներկայիս թուլացմանը, արտագաղթի աճին ու ՀՀ արտաքին պարտքի մեծացմանը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը