Մեկնաբանություն

16.06.2012 17:44


«Նոր» կառավարություն, հին դեմքեր և փոխված ծրագիր

«Նոր» կառավարություն, հին դեմքեր և փոխված ծրագիր

Երեկ երեկոյան վերջապես հայ ժողովուրդը տեղեկացավ, թե առաջիկա ամիսներին հեռուստացույց դիտելիս ում անվան դիմաց է տիտրերում տեսնելու «նախարար» բառը։ Նոր կառավարությունն այնքան հին է, որ միայն մեծ երևակայություն է պետք ունենալ, որպեսզի հավատաս, թե բան է փոխվել։

Անկեղծ ասած՝ ուրիշ բան չէր էլ սպասվում։ Եթե Սերժ Սարգսյանը շարունակում է նախագահ աշխատել, իսկ Տիգրան Սարգսյանը՝ վարչապետ, ապա նախարարական կազմում ինչպիսի փոփոխություններ էլ լինեն՝ դրանք կոսմետիկ բնույթ են կրելու։

Ինչ վերաբերում է «նոր» կառավարության ներկայացվելիք ծրագրին, ապա այն վատ թամադայի արտաբերած բաժակաճառ է հիշեցնում։

Դատե՛ք ինքներդ։ Ինչով կենաց չեն հիշեցնում ծրագրում տեղ գտած այնպիսի ձևակերպումներ, ինչպիսիք են՝ «արժանապատիվ ծերության ապահովում հասարակության յուրաքանչյուր անդամի համար», «հասարակության միջին խավի ընդլայնում՝ որպես մարդկային կապիտալի զարգացման հուսալի հենք» և այլն։ Իսկ կառավարության ցանկությունը «մարդու և բնության ներդաշնակ զարգացման» մասին ընդհանրապես պոեզիայի ոլորտից է։

Տիգրան Սարգսյանը նաև կոնկրետ խոստումներ է տվել։ Նա, մասնավորապես, գրել է, թե 2012-2017թթ. ՀՀ ՀՆԱ–ն զարգացած երկրների համեմատ առաջանցիկ տեմպ է ունենալու՝ տարեկան 5-7 տոկոս աճի ապահովման միջոցով, ինչպես նաև աղքատությունը կրճատվելու է 8-10 տոկոսային կետով։

Նկատենք, որ տարեկան առնվազն 5-7 տոկոս ինֆլյացիա ունեցող երկրում ամենևին էլ խելք պետք չէ ՀՆԱ 5-7 տոկոս աճ ապահովելու համար։ Բացի այդ՝ քանի՞ կոպեկ արժեն մեկի տված խոստումները, ում նախորդ շրջանի խոստումները կատարվել են հակառակ իմաստով։

Եթե հիշում եք, 2008–ի մարտի 1–ի արդյունքում ձևավորված կառավարության ծրագրում Տիգրան Սարգսյանը խոստացել էր ՀՆԱ տարեկան իրական աճ 8-10 տոկոսի սահմաններում։ Նորանշանակ վարչապետն այն ժամանակ խոստացել էր նաև աղքատության էական հաղթահարում՝ արդյունքում ապահովելով 11,2 տոկոսից ցածր ընդհանուր աղքատության և 1,6 տոկոսից ցածր ծայրահեղ աղքատության մակարդակ։ Իրականում ունեցանք ճիշտ հակառակ պատկերը՝ իրական ՀՆԱ–ն նվազեց, իսկ աղքատների քանակն աճեց՝ իր մեջ ներառելով երկրի բնակչության 35,8 տոկոսին։ Տարատեսակ «միջազգային» կենտրոնների ստեղծման մասին հեքիաթներն էլ ձեզ «փեշքեշ»։

Հանուն արդարության պետք է նկատել, որ այս անգամ կառավարության ծրագրում զգալիորեն նվազել են նյուվասյուկիստական խոստումները։ Ճիշտ է, դրանցից էլի կան, բայց Սերժ Սարգսյան–Տիգրան Սարգսյան զույգը շատ ավելի համեստ է գտնվել. այլևս չկա նախկին էնտուզիազմը։

Ամենաուշագրավ բանը, որն առկա է «նոր» կառավարության նոր ծրագրում՝ «Կառավարության ծրագրի իրագործման արտաքին ռիսկերը» բաժինն է, որը ներկայացված է «կենացների ժողովածուի» վերջում։ Ասեմ ձեզ, որ դա իսկական «ատմազկա» է հիշեցնում ու հետագայում «կռուտիտ» լինելու լայն հնարավորությունների տեր է դարձնում դրա գրողներին, քանի որ բազում խոստումներ տալուց ու լավ–լավ բաներ ասելուց հետո կառավարությունը հանրությանը տեղեկացնում է, որ եթե ոչինչ չստացվի, ապա մեղավորը ... արտաքին միջավայրն ու դրսից քիչ փող ուղարկող «նագլի» խոպանչիներն են լինելու։

Փաստորեն եթե նախկինում վարչապետը պնդում էր, թե միջազգային տնտեսական ճգնաժամը կշրջանցի Հայաստանը, սակայն հետագայում ստիպված եղավ նույն այդ ճգնաժամին հղում անելով արդարացնել սեփական ձախողումները և հայտնվել ծիծաղելի վճակում, ապա այժմ «էս գլխից» է միջազգային ճգնաժամը փրկօղակ ներկայացվում։ Ասել է թե՝ նախորդ փուլի համեմատ Տիգրան Սարգսյանն ահագին հավատացած ու փոխված է ներկայանում հանրությանը։ Սերժ Սարգսյան էլ։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Հայաստանին հիմա միայն մեկ ծրագիր է անհրաժեշտ, որի վերնագիրը մոտավորապես հետևյալն է «Իշխանափոխության միջոցով Հայաստանում տնտեսաքաղաքական բարեփոխումներ իրականացնելու ճանապարհային քարտեզը»։ Մնացածը «լոլոներ» են։

Գալիք նախագահական ընտրությունները շանս են այդ ծրագիրը կյանքի կոչելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը