Մեկնաբանություն

19.06.2012 18:31


Նունե Եսայանի և Նիկոլ Փաշինյանի արդարադատության սկզբունքները

Նունե Եսայանի և Նիկոլ Փաշինյանի արդարադատության սկզբունքները

Ինչպես հայտնի է, 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ երգչուհի Նունե Եսայանն ու լրագրող Նիկոլ Փաշինյանը համակրում ու սատարում էին տարբեր թեկնածուների։ Երգչուհին ուզում էր նախագահի պաշտոնում տեսնել Սերժ Սարգսյանին, իսկ «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիրը՝ Լևոն Տեր–Պետրոսյանին։

Նունե Եսայանի արդարադատության սկզբունքները

Հետընտրական գործընթացների ժամանակ Եսայանն ու Փաշինյանը բարիկադի հակառակ կողմերում էին։ Նունե Եսայանը, ըստ էության, արդարացնում էր մարտի 1–ին իշխանության կիրառած բռնությունը և մեղադրում զոհերին։

«Իրենց ով էր ասում՝ մարտի 1–ին գնալ Մյասնիկյանի արձանի մոտ»,–անդրադառնալով զոհերի ու հետապնդվողների թեմային՝ ճշտի ու սխալի մասին իր ուրույն պատկերացումներն էր  ներկայացնում, իշխանության մարտիմեկյան քայլերն էր արդարացնում ու տուժողներին մեղադրում Նունե Եսայանը։ Այդպիսով՝ իշխանական բռնաճնշումները Սերժ Սարգսյանի երկրպագուն դիտարկում էր ոչ ստանդարտ արդարադատության սկզբունքով՝ տեղի ունեցածը գնահատելով ոչ թե իրավունքի և օրենքի տեսանկյունից, այլ իր անձնական համակրանքից ու հակակրանքից ելնելով։ Այսինքն՝ Նունե Եսայանի պատկերացմամբ՝ քննարկել՝ մեղավո՞ր էին, թե՞ ոչ իշխանությունները 2008թ. մարտի 1–ին, նշանակում է  Մյասնիկյանի արձանի մոտ հավաքվածներին քննարկել Սահմանադրության և օրինականության դաշտում, ինչը երգչուհին հրաժարվում էր անել։ Սա՛ էր Նունեի մեղադրական ճառի բուն բովանդակությունը։

Նիկոլ Փաշինյանի արդարադատության սկզբունքները

Մարտի 1–ի դեպքերից հետո անազատության մեջ հայտնված, իսկ հետագայում Սերժ Սարգսյանի հետ «երկխոսության» արդյունքում ազատ արձակված Նիկոլ Փաշինյանն օրերս իր տեսակետը ներկայացրեց Վարդան Օսկանյանի դեմ ԱԱԾ–ի հարուցած գործի վերաբերյալ։

«Եթե Վարդան Օսկանյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու կամ նրան կալանավորելու հարցը հայտնվի Ազգային ժողովի օրակարգում, ես կողմ եմ քվեարկելու... Այդպես վարվելու եմ, նույնիսկ եթե համոզված լինեմ, որ ԱԱԾ-ի կողմից Օսկանյանին առաջադրված մեղադրանքը ծայրից ծայր սարքովի է։ Որովհետեւ քննարկել հարցը՝ սարքովի է մեղադրանքը, թե ոչ՝ նշանակում է Օսկանյանին քննարկել Սահմանադրության եւ օրինականության դաշտում»,– հայտարարել է Փաշինյանը։

Փաստորեն ստացվում է, որ ինչպես Նունե Եսայանը, Փաշինյանը ևս արդարադատության մասին ունի ոչ ստանդարտ պատկերացումներ ու մոտեցումներ։

Փաշինյանն էլ, ինչպես Նունեն, անձնական համակրանք–հակակրանքով է առաջնորդվում մարդու իրավունքների պաշտպանության հարցում։ Եվ ուրեմն, եկեք արձանագրենք, որ Նունե Եսայանը և Նիկոլ Փաշինյանը տարբեր (տարբե՞ր) ճամբարներում գտնվելով հանդերձ՝ գաղափարական առումով համախոհներ են, առաջնորդվում են կոնյունկտուրային նպատակահարմարության սկզբունքով և միանման մտածողություն ունեն։ Հետաքրքիր է, բա այդ դեպքում ինչու՞ էին Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցներն անարգանքի սյունին գամում հայտնի երգչուհուն։ Չէ՞ որ Նունեն այն օրերին իրեն պահել է այնպես, ինչպես Նիկոլն՝ այսօր։

Խոսում եք դուք, շահում է Սերժը

Ճակատագրի ինչպիսի՜ հեգնանք. Նունեն 2008թ. Նիկոլին ասում էր՝ չգնայիր Մյասնիկյանի արձանի մոտ, չկալանավորվեիր, իսկ Նիկոլն էլ հիմա Օսկանյանի պահով, փաստացի, ասում է, թե Սերժի դեմ չհելնեիր, գործ չէր հարուցվի։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը, ինչպես Նունե Եսայանը, քաղաքական սուբյեկտիվիզմից ելնելով, ոչ ստանդարտ ձևով արդարադատություն է պահանջում մարդու չգործած մեղքերի համար և արդարացնում իշխանության ապօրինի քայլերը։

Ըստ Նունեի՝ մարտի 1–ին զոհվածների կամ հետապնդվողների  մեղքն այն էր, որ նրանք, լինելով իր կողմից չսիրված նախագահի թեկնածու Լևոն Տեր–Պետրոսյանի կողմնակիցներ, չհամակերպվելով ընտրակեղծիքների հետ և դիմադրելով բռնությանը՝ հավաքվել էին Մյասնիկյանի արձանի մոտ և հետևաբար՝ իրենց հասնում է։ Իսկ ըստ Նիկոլի՝ Վարդան Օսկանյանի մեղքն այն է, որ նա իր հակառակորդ թիմից է ու պետք է նստի նույնիսկ չգործած մեղքի համար. իրեն հասնում է։

Հարկ է նկատել, որ «պատահական» զուգադիպությամբ՝ և՛ Նունեի այն ժամանակվա պահվածքը, և՛ Նիկոլի այժմյան դիրքորոշումը բխում են բացառապես Սերժ Սարգսյանի շահերից։

Տեղին է նշելը, որ և՛ Նունեի, և՛ Նիկոլի ասածները որևէ կապ չունեն ժողովրդավարության, իրավական պետության, զարգացած շուկայական տնտեսության կառուցման գաղափարի հետ։ Երկուսն էլ «հասնում է դրանց» սկզբունքով են ղեկավարվում և երկուսն էլ գոհ ու երջանիկ են իրենց զգում այն դեպքում, երբ արդարադատության ոչ ստանդարտ մոտեցումները կիրառվում են հակառակ թիմի նկատմամբ։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Մի ուշագրավ հանգամանք. Նունե Եսայանը շարունակում է մնալ Սերժ Սարգսյանին համակրողների թիմում, իսկ ահա Նիկոլ Փաշինյանը, դատելով նրա հրապարակային գործունեությունից, այլևս Լևոն Տեր–Պետրոսյանին համակրողների թիմում չէ։ Ասել է թե՝ Նունեն ավելի կայուն է իր սկզբունքներում և հավատարիմ 2008–ին հայտնած իր դիրքորոշմանը, իսկ Նիկոլը՝ ոչ։ 

Այս խորագրի վերջին նյութերը