Լրահոս

29.05.2009 20:41


ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին և այն սահմանված կարգով կներկայացնի ԱԺ։ Իրավական այս ակտով առաջարկվում է 2010թ. պետբյուջեի նախագծի ձևավորման գործընթացից սկսած սահմանել, որ ՀՀ կառավարության կողմից ՀՀ ԱԺ ներկայացվող առաջիկա տարվա պետբյուջեի մասին օրենքի նախագծում պետբյուջեի դեֆիցիտը (պակասուրդը) չի կարող գերազանցել ՀՀ կառավարության բյուջետային ուղերձում նշված առաջիկա տարվա ՀՆԱ-ի 7.5 տոկոսը (ներկայումս օրենքով սահմանված 5 տոկոսի փոխարեն), ինչը միտված է ներկայիս ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունը մեղմելուն։
«Հարցը համարում ենք անհետաձգելի, քանի որ խնդիր ունենք ծախսելու այն ֆինանսական միջոցները, որ ներգրավելու ենք։ Այս տարի մեր բյուջեի դեֆիցիտի ցուցանիշը որակապես տարբերվելու է նախորդ տարիների բյուջեների դիֆիցիտի ցուցանիշից այն պատճառով, որ շուրջ 300 մլրդ դրամի միջոցներ ենք ներգրավելու այս տարվա ընթացքում։ Դա և ռուսական վարկն է, և Համաշխարհային բանկի աննախադեպ վարկային փաթեթները, Ասիական բանկի և արժութային հիմնադրամի միջոցները։ Դրա համար անհրաժեշտություն կա շտապ այս փոփոխությունը կատարել, որպեսզի կարողանանք 2009թ. բյուջեն կատարել ավելի մեծ ծավալներով։ Բնականաբար, բյուջետային ծախսերի կատարումն ինքնըստինքյան մեծ հակաճգնաժամային բովանդակություն ունի, քանի որ բյուջեի ծախսերը խթանում են համախառն ներքին արդյունքի աճը։ Դրա համար մենք մտադիր ենք այս օրենքի նախագիծը շտապ ներկայացնել ԱԺ»,- կառավարության նիստի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Այս խորագրի վերջին նյութերը