ԱԺ–ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս Տիգրան Սարգսյանը պատասխանել է նաև պատգամավորների հարցերին։ Անդրադառնալով 2009թ. Հայաստանում արձանագրված տնտեսական երկնիշ անկմանը (-14,4%) նա նշել է, թե այն պայմանավորված էր մինչև ճգնաժամը մեզանում գրանցված շինարարության մեծ ծավալներով, և որ այդ անկումն ավելի մեծ կլիներ, եթե իրենք միջոցառումներ չձեռնարկեին։ Այլ կերպ ասած՝ վարչապետը դժգոհել է վատ ժառանգությունից և խորհուրդ է տվել գոհ լինել, որ ավելի վատ չեղավ։
Տ. Սարգսյանի ասածներն իսկական «կռուտիտ» են հիշեցնում։ Նախ, աշխարհի մակարդակով ավելի վատ արդյունք 2009թ. արձանագրվել է միայն Ուկրաինայում։ Շատ հեշտ է ասել, թե ավելի վատ կլիներ, եթե մենք չլինեինք։ Դա իսկական դեմագոգիա է՝ «կռուտիտ»։ Չափման միավոր չկա. մարդն ասում է ավելի վատ կլիներ, եթե ես չլինեի վարչապետ։ Այդ տրամաբանությամբ, օրինակ, հիվանդին չբուժած բժիշկը կարող է հայտարարել՝ եթե մենք չմիջամտեինք, ապա վիճակն ավելի վատ կլիներ։ «Ավելի վատը» շատ հարաբերական հասկացություն է և որոշակի պատասխանատվությունից խուսափելու հարմար ձևակերպում։
Եթե Տիգրան Սարգսյանն այդքան բացասական է գնահատում Ռոբերտ Քոչարյանի և Անդրանիկ Մարգարյանի կառավարման տարիները և նեղսրտում շինարարության ծավալներից, ապա թող Կենտրոնական բանկի նախագահ եղած տարիներին ծպտուն հաներ այդ թեմայով։ Բոլորին է հայտնի, որ նա դժգոհ չի եղել այն ժամանակ վարվող քաղաքականությունից, իսկ 2008թ. մարտի 1–ից հետո ստանձնելով վարչապետի դերը և ծրագիր ներկայացնելով ԱԺ–ին՝ դրական է գնահատել ստացած ժառանգությունն ու համոզմունք հայտնել, որ միջազգային տնտեսական ճգնաժամը կշրջանցի Հայաստանը։
«Նախորդ տարիներին արձանագրված տնտեսական աճի բարձր տեմպերը երկրի հետագա զարգացման և բնակչության կենսամակարդակի զգալի բարձրացման լավ հիմքեր են ստեղծել»,–կարդում ենք կառավարության 2008-2012 թթ. ծրագրում։
Ստացվում է, որ վարչապետը կա՛մ այն ժամանակ է բլեֆ արել լավ ժառանգության մասով, կա՛մ հիմա է բլեֆ անում նախորդ շրջանի վրա սեփական ձախողումները դուրս գրելու փորձ անելիս։
Եթե վարչապետն «էն գլխից» գիտեր, որ շինարարության մեծ ծավալներ ունեցող երկիրը ճգնաժամից տուժելու է, ապա ինչո՞ւ ծրագրում չէր գրել այդ մասին և ինչո՞ւ էր շարունակ պնդում, թե ճգնաժամը մեզ կշրջանցի։
Դատելով Տ. Սարգսյանի խոսքերից՝ կարող ենք ասել, որ նա կա՛մ դիլետանտ է, քանզի չի կարողացել ժամանակին ճիշտ գնահատել իրավիճակը և այնպիսի քաղաքականություն է վարել, որ ՀՀ տնտեսությունը հայտնվել է անմխիթար վիճակում, կա՛մ ստախոս, քանզի իմացել է, որ շինարարության ծավալների չափերը պատճառ են դառնալու տնտեսական անկման, բայց հանրությանն այդ մասին չի ասել։ Այլ կարծիք ունենալ Տիգրան Սարգսյանի մասին պարզապես հնարավոր չէ, ինչը նշանակում է, որ նման մարդուն կրկին վարչապետ նշանակելը Սերժ Սարգսյանի կողմից հանրությանը մարտահրավեր նետելուն հավասարազոր բան է։
Ինչ վերաբերում է 2009թ. արձանագրված և շարունակվող տնտեսական դեպրեսիային, ապա իրավիճակի օբյեկտիվ գնահատականը ցույց է տալիս, որ դրա հիմնական պատճառը վատ կառավարումն է։ Սերժ Սարգսյան–Տիգրան Սարգսյան զույգի իրականացրած հարկային տեռորը և սեփականության վերաբաշխմանն ուղղված քաղաքականության հռչակումը վատ ազդակ էր բիզնեսին։ Դրա հետևանքով փոքրից մինչև խոշոր տնտեսվարողները իռացիոնալ սպասումներ ունեցան, ինչն էլ հանգեցրեց ներդրումների կրճատմանը և որպես հետևանք՝ գործազրկության ու աղքատության աճին։ Դրանք էլ իրենց հերթին նպաստեցին արտագաղթի վտանգավոր չափերին։ Ու շինարարությունն այստեղ կապ չունի։ Կապ չունի նաև միջազգային տնտեսական ճգնաժամը։ ԱՄՄ բորսայական սակարկությունների արդյունքներն ինչպե՞ս պետք է ազդեին Հայաստանում իրականացվող «մեծ բյուջեի» քաղաքականության վրա։ Ճիշտ է, ոչ մի կերպ։
Այո՛, տնտեսությունը պետք է լինի դիվերսիֆիկացված, բայց դիվերսիֆիկացնել՝ չի նշանակում ոչնչացնել տնտեսության քիչ թե շատ շնչող ճյուղը։ Դիվերսիֆիկացիա կարելի է ապահովել նաև տնտեսության այլ ճյուղերը զարգացնելով, որի շնորհիվ ՀՆԱ–ի կառուցվածքում նույն շինարարության տեսակարար կշիռը կնվազեր։
Մի բան էլ. 2009թ. մենք իրականում ունեցել ենք ոչ թե 14,4%, այլ շատ ավելի մեծ անկում։ Որպեսզի ՀՀ տնտեսական անկումը գնահատենք միջազգային մակարդակով և համադրենք մեր ունեցած ցուցանիշներն այլ երկրների հետ, պետք է ՀՆԱ–ն հաշվել դոլարով, իսկ ինչպես հայտնի է, 2009թ. մարտի 3–ին դրամ–դոլար փոխարժեքը տատանվեց շուրջ 25 տոկոսով։ Այսինքն՝ մեր երկրի այդ տարվա ՀՆԱ–ն դոլարային արտահայտությամբ 2008թ. համեմատ պակասել է ավելի քան 35 տոկոսով։ Իսկ դա վատ իմաստով ռեկորդային է աշխարհի մակարդակով։ Թե ինչպես է դրանից հետո Տիգրան Սարգսյանը կրկին հայտնվում գործադիրի ղեկավարի պաշտոնում, մեր հասարակությանը տրվելիք հարց է, որի պատասխանը վերջնականորեն պետք է ստանալ գալիք նախագահական ընտրությունների ժամանակ։
Սերժ Սարգսյանն իր բոլոր քայլերով ցույց է տալիս, որ ինքը շարունակելու է այն սխալ գիծը, որը հանգեցրեց տնտեսության կրճատմանը, գների բարձրացմանը, աղքատության ավելացնմանն ու արտագաղթի աճին։ Տիգրան Սարգսյանը տնտեսության գերկենտրոնացման և «մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման գործիք է, և դա է պատճառը, որ շարունակում է մնալ իր տեղում։ Ասել է թե՝ վարչապետի գործունեության արդյունավետությունը նախագահը գնահատում է լրիվ այլ չափանիշներով։ Հանրային ու պետական շահը Բաղրամյան 26–ում առաջնային չեն համարում։ Այնտեղ առաջնայինն ու կարևորը վերարտադրվելու և հավերժ իշխելու գաղափարն է։
ՀՀ պետական շահի և հասարակության բարեկեցության ապահովման տեսանկյունից գնահատելով իշխանության գործունեությունը՝ միանշանակ գալիս ես այն եզրակացության, որ առանց իշխանափոխության մեզ մոտ առաջընթաց սպասելը միամտություն կամ հաճախորդություն է։ Եվ ուրեմն, նախագահական ընտրությունների ժամանակ պետք է հավատալ ժողովրդական ընդվզում առաջացնելու հնարավորությանն ու փոխել վաղուց արդեն քաղաքական ինֆլյացիայի ենթարկված կառավարիչներին։
Վարչապետի «կռուտիտը»

Կարեն Հակոբջանյան