Մեկնաբանություն

22.06.2012 18:05


ԲՀԿ–ն պահել է, պահում է և կպահի բոլոր «պայմանավորվածությունները»

ԲՀԿ–ն պահել է, պահում է և կպահի բոլոր «պայմանավորվածությունները»

Իշխանությունները և իրենց կցված ԶԼՄ–ները, չնայած պարբերաբար անհարմար վիճակում են հայտնվում ԲՀԿ–ի դեմ պայքարում, այդուհանդերձ շարունակում են համառորեն նույն «պլաստինկան» տարբեր ձևերով պտտեցնել։ Տվյալ դեպքում գործ ունենք «հալվա ասենք, որ բերաններիս համը փոխվի» ինքնահանգստացնող բանաձևի հետ։

Հակաբարգավաճական քարոզը, որն իրականացվում է Բաղրամյան 26–ի տակ բացահայտորեն ու «տակից» գործող լրատվամիջոցների կողմից, բավական միօրինակ է։ Սրանց հրահանգված է Սերժ Սարգսյանի ցանկալին իրականության տեղ հրամցնել, իսկ երբ ժամանակի ընթացքում պարզվում է, որ ամեն ինչ ճիշտ հակառակն է, անմիջապես տարածել, թե դա պայմանավորվածության հետևանք է, և Ծառուկյանն այլ՝ ավելի կարևոր հարցում է զիջելու նախագահին։ Դրանով փորձ է արվում ցույց տալ, թե իբր Սերժ Սարգսյանը վերահսկում է իրավիճակը և ԲՀԿ–ն զուրկ է ինքնուրույնությունից։ Ու չնայած կյանքը ցույց է տալիս, որ նախագահականի ծրագրերը ԲՀԿ–ին հնազանդեցնելու մասով ամեն անգամ տապալվում են, իշխանական քարոզչամեքենան, այլ կոդ չունենալով, ստիպված շարունակում է նույն գիծը։

Խոսենք փաստերով։

Եթե հիշում եք, Իջևանի քաղաքապետի ընտրության ժամանակ ասվում էր, թե ՀՀԿ թեկնածուն հաղթելու է ԲՀԿ–ականին։ Այդպես չեղավ։ Իշխանական քարոզչամեքենան անմիջապես տարածեց, թե դա Սարգսյան–Ծառուկյան պայմանավորվածության արդյունք է։

«Նախագահը զիջել է Իջևանի քաղաքապետի աթոռը ԲՀԿ–ին, որպես փոխհատուցում այն բանի, որ ԲՀԿ–ն ՀՀԿ–ի հետ միասնական ցուցակով է մասնակցելու ԱԺ ընտրություններին»,–Իջևանում կրած պարտությունից հետո գրեցին իշխանական լրատվամիջոցներն ու «լավաշ–վերլուծություններ» ներկայացրին այդ թեմայով։

Շատ չանցած բոլորին պարզ դարձավ, որ ԲՀԿ–ն առանձին է մասնակցում խորհրդարանական ընտրություններին՝ դրանով իսկ «պասլատ» անելով 2011–ի փետրվարին հանգամանքների բերումով ստորագրած կոալիցիոն հուշագիրը։ Իշխանությանն այլ բան չէր մնում, քան ներքինիի կարգավիճակ ունեցող լրատվամիջոցների օգնությամբ «մեսիջ» հղել հանրությանը, թե դա Սերժ Սարգսյանի ցանկությամբ է եղել։

«ԲՀԿ–ն առանձին է մասնակցում ԱԺ ընտրություններին, որպեսզի ձայներ հավաքի ընդդիմադիր դաշտից ու հետագայում կոալիցիա կազմի ՀՀԿ–ի հետ»,– համոզմունք էին հայտնում իշխանություններն ու այդ թեմայով հոդվածներ պատվիրում։ Սակայն մայիսի 6–ից հետո բոլորը տեսան, որ դա Բաղրամյան 26–ի հերթական ցանկություն  էր, որը իրականություն չդարձավ։

Իշխանության քարոզչամեքենան անհարմար վիճակի մեջ հայտնվեց նաև երեկ։ Սերժ Սարգսյանի ձևավորած նոր կառավարության ծրագրին ԲՀԿ–ն դեմ քվեարկեց։ Մինչև այդ իշխանամետ լրատվամիջոցները «մուտիլովկաներ» էին տարածում, թե Գագիկ Ծառուկյանը կոալիցիա չմտավ, բայց կառավարության ծրագրին կողմ է քվեարկելու, քանզի այդպիսի պայմանավորվածություն է ձեռք բերվել ԲՀԿ առաջնորդի և նախագահի միջև։

Ինչպես ցույց տվեցին խորհրդարանական քննարկումները, ԲՀԿ–ն ոչ միայն դեմ քվեարկեց կառավարության ծրագրին, այլև դրանից առաջ դաժան քննադատության ենթարկեց «հավատացած ու փոխվածների» թույլիկ փաստաթղթին։

Հիմա իշխանությունը մնացել է վեջին ստի հույսին, ըստ որի՝ ԲՀԿ–ն նախագահական ընտրությունների ժամանակ պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը և 2013–ի նախագահական ընտրություններից հետո է միանալու իշխող կոալիցիային։ Ուշագրավն այն է, որ այս «մուտիլովկայի» տարածմանը մասնակցում են նաև իրենց ընդդիմադիր համարող գործիչները։ Վերջիններս, հավանաբար, չեն զգում, որ «ԲՀԿ–ն նախագահական ընտրություններից հետո է միանալու Սերժ Սարգսյանին» թեզին կողմ արտահայտվելով՝ կամա թե ակամա իրենց համոզվածությունն են հայտնում առ այն, որ ՀՀԿ ղեկավարը վերարտադրվելու է։ Թե ինչ անուն դնես նմանատիպ «ընդդիմադիրներին», թողնում եմ ընթերցողի երևակայությանը։ Ինչևէ։

Պարզից էլ պարզ է, որ ԲՀԿ–ն Սերժ Սարգսյանին կսատարի ու հետագայում կմիանա ՀՀԿ–ՕԵԿ իշխող կոալիցիային ճիշտ այնպես, ինչպես «պարտվեց» Իջևանում, ինչպես «միասնական ցուցակով» մասնակցեց ԱԺ ընտրություններին, ինչպես մայիսի 6–ից հետո «միացավ» կոալիցիային և ինչպես «կողմ» քվեարկեց Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագրին։ Այսինքն՝ «կլինի» այնպես, ինչպես կանխատեսում ու «վերլուծում» են իշխանամետ լրատվամիջոցները։

Շատ չմնաց։ Շուտով ամեն բան վերջնականապես կընկնի իր տեղը։ Իսկ առայժմ շարունակեք «վայելել» մեկ կենտրոնից կառավարվող ապատեղեկատվությունը և «մուտիլովկաների» տեսականին։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Չգիտեմ՝ հասկանո՞ւմ են, թե՞ ոչ, բայց շարունակ փորձելով կառչել ԲՀԿ–ից՝ իշխանությունները ողորմելի վիճակում են հայտնվում։ Եթե վստահ եք, որ մայիսի 6–ին հասարակության կեսից ավելիի վստահության քվեն եք ստացել, ապա ինչո՞ւ եք ընդամենը 455 հազար ձայն ունեցող կուսակցության հույսին մնացել։

Այս խորագրի վերջին նյութերը