Լրահոս

30.05.2009 14:46


Հայ Ազգային Կոնգրեսի և «Ժառանգություն» կուսակցություն համատեղ հայտարարությունը փաստահավաք խմբի գործունեության փաստացի կասեցման մասին

Մարտի 1-ի իրադարծությունների և 10 զոհերի մահվան հանգամանքների ուսումնասիրության նպատակով 2008 թ. նոյեմբերին ձևավորվեց Փաստահավաք խումբ: Չնայած իշխանության մարմինների հարուցած բազմաթիվ խոչնդոտների, Փաստահավաք խումբը շուրջ 6 ամիս արդյունավետ աշխատեց և 2009 թ. ապրիլին ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին ներկայացրեց իր աշխատանքի առաջին ամփոփ արդյունքներից մեկը՝ ոստիկանության զոհված սպա Համլետ Թադևոսյանի մահվան հանգամանքների հետ կապված զեկույցը: Զեկույցից ակնհայտ է, որ սպան զոհվել է ոչ ցուցարարների մեղքով, ինչով մերժվեց այն վարկածը, որ ի սկզբանե պնդում էին իշխանությունները: Եզրափակման փուլում են գտնվում մյուս սպանությունների հանգամանքների մասին զեկույցները:

Դրանից անմիջապես հետո՝ մայիսի 4-ից անակնկալ արձակուրդ գնաց (ինչը նախատեսված չէ կարգադրությամբ) Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ Վահե Ստեփանյանը, ով միաժամանակ նաև Փաստահավաք խմբի ղեկավարն էր: Ավելին՝ նրա և  Փաստահավաք խմբում կոլաիցիայի երկու ներկայացուցիչների կողմից որոշում ընդունվեց խմբի աշխատանքների ժամանակավոր կասեցման մասին, ինչը նույնպես նախատեսված չէ կարգադրությամբ: Դրանից հետո ընդդիմության երկու ներկայացուցիչներին պարզապես թույլ չտրվեց մտնել Փաստահավաք խմբին տրամադրված աշխատավայրը: Այդ օրվանից սկսած մինչև հիմա Փաստահավաք խմբի բնականոն աշխատանքը վերականգնված չէ: Թեև ընդդիմության ներկայացուցիչները ամեն օր պարտաճանաչորեն ներկայանում են աշխատանքի, խմբի մյուս անդամների ոչնչով չհիմնավորված բացակայությունների, ինչպես նաև՝ Վահե Ստեփանյանի և Ռոբերտ Ավագյանի՝ կարգադրությամբ չնախատեսված ինքնահրաժարականների պատճառով խումբը չի կարողանում վեսկսել իր աշխատանքը:

Այսպիսով արձանագրում ենք, որ.

1.           ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի և իշխանությունների ներկայացուցիչների կողմից կազմալուծվել է Փաստահավաք խմբի գործունեությունը,

2.           Փաստահավաք խմբի աշխատանքների միտումնավոր կազմալուծման պատճառը 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների և սպանությունների հանգամանքերի իրական պատկերի բացահայտումն է, քանի որ հրապարակված առաջին արդյունքները արմատապես հակասում են իշխանության՝ ի սկզբանե տարածած վարկածներին:

3.           Մարտի 1-ի իրադարձությունների և այդ օրը զոհված քաղաքացիների մահվան հանգամանքները պարզելուն ուղղված Փաստահավաք խմբի գործունեության դադարեցման ողջ պատասխանատվությունը ընկնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և իշխանական կոալիցիայի վրա:

4.           Մարտի 1-ին զոհված քաղաքացիների մահվան հանգամանքների փաստերի ամբողջական բացահայտման նախաշեմին Փաստահավաք խմբի աշխատանքների նմանօրինակ կոպիտ կասեցումը ցույց է տալիս, որ իշխանությունները շահագրգռված չեն ճշմարտության բացահայտման մեջ և դիմում են ամեն միջոցի իրականությունը պարտակելու համար:

Պահանջում ենք միջոցներ ձեռնարկել Փաստահավաք խմբի բնականոն աշխատանքները անհապաղ վերականգնելու ուղղությամբ: Այլապես ըննդդիմությունը ստիպված է լինելու փնտրել մարտի 1-ի իրադարձությունների և 10 զոհերի մահվան հանգամանքների բացահայտման և հրապարակայնացման այլ ուղիներ: 

Հայ Ազգային Կոնգրես                              «Ժառանգություն» կուսակցություն

30 մայիսի 2009թ.      

Այս խորագրի վերջին նյութերը