Մեկնաբանություն

23.06.2012 14:20


Ի՞նչ ցույց տվեց ԲՀԿ-ի քվեարկությունը

Ի՞նչ ցույց տվեց ԲՀԿ-ի քվեարկությունը

Ինչպես հայտնի է, «Բարգավաճ Հայաստան» պատգամավորական խմբակցությունը որոշել էր «դեմ» քվեարկել Տիգրան Սարգսյանի ներկայացրած կառավարության գործունեության ծրագրին։ Այդպես էլ եղավ, ինչը վկայում է թիմային կարգապահության մասին։

Քվեարկությանը չմասնակցած ԲՀԿ–ական պատգամավորները հարգելի պատճառներ ունեին։ Գագիկ Ծառուկյանը ցուցադրաբար չմասնակցեց քննարկումներին ու քվեարկությանը, իսկ Մուշեղ Պետոյանը, մեր ունեցած տեղեկություններով, հանրապետությունից բացակայում էր։

Միակ «կիքսը», որն արձանագրվեց կառավարության ծրագրի քվեարկության ժամանակ, մեծամասնականով պատգամավոր դարձած ԲՀԿ խմբակցության անդամ Գրիգորի Մարգարյանի «ձեռնպահ» լինելն էր։ Ճիշտ է, Մարգարյանը հետո պնդում էր, թե ինքը «դեմ» է քվեարկել, և միայն տեխնիկական վրիպակի պատճառով է իր անունից «ձեռնպահ» գրանցվել, սակայն սա ուշագրավ հանգամանք է։

Ելնելով Գրիգորի Մարգարյանի անցած ուղուց՝ չի բացառվում, որ նա «ձեռնպահ» է քվեարկել, բայց հետո սկսել է «կռուտիտներ» լինել։ Կամ էլ՝ համակարգիչն է «զգացել», որ Մարգարյանի տեսակը, չնայած մատը «դեմ»–ի վրա դնելուն, հաստատ կուզենար «ձեռնպահ» լինել, քանի որ քաղաքական թափառաշրջիկությամբ աչքի ընկած պատգամավորի համար ամենաբնականը պետք է որ այդպիսի քվեարկությունը լիներ։ Եկեք, սակայն, առաջնորդվենք անմեղության կանխավարկածով և հիմք ընդունենք Մարգարյանի բացատրությունները։

Եթե հետագայում էլ Գրիգորի Մարգարյանի մոտ պատահական վրիպակները կրկնվեն կամ համակարգիչը «քաշի», և նա շեղվի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության որոշումից, ապա Ծառուկյանը պետք է հետևություններ անի և հրապարակավ ձերբազատվի նմանատիպ մարդկանցից։

Մեր կարծիքով՝ ավելի լավ է մեկ–երկու անդամով պակաս քանակի խմբակցության ունենալ, քան՝ «ականապատված» տարածք։ Առջևում շատ լուրջ քաղաքական զարգացումներ են սպասվում և պետք է նախապես ապահովագրվել տհաճ անակնկալներից։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը