Մեկնաբանություն

25.06.2012 09:45


Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը ձևը գտել են

Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը ձևը գտել են

Այս իշխանությունները մի ուշագրավ հատկություն ունեն։ Մշտապես խուսափում են պատասխանատվությունից և սեփական սխալներն արդարացնելու բանաձևեր են հորինում։ Ցինիզմն ու դեմագոգիան հասցված է կատարելության։ Կորուստները ներկայացվում են որպես ձեռքբերումներ, իսկ դիլետանտիզմը՝ որպես պրոֆեսիոնալիզմի գագաթնակետ։

Չի սխալվում նա, ով ոչինչ չի անում

Երբ «ֆուտբոլային» դիվանագիտությունը դեռ չէր մտել բուռն շրջանի մեջ, շատերը Սերժ Սարգսյանին նախազգուշացնում էին, որ նմանատիպ «նախաձեռնողականությունը» Հայաստանին ոչինչ չի տալու՝ չհաշված վնասները։ ՀՀԿ ղեկավարը, ինչպես հայտնի է, չլսեց իր ընդդիմախոսներին ու սկսեց Գյուլի հետ «ջան–ջիգյարը»։

Իշխանությունները մեզ հավաստիացնում էին, որ արտգործնախարար Նալբանդյանի թշերը փորձության ենթարկելու գնով իրենց հաջողվելու է բացել հայ–թուրքական  սահմանը և Թուրքիայի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ։ Թե ինչ ստացանք այդ ամենից, բոլորին է հայտնի։

«Չի սխալվում նա, ով ոչինչ չի անում»,–ձախողված «ֆուտբոլային» դիվանագիտության տակից այսպես փորձեց դուրս գալ Սերժ Սարգսյանը։

Համաձայնե՛ք, որ սա ինչ–որ տեղ նաև «մուննաթի» բանաձև է՝ «Ա՛յ մարդ, էնքան եմ աշխատում, որ սխալներ էլ կլինեն, բա ի՞նչ եք ուզում»։

Սա նաև բացարձակ անպատասխանատվության բանաձև է։ Ի՞նչ է նշանակում «չի սխալվում նա, ով ոչինչ չի անում»։ Այդպես կարելի է ցանկացած մեծ ու փոքր սխալ արդարացնել։ Դա նույնն է, որ սխալ հաշվարկների հիման վրա  կառուցված նոր շենքը փլվի, իսկ շինարարն էլ հայտարարի, թե չի սխալվում նա, ով ոչինչ չի անում։ Հիմա ի՞նչ՝ մենք պետք է գո՞հ լինենք այդ շինարարից։

«Չի սխալվում նա, ով ոչինչ չի անում» բանաձևը ներկայացնելով՝ Սերժ Սարգսյանը, փաստորեն, հանրությանն առաջարկում է իր կառավարման արդյունավետությունը գնահատել ոչ թե արդյունքներով և դրանց գնով, այլ... թույլ տված սխալների քանակով և աշխատելու փաստով ինքնին։ Ըստ նրա՝ ստացվում է, որ որքան շատ է սխալվում ղեկավարը, ուրեմն այնքան շատ ու լավ է աշխատել, քանզի աշխատելն ու բնականաբար սխալվելն արդեն իսկ դրական արդյունք են։ 

Կարող էր ավելի վատ լինել

Սեփական սխալներն ու տապալումներն արդարացնելու ոչ պակաս «հնարամիտ» ձև է գտել նաև Տիգրան Սարգսյանը։

Երբ 2008թ. նախազգուշացվում էր, որ կառավարության վարած տնտեսական քաղաքականության և արտաքին ազդեցությունների հետևանքով Հայաստանի տնտեսությունը հայտնվելու է ճգնաժամի մեջ, Տիգրան Սարգսյանը հավաստիացնում էր, թե միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամը կշրջանցի մեզ, իսկ իրենց վարած քաղաքականության շնորհիվ ՀՀ տնտեսությունը տարեկան 8-10 տոկոսով կաճի։ Վարչապետը խոսում էր նաև միջազգային տարատեսակ կենտրոնների Հայաստան կառուցելու մասին։

Ինչպես հայտնի է, իրականում տեղի ունեցավ ճիշտ հակառակը. Հայաստանի տնտեսությունը կրճատվեց, իսկ կառավարության նյուվասյուկիստական ծրագրերը տարբեր անեկդոտների թեմա դարձան։ Կառավարությունն իր ոչ մի խոստումը չկատարեց, բայց Սերժ Սարգսյանը կրկին վարչապետ նշանակեց Տիգրան Սարգսյանին։

«Կարող էր ավելի վատ լինել, եթե մեր միջամտությունը չլիներ»,–տնտեսության մեջ սեփական ձախողումներն էր արդարացնում և ստեղծված վիճակը որպես ձեռքբերում ներկայացնում Տիգրան Սարգսյանն ԱԺ–ում կառավարության նոր ծրագրի քննարկման ժամանակ։

Ըստ վարչապետի՝ ստացվում է, որ մենք դեռ մի բան էլ գոհ պետք է լինենք, որ բանիմաց կառավարության թեթև ձեռքով 2009–ին ունեցել ենք ընդամենը 14,4–տոկոսանոց անկում, որն աշխարհում վերջից երկրորդ ցուցանիշն էր։ «Կարող էր ավելի վատ լինել»,–մեզ ասում է Տ. Սարգսյանը։

Պաշտոնական տվյալներով՝ Սերժ Սարգսյանի նախագահ դառնալուց հետո երկրից արտագաղթել է ավելի քան 150 հազ. մարդ։ «Կարող էր ավելի վատ լինել»,–իր հիմնավորումներն է ներկայացնում Սերժ Սարգսյանի համար անփոխարինելի դարձած վարչապետն ու, համատեղությամբ, հեղափոխության դեմ պայքարի առաջամարտիկը։

Աղքատությունը 2008-2012թթ. կտրուկ ավելացել է։ «Կարող էր ավելի վատ լինել»,– դեմքի «բարեբաստիկ» արտահայտությամբ հայտարարում է Տիգրան Սարգսյանը։

Պատկերացնու՞մ եք՝ բժիշկն իր «բուժումներով» մահվան դուռը հասցնի հիվանդին ու հետո հայտարարի, թե կարող էր ավելի վատ լինել, եթե իր միջամտությունը չլիներ։

Այսպիսով Տիգրան Սարգսյանը պետության կառավարման արդյունավետությունը գնահատելու նոր՝ դեռևս գիտությանն  անհայտ մեթոդ է առաջարկում։ «Կարող էր ավելի վատ լինել» բանաձևը նույնն է, թե հայտարես. «Աստված էլ բեթարից ազատի»։ 

Հաղթանակը պարտությունն  է, անգրագիտությունը ուժ է, կյանքը մահն է

«Չի սխալվում նա, ով ոչինչ չի անում» և «կարող էր ավելի վատ լինել» ձևակերպումները փայլուն կերպով բացահայտում են այս իշխանությունների կառավարման էությունը։ Սա ծուռ հայելիների թագավորություն  է հիշեցնում։

Նկատենք, որ Տիգրան Սարգսյանի համեմատ Սերժ Սարգսյանն ավելի ազնիվ է։ Վերջինս գոնե ընդունում է, որ սխալվել է ու հետո նոր սկսում է արդարացումներ ներկայացնել, իսկ ահա վարչապետն ինքնագոհ հայտարարում է, թե ոչ  մի սխալ չի եղել, և եթե ինքը չլիներ, ապա ավելի վատ կլիներ։

Այս մառազմին վերջ տալու համար պետք է առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ պետական կառավարման համակարգից հեռացնել անբաժան զույգին։ Թող գնան իրենց համար սխալվեն, որքան ցանկանում են, իսկ հետո էլ իրենք իրենց մխիթարեն, թե կարող էր ավելի վատ լինել։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը