Հարցազրույց

25.06.2012 12:21


Ջուս

Ջուս

Հարցազրույց երգչուհի Ջուսի հետ

–Ամառն արդեն լիարժեք իր իրավունքների մեջ է մտել։ Հետաքրքիր է` շոուբիզնեսի ներկայացուցիչները որտե՞ղ են նախընտրում անցկացնել իրենց ամառային արձակուրդները, և կոնկետ դուք որտե՞ղ եք հանգստանալու։

–Ես չեմ հանգստանալու, քանի որ շատ աշխատանքներ ունեմ անելու։ Հուլիսին նկարահանելու եմ նոր տեսահոլովակ և համերգներ ունեմ, դրա համար էլ չեմ կարող գնալ ինչ–որ տեղ։ Չնայած` ծով շա՜տ եմ սիրում։ Իսկ մեր շուոբիզնեսի ներկայացուցիչները նախընտրում են հանգստանալ Քոբուլեթիում, Հունաստանում, Թուրքիա են գնում շատ։ Նայած ով՝ որտեղ։

–Դուք ասում էիք, որ Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ»–ին երբեք չեք մասնակցի։ Իսկ, օրինակ, Անթալիա հանգստանալու գնո՞ւմ եք կամ կգնա՞ք։

–Երբեք չեմ եղել Թուրքիայում։ Ասում են` շատ լավ տեղ է։ Հանգստանալու համար կարելի է գնալ։ Իհարկե, չեմ էլ համեմատի Բաքվի մրցույթին մասնակցելն ու Անթալիայում հանգստանալը։

–Թուրքիա հանգստանալ չմեկնողները պատճառաբանում են նաև, որ չեն ցանկանում իրենց փողերով թուրքերին հարստացնել։

–Իրանք, մեկ է, առանց ինձ էլ հարուստ են, էլ ինչ հարստանան։ Ծովը մնում է ծով, ինձ համար կապ չունի` թուրք է էնտեղ, թե ով։ Մենակ թե Բաքու չեմ գնա, իրանց ընդհանրապես չեմ սիրում։

–Իսկ համերգներով Թուրքիա կգնա՞ք։ Վերջերս Նունեն Եսայանի հետ կապված այդ առիթով աղմկալի պատմություններ եղան։

–Դա սարքած էր ավելի շատ, քան եսիմինչեր էին եղել։ Ավելի կոսմոպոլիտ պետք է լինել։ Թուրքիա կգնամ, բայց՝ իմ երգացանկով։ Թող բոլորն իմանան, որ մենք էլ կարող ենք շատ լավ երգել ու շոու ցույց տալ։ Թող իմանան, որ մենք էլ ունենք լավ երաժիշտներ ու երգիչներ, ինչու ոչ։

–Հայաստանի հանգստյան գոտիները մատչելի չե՞ն, կամ ծառայությունները որակյալ չե՞ն։

–Շատերն են ասում, որ մատչելի չեն։ Ավելի լավ է՝ Քոբուլեթի գնաս, քան այստեղ՝ Ծաղկաձոր կամ Սևան։ Ճիշտն ասած՝ ես չեմ գնացել դեռ։ Միայն անցյալ տարի գնացել եմ Քոբուլեթի ու Ազովի ծով։

–Ինչո՞ւ Ձեզ վերջերս սկանդալային պատմությունների մեջ չենք տեսնում։ Հոգնե՞լ եք սկանդալներից։

–Չէ՜, ինչ սկանդալ։ Չգիտեմ ինչու՝ իմ ամեն մի տեսահոլովակն այստեղ սկանդալ է առաջացնում։ «Beauty of night» տեսահոլովակի մասին ասում էին՝ էս ինչ մանկապղծությամբ ես զբաղված, բայց ես այնտեղ ոչ մի բան չեմ տեսնում։ Սկանդալն ինքն իրեն սարքվում է, ես ոչ մի բան չեմ անում։

–Ասում էիք, որ ութ տարի առանց տղամարդու եք և առանց սեռական կյանքի, որովհետև նախ պետք է սիրեք։ Հիմա դեռ շարունակվո՞ւմ է այդ շրջանը։

–Հիմա ավելի շատ է՝ արդեն տասը տարի։ Ու էդպես, չենք էլ սիրահարվում։ Չկա այստեղ, ում ես ուզում եմ։ Երևի արտասահմանցի պետք է լինի կամ ռուս, ուրիշ մենթալիտետով մեկը։ Կգտնվի՝ կգտնվի, չէ՝ ես չեմ մտածում դրա մասին։ Իսկ առանց ինտիմ հարաբերությունների նորմալ է, արդեն սովորել ենք։ Ես բեմն ունեմ և էներգիաս այնտեղ եմ տալիս։ Դե հո չեմ գնա ամեն մեկի հետ։ Չէ։ Էդպես հետաքրքիր չի։ Սերը պիտի լինի, նոր։ Կամ գոնե իմ դուրը գա, գոնե՛։

–Մեզ մոտ կարծես մոդայիկ է դարձել, որ որոշ երգչուհիներ առանց ամուսին երեխա են ունենում։ Հնարավո՞ր է՝ դուք էլ մի օր էդպիսի որոշում կայացնեք։

–Կարող է, մեկ էլ տեսար։ Չի բացառվում։ Բայց դեռ չեմ պլանավորում։ Մինչև ինձ մոտ ֆինանսապես շատ լավ չլինի, չեմ բերի երեխա, դա՝ 100%:

–Ե՞րբ այդ շատ լավը կլինի։

–Օ՜, մեր երկրում չես կարող ասել՝ երբ կլինի լավ։ Ամեն ինչ անկայուն է։ Քանի որ հարուստ սիրած չունենք, չեմ կարող պլանավորել։ Բայց դե՝ ո՞ւմ է պետք ամուսնացած հարուստ սիրածը։ Ես չեմ սիրում երկրորդը լինել ու չեմ սիրում, որ ընտանիքի մեջ ոնց որ քիթդ խոթում ես։ Դա շատ վատ է, ու չեմ էլ հարգում էդպիսի աղջիկներին։ Իսկ եթե չամուսնացած հարուստ լինի, իհարկե՝ այո՛, բայց պետք է իմ դուրը գա։ Էդ դեպքում արդեն սիրած չի լինի, ավելի լուրջ կլինի։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը