Մեկնաբանություն

26.06.2012 15:45


Անտիարտագաղթ կամ «success story»–ներ

Անտիարտագաղթ կամ «success story»–ներ

Մի ժամանակ ասում էին, թե հեռուստատեսությամբ պետք է «բարի լուրեր» հաղորդել, որպեսզի մարդիկ դրական էմոցիաներով լցվեն և հայրենիքը չլքեն, իսկ հիմա «բարի լուր»–ը «վեստեռնիզացիայի» է ենթարկվել՝ դառնալով «success story» (հաջողակ պատմություն)։

Պարզվում է լրագրողներս ենք մեղավոր արտագաղթի համար, որովհետև քամակներս չենք կտրում մամուլի ակումբներից ու պատմություններ չենք փնտրում։ Այնինչ դրանք (խոսքս ակումբների մասին չէ) կան, մեր կողքին են ու կարող են ներշնչանքի անսպառ աղբյուր դառնալ անընդհատ տրտնջացող և ընտրակաշառքի սպասող մեր որոշ քաղաքացիների համար։

Փաստորեն, ես էլ եմ մասամբ նպաստում արտագաղթին։ Մամուլի ակումբներ չեմ գնում, բայց պատմություններ էլ չեմ փնտրում։ Ավելի ճիշտ՝ փնտրում եմ, բայց դրանք քաղաքական պատմություններ են, որոնք ոչ մի կերպ «հաջողակ պատմություն» չես համարի (նայած ում համար, իհարկե)։ 

Դե, քանի որ կրեատիվ մտքի պակասի ու արտագաղթին նպաստելու համար լրագրողներն են մեղադրվում, փորձեմ լրացնել բացն ու մի քանի «success story»–ներ ներկայացնեմ։ Օրինակների պակաս, իրոք, չկա։ Մեր շուրջը վխտում են հաջողակ մարդիկ իրենց հաջողակ պատմություններով։ Պարզապես պետք է բացահայտել նրանց ու «դայաղ» անել հանրությանը։ Համոզված եմ, որ դրանց ծանոթանալուց հետո այլևս որևէ մեկի մտքով անգամ չի անցնի ճամպրուկները հավաքել ու գնալ այլ երկրներում «սթորիներ» որոնելու։

Եվ այսպես.

Success story1

Մի տղա կար։ Նա մեծ չափսերի մեքենա էր քշում։ Այդ մեքենային տոտալիտար Սովետական Միությունում «ՊԱԶ» էին ասում։ Թվում էր, թե մեր հերոսի կյանքն այդպես ծանր ու միապաղաղ էր անցնելու, բայց Ղարաբաղյան շարժումն ու սովետի փլուզումը փոխեց նրա ճակատագիրը։ Նա դարձավ մեծահարուստ, պատգամավոր և հարց լուծող մարդ։

Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ՝ կարող ենք ասել, որ 88–ին հայ ժողովուրդը դուրս էր եկել փողոց, որպեսզի այդ մարդը «ՊԱԶ»–ի շոֆերից դառնա միլիոնատեր։ Եվ դարձավ։ Նա ճիշտ մարդու ճիշտ եղբայր է, այսինքն՝ ճիշտ պահին հայտնվել է ճիշտ տեղում, և խնդրեմ՝ «success story»–ն պատրաստ է։

Այդ մարդու հետ կապված մի անեկդոտ կա հիմա. մի երիտասարդի հարցնում են, թե ինչու չի ամուսնանում, սա էլ թե՝ վախենում եմ՝ ճիշտ մարդու եղբայրը փայ մտնի։

Success story2

Մի տղա կար։ Նա նպատակասլաց էր, հավակնոտ և անսկզբունքային։ Այդ տղան մանկուց երազել էր պատգամավոր դառնալ։ Եվ դարձավ։ Կուսակցությունից կուսակցություն թռչկոտելով, «գույն» փոխելով, կզելով–մզելով՝ դարձավ։

Ովքեր ուզում են պատգամավոր դառնալ, կարող են ներշնչվել այս պատմությամբ, լծվել գործի և ընտրակաշառք վերցնողից վերածվել ընտրակաշառք բաժանողի։ Սա «role model»–ի լավագույն օրինակ կարող է ծառայել մեր ժամանակների մարտնչող նեոբոլշևիկների համար։

Մոռացե՛ք արտագաղթի մասին, քանզի պատգամավոր դառնալն ու լավ ապրելն այնքան հեշտ է։

Success story–3

Մի մարդ կար կերկերուն ձայնով։ Նա ընդդիմադիր էր և ուզում էր նախագահ դառնալ։ Մեր հերոսն այնքան էր վախենում ժողովրդի համար, որ ստիպված «բրոնեժիլետ» էր հագնում, որպեսզի նույն այդ ժողովրդին չկարողանան զրկել իրենից։ Այդ մարդը շատ նպատակասլաց էր երևում, բայց կես ճամփից հետ դարձավ ու վերածվեց հաճախորդի.  իշխանությունը սրան «զրոներ» տվեց ու անընդհատ քթից բերեց այդ «զրոները»։

Մի պահ թվաց, թե «ընդդիմադիրն» արդեն հայտնվել է քաղաքական աղբանոցում և իր օրերն է մթնեցնում կոտրած դհոլի առաջ, սակայն, ինչպես ասում են, մարդու վերջը բարի լինի։ Իշխանությունը նրա կարիքը կրկին զգաց, և հիմա նա ԱԺ պատգամավոր է։ Ճիշտ է՝ մեր հերոսը ժողգործիքի կարգավիճակով է խորհրդարան մտել, բայց «զատո» մտել է և կերտել ի՛ր փայ «success story»–ն։

Success story–4

Մի լրագրող կար։ Սա «բոմժի» պես էր անցկացնում իր օրերը և հաճախ ծեծ էր ուտում իր արածների համար։ Հետո որոշեց կայք բացել, բայց կրկին բան դուրս չէր գալիս։ Լրագրողը չէր հուսահատվում։ Շարունակում էր «բոմժական» կյանքը, սակայն հույսը չէր լքում նրան։ Ու հանկարծ մի օր ամեն ինչ փոխվեց։ Բաղրամյան 26–ում որոշեցին «մուտիլովկաներ» տարածող լրատվամիջոցներ ունենալ, և մեր հերոսի բախտը ժպտաց։ Նա հավատաց ու փոխվեց։

Success story–5

Մի տղա կար։ Այդ տղան ամբողջ կյանքում կարող էր կոմսոմոլ մնալ, բայց Ղարաբաղյան շարժումը փոխեց ամեն ինչ։ Նա բոլորին կոխկրտելով՝ մագլցեց, իսկ որոշ դեպքերում սողաց իշխանական աստիճաններով դեպի վեր, դեպի վե՜ր ու վեր։ Հիմա նա շատ վերև է հասել, այնքան վերև, որ ընկնելը կարող է շատ ցավոտ լինել ու փչացնել նրա հաջողակ պատմությունը։

Հետաքրքիրն այն է, որ եթե այդ մարդու հաջողակ պատմությունն ավարտվի, ապա ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնության մոտ այն կսկսվի։ Այնպես որ, հանգիստ կարելի է փչացնել մեկ մարդու  «success story»–ն՝ հանուն հանրային ու պետական շահերի։

...

Եթե արտագաղթի պատճառներից մեկը լրագրողներս ենք, ապա կարծում եմ, որ այժմ մեղքս քավեցի և հաջողակ պատմությունների բազում օրինակներ ներկայացրի մեր բազմաչարչար ընթերցողներին։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Հոդվածում ներկայացված են հնարովի պատմություններ և հնարովի կերպարներ։ Համընկնումները պատահական են։

Այս խորագրի վերջին նյութերը