Մեկնաբանություն

28.06.2012 17:57


Սերժ Սարգսյանի համակուրսեցին դատի է տվել «7օր»–ին և փող է պահանջում

Սերժ Սարգսյանի համակուրսեցին դատի է տվել «7օր»–ին և փող է պահանջում

Երևանի Մալաթիա–Սեբաստիա համայնքի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոց ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուզան Ազիզյանը, ով նախագահ Սերժ Սարգսյանի համակուրսեցին է, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանին հայց է ներկայացրել ընդդեմ «7օր»–ի հիմնադիր «Թևանյան» ՍՊԸ–ի։

Դպրոցի տնօրենն իր փաստաբանի միջոցով դատարանից պահանջում է մեզ պարտավորեցնել ներողություն խնդրել, հերքել պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող տեղեկությունները, եթե մենք չկարողանանք ապացուցել, որ ինքը կաշառակեր է։ Բացի այդ՝ Ազիզյանը մեզանից պահանջում է վճարել նաև 100000 դրամ՝ փաստաբանական ծառայության համար։

Արդեն իսկ կայացել է դատական երկու նիստ։ Սկզբում զուտ հայցվորի ու պատասխանողի կարգավիճակներն են ճշտվել։ Դատավորը Ա. Կուբանյանն է։

Հետաքրքրական է, որ երկրորդ նիստից հետո հայցվոր կողմը նոր պահանջ է ներկայացրել, ըստ որի՝ պահանջում է «7օր»–ից բռնագանձել արդեն 300000 դրամ։ Թե ինչով է պայմանավորված գումարային չափի փոփոխությունը, կարող ենք միայն ենթադրություններ անել։ Հավանաբար՝ կա՛մ փաստաբանն է գործի համար լրացուցիչ գումար պահանջել հաճախորդից, ու վերջինս էլ որոշել է այդ գումարը «7օր»–ից ստանալ, կա՛մ էլ տիկին Ազիզյանի մոտ է ներքին ցանկություն առաջացել ավելի շատ գումար բռնագանձել մեզանից, եթե, իհարկե, դատարանը հօգուտ Սերժ Սարգսյանի համակուրսեցու որոշում կայացնի։ Ինչևէ։

Հիմա՝ բուն թեմայի մասին։

Մեր խմբագրությունը էլ. փոստով ահազանգ էր ստացել այն մասին, որ նշյալ դպրոցի տնօրենն առաջին դասարանի ուսուցիչներից յուրաքանչյուրից 100–ական դոլար է պահանջում։ Ուսուցիչներն էլ, ըստ «Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցում սովորողների մի խումբ ծնողներ» ներկայացողների, ստեղծված իրավիճակից դուրս գալու համար որոշել են ծնողներից հավաքել այդ գումարը և տալ տնօրենին (տե՛ս http://7or.am/am/news/view/33502/%D5%8D%D5%A5%D6%80%D5%AA%E2%80%93%D5%8D%D5%A1%D6%80%D5%A3%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6%E2%80%93%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D6%80%D5%BD%D5%A5%D6%81%D5%AB%E2%80%93%D5%BF%D5%B6%D6%85%D6%80%D5%A5%D5%B6

Մենք այդ ահազանգը տեղադրել էինք կայքի «լրահոս» բաժնում՝ այն վերնագրելով «Սերժ Սարգսյանի համակուրսեցի տնօրենը ուսուցիչներից 100 դոլա՞ր է պահանջում», այսինքն՝ ոչ թե հաստատել էինք ահազանգը, այլ հարցական նշանով էինք հրապարակել ստացված տեղեկատվությունը։

Նյութը հրապարակելուց հետո դպրոցի տնօրեն Ռ. Ազիզյանի փաստաբանի կողմից ստացանք պատասխան նամակ, որտեղ հերքվում էր կաշառակերության մասին տեղեկությունը։ Մենք այդ պատասխանը, որն իր ծավալով մի քանի անգամ գերազանցում էր հրապարակված լուրի ծավալին, խնդրո առարկային չվերաբերող որոշ հատվածներ կրճատելով՝ «Հերքում» խորագրով (ինչպես օրենքն է պահանջում) տեղադրեցինք նույն «լրահոս» բաժնում (տե՛ս http://7or.am/am/news/view/33534/):

Հերքումն արդեն տեղադրված էր, երբ բառիս բուն իմաստով խմբագրություն ներխուժեց Ազիզյանի տնօրինությամբ գործող դպրոցի աշակերտների ծնողներից և ուսուցչական կազմից բաղկացած խումբ։ Նրանք պնդում էին, որ այդպիսի բան չկա, և Ազիզյանը կաշառակեր չէ։ Մենք նրանց բացատրեցինք, որ «7օր»–ը միայն ահազանգն է տեղադրել և չի պնդել, թե Ազիզյանը կաշառակեր է, և բացի այդ՝ դպրոցի տնօրենի փաստաբանի պատասխանը որպես հերքում արդեն մեր կայքում տեղադրված է, և զուտ իրավական առումով մենք իրարից բան չենք կարող պահանջել։ Սակայն եթե իրենք ուզում են ավելին, ապա կարող են ծնողների ու ուսուցիչների անունից գրել, որ դպրոցում կաշառակերություն չկա, և մենք դա էլ կտպագրենք։ Խմբագրություն եկածները դա չարեցին։

«Դեպքից» օրեր անց տեղեկացանք, որ Ազիզյանը «7օր»–ին դատի է տվել։

Մենք խնդիր չենք տեսնում այն հարցում, որ մեզ դատի են տվել։ Ի վերջո, դա Ազիզյանի իրավունքն է, բայց հարկ ենք համարում տեղեկացնել, որ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8–րդ հոդվածում մանրամասն նկարագրված է լրատվամիջոցներում նյութերի հրապարակման և դրանց հերքման հետ կապված կանոնները և լրատվական գործունեություն իրականացնողի իրավունքներն ու պարտականությունները, որոնց «7օր»–ը հետևել է ամենայն ճշգրտությամբ։

Հիմա թե ի՞նչ օրինական հիմքով պետք է մեզ պարտավորեցնեն երկրորդ անգամ հերքում տպագրել ու դեռ մի բան էլ գումար վճարել հայցվորին, պարզ կդառնա առաջիկայում։ Հակված չենք որևէ միտում տեսնելու այս ամենի մեջ, բայց դե...

Հերթական նիստը նշանակված է հուլիսի 6–ին՝ ժամը 11–ին, բայց այդ օրը Կառավարությունը որոշել է հայտարարել ոչ աշխատանքային։ Ենթադրվում է, որ դատավորն այլ օր կնշանակի նիստը։ Մեր ընթերցողներին այդ մասին լրացուցիչ կտեղեկացնենք։

7or.am

Հ.Գ.։ Հանրակրթության  ոլորտում կաշառակերության երևույթը լուրջ խնդիր է և դժվար բացահայտվող։ Բոլորը գիտեն այդ մասին, բայց որևէ մեկը բացահայտորեն չի խոստովանում, որ կաշառք է վերցրել կամ տվել։ Դպրոցներում կաշառք տվողն ու կաշառք վերցնողն իրենց պահում են ընտրակաշառք տվողի և ընտրակաշառք վերցնողի պես. կողմերը «սուխոյ ատկազ» են կանգնում, թե այդպիսի բան կա, քանի որ փոխադարձ շահով են կապված։ Դե արի ու ապացուցի։

Կրթության նախարարությունն էլ է ընդունում, որ կոռուպցիոն երևույթներ կան կրթօջախներում, ու դրա համար որոշել է քաղաքացիներից տեղեկություններ ստանալու համար թեժ գիծ բացել, բայց դե դրանով, ինչպես հայտնի է, հարց չի լուծվում։ Խնդրեմ՝ անհայտ անձինք լուր են հաղորդել ոչ թե թեժ գծին, այլ «7օր»–ին։ Մենք, առանց սեփական վերաբերմունքն արտահայտելու, հրապարակել ենք ահազանգը՝ հույսով, որ կրթության նախարարությունը մեր հրապարակումը կընդունի որպես թեժ գծին հաղորդած տեղեկություն և կարձագանքի՝ փորձելով պարզել, թե արդյոք կե՞ղծ է այն, թե ոչ, բայց Արմեն Աշոտյանի գլխավորած կառույցի փոխարեն ահազանգին արձագանքեց տնօրեն Ռ. Ազիզյանը, և այժմ մենք դատարանում պատասխանող կողմ ենք դարձել։ 

Այս խորագրի վերջին նյութերը