Մեկնաբանություն

29.06.2012 10:46


Սերժ Սարգսյանը հեռուստատեսության «պուրակում»

Սերժ Սարգսյանը հեռուստատեսության «պուրակում»

Եթե հիշում եք, սովետի ժամանակ պոլիտբյուրոն «տակից» նախաձեռնում էր աշխատավորական կոլեկտիվների, առաջադեմ կթվորուհիների կամ ստախանովյան շարժման հետևորդների դիմումները պրոլետարիատի առաջնորդներին։ Վերջիններս էլ ընդառաջ գնալով «բազմաթիվ հեռուստադիտողների խնդրանքին» կատարում էին զանգվածների «պահանջները»։ Բոլորը գիտեին, որ դա դեմագոգիա է և էժանագին թամաշա, բայց ձև էին տալիս, թե ամեն ինչ կարգին է։  

Սովետական ագիտպրոպի դպրոցն անցած Սերժ Սարգսյանը լավ է յուրացրել բոլշևիկների սիրած ոճը՝ «աշխատավորական կոլեկտիվների» օգտագործումը քաղաքականության մեջ։

Անկախ Հայաստանում աշխատավորական կոլեկտիվներին և առաջադեմ կթվորուհիներին փոխարինելու են եկել մտավորականները, ովքեր «իրենց» ձայնն են բարձրացնում այն պահին և այն թեմաներով, որոնք իշխանությունը թույլ է տալիս՝ ելնելով քաղաքական, կոմերցիոն կամ պոպուլիստական նպատակահարմարությունից։

Օրերս Հայաստանի մտավորականության անունից մի նամակ է հղվել Սերժ Սարգսյանին։ Նրանք իրենց վրդովմունքն են հայտնել առ այն, որ հեռուստաընկերությունները լավ բաներ չեն անում։

Հաշվի առնելով այս իշխանության տեսակը և այն, թե ովքեր են ստորագրել նամակի տակ՝ գրեթե հարյուր տոկոսով կարող ենք պնդել, որ մտավորականների և մի շարք ՀԿ–ների ստորագրած նամակի տեքստը գրվել է նախագահականում կամ առնվազն «դաբրո» ստացել այնտեղից։ Ստորագրողների մի մասն, ի դեպ, Սերժ Սարգսյանին կից գործող դեմքեր և կազմակերպություններ են։

Ակնհայտ է նաև, որ այս ամենի տակ որոշակի շրջանակների կոմերցիոն հետաքրքրությունը կա՝ փաթեթավորված պոպուլիստական կարգախոսներով։ Դատելով ամենից՝ գովազդային շուկան վերջնականապես մենաշնորհային դարձնելու և հեռուստատեսության ոլորտում սեփականատերերի հերթական վերաբաշխումն իրականացնելու խնդիր են լուծում Բաղրամյան 26–ում։

Ուշագրավն այս ամենի մեջ այն է, որ մտավորականները հանրային խնդիրների պատճառը տեսնում են ոչ թե կեղծիքներով իշխանությունը պահելու և տնտեսությունը գերկենտրոնացնելու սերժսարգսյանական թիմի գործունեության, այլ նույն սերժսարգսյանականների կողմից կառավարվող հեռուստատեսությունների մեջ։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ։

«Պարո՛ն նախագահ, խնդրում ենք հետամուտ լինել հայկական հեռուստաեթերի կարգավորման գործին, քանի որ ներկա հեռուստատեսության հակասոցիալական քաղաքականությունը հանգեցնում է հայ հասարակության սոցիալ–բարոյական առավել դեգրադացմանը, խեղմանը և վերջնական քայքայմանն իր բոլոր՝ սոցիալ–մշակութային, քաղաքական և տնտեսական հետևանքներով»,– Բաղրամյան 26–ից և անձամբ Սարգսյանի մերձավոր շրջապատից կառավարվող հեռուստաընկերությունների վրա էին քշել մտավորականները։ Սերժ Սարգսյանն էլ, որպես սուպերժողովրդավար ղեկավար, ոչ թե զայրացել էր իր բարեկամներին պատկանող լրատվամիջոցների դեմ արված այդ «հուժկու» հայտարարության հեղինակների վրա, այլ կարգադրել էր «մին լյավ» զբաղվել այն հարցերով, որոնք մտահոգել էին ազգիս մտավորականությանը։

Հուզիչ տեսարան է, այնպես չէ՞։ Մնում է միայն սպասել, թե երբ է Սերժ Սարգսյանն այցելելու, ասենք, Ամալյանի գլխավորած Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով և օգտագործելու  «Գրիգո՛ր ջան, ինքդ էլ տեսնում ես, որ սիրուն չի։ Մի ձև գտի այս ամենը կարգավորելու համար ...» մոգական բառերը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը