Մեկնաբանություն

29.06.2012 17:10


Ովքե՞ր են սատարում Սերժ Սարգսյանին

Ովքե՞ր են սատարում Սերժ Սարգսյանին

Սերժ Սարգսյանն իր նեղ շրջապատով փաստացի մենակ է մնացել։ Ճիշտ է, նա խորհրդարանում մեծամասնություն ունի, բայց դա, ինչպես փորձն է ցույց տվել, այսօր կա, վաղը չկա։

Սերժ Սարգսյանին սատարելու և հրապարակավ նրա թեկնածությունը գալիք նախագահական ընտրությունների ժամանակ պաշտպանելու մասին հայտարարել են ՀՀԿ–ն և ՕԵԿ–ը։ Գործող նախագահին պաշտպանում են նաև մի քանի մանր–մունր կուսակցություններ և «անհատական ծրագրով» ժողգործիքի դեր կատարող սուբյեկտներ, որոնք, Սարգսյանի ձևակերպմամբ, հաճախորդներ են և վաղուց վարկաբեկված։ Ո՞վ պետք է լուրջ ընկալի Արտաշես Գեղամյանի, Վիկտոր Դալլաքյանի կամ Արթուր Բաղդասարյանի բոցաշունչ ելույթները։ Բնականաբար՝ ոչ ոք։

Ս. Սարգսյանը շատ լավ հասկանում է, որ ՀՀԿ+ՕԵԿ+հաճախորդներ կոնգլոմերատը 2013թ. բավարար չի լինելու։ ՀՀԿ ղեկավարը հասկանում է նաև, որ «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» կարգախոսին միս ու արյուն տալն իրեն հնարավորություն չի տա վերարտադրվելու, և այդ իսկ պատճառով խաղի մեջ է մտցրել «անկախ» լրատվամիջոցներին, ոչ պակաս «անկախ» վերլուծաբաններին, «Ժառանգության» մի շարք անդամներին, արամզավենիչներին ու «ատամնատեխնիկ» մի կնոջ։ Եվ որպեսզի սրանք «անկախ» ու խիստ ընդդիմադիր կեցվածք ընդունելով կարողանան սատարել իրենց տիրոջը, նախագահականից կոդ են տվել, թե դուք պայքարեք Ռոբերտ Քոչարյանի դեմ ու վերջինիս համեմատ Սերժ Սարգսյանին ներկայացրեք որպես չարյաց փոքրագույն։ Ժողգործիքներին խորհուրդ է տրվել նաև Սերժ Սարգսյանին ներկայացնել որպես արևմտամետ–ժողովրդավար, ով «տակից» կենաց–մահու պայքար է մղում չար օլիգարխների և ռուսամետ ուժերի դեմ։ Ոչինչ որ Հայաստանի թիվ մեկ օլիգարխը հենց Սերժ Սարգսյանն է։ Իսկ ինչ վերաբերում է նրա արտաքին կողմնորոշմանը, ապա այդպիսի բան գոյություն չունի. Սարգսյանը աթոռամետ է, այլ ոչ թե ռուսամետ, արևմտամետ կամ հայամետ։ Ինչևէ։

Ռոբերտ Քոչարյանի դեմ «ընդդիմադիրների» հերոսական պայքարը պետք է քողածածկի նրանց հաճախորդ լինելն ու «լեգիտիմացնի» Բաղրամյան 26–ի դաշտում խաղալը։

Նկատենք, սակայն, որ բառիս բուն իմաստով գեղամյանություն է այսօրվա վիճակը քննադատելն ու միևնույն ժամանակ Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը պահանջելը։ Քոչարյանը վաղուց հեռացել է իշխանությունից, և արհեստական են բոլոր այն էժանագին քարոզչական «տրյուկները», որոնք կիրառվում է Բաղրամյան 26–ի կողմից։ Դրանով փորձ է արվում հանրության ուշադրությունը շեղել, և այսօրվա արդիական խնդիրները հանել քաղաքական օրակարգից։

Իշխանություններն ուզում են խուսափել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական կյանքում խայտառակ ձախողումների համար պատասխան տալուց և դրա համար էլ իրենց կարծիքով «բոբոյի» կերպար են ստեղծել ու ցանկանում են այդ «կտով» կերակրել և՛ հանրությանը, և՛ իրենց հաճախորդներին։ Ասենք, որ դա չաշխատող տարբերակ է, քանզի շատերին է հասկանալի, թե ինչն ինչոց է և ով է ներկա վիճակի մեղավորը։

Մեկ բան ակնհայտ է. բոլոր նրանք, ովքեր Սերժ Սարգսյան–Տիգրան Սարգսյան զույգի վարած անարդյունավետ ուղեգծի քննադատությունը թողած՝ պայքարում են «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» ձևաչափին կողմ արտահայտվողների դեմ, կամա թե ակամա խաղում են ՀՀԿ ղեկավարի դաշտում։ Եվ արդեն կապ չունի, թե պայքարողները դա անում են վճարովի՞, թե՞ անվճար հիմունքներով։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ «ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարել է, թե իրենք դեմ են քվեարկել ոչ թե Կառավարությանն, այլ այն ծրագրին, որը ներկայացրել է Կառավարությունը։ Ստացվում է, որ Տիգրան Սարգսյանը լավն է, բայց ափսոս, որ նրա ներկայացրած ծրագրում մի երկու տեղ, ասենք, ստորակետի փոխարեն բութ նշանը չի դրված, իսկ միջակետերի փոխարեն՝ բազմակետ։ Հայտարարովի ընդդիմությունը հենց այդպես պետք է լինի։ Այ կփոխի Կառավարությունը կետադրական նշաններն ու հնարավորություն կտա «ժառանգությանը» մաս կազմել հակակոռուպցիոն «կոռմուշկային», սարեր շարժողներն անմիջապես կողմ կքվեարկեն «միջազգային» կենտրոնների մեծ սիրահար վարչապետի ծրագրին։ Բնականաբար՝ «գաղափարական» սկզբունքներից ելնելով։

Այս խորագրի վերջին նյութերը