Լրահոս

31.05.2009 14:21


«Ժառանգություն»–ը արձանագրում է ընտրախախտումները

«Ժառանգություն»–ը  արձանագրում է ընտրախախտումները

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը մամլո ասուլիսի ժամանակ ասել է, որ վաղ առավոտից իրենց հանձնաժողովի անդամներն արձանագրում են մի շարք ընտրախախտումներ։

-Մասնավորապես նշեմ, որ ժամը 8։15-ի դրությամբ 7/8 ընտրատեղամասում դատական դեպարտամենտի կողմից նշանակված հանձնաճողովի անդամը՝ Գոռ Մինասյանը, ծեծի է ենթարկել ՏԸՀ-ում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Գագիկ Սարգսյանին և ՀԱԿ-ի վստահված անձ Սերժիկ Մկրտչյանին։ Գոռ Մինասյանը փորձել է ՀԱԿ վստահված անձին հեռացնել տեղամասից, որից հետո սկսել է հարվածել ապօրինի պահանջին ընդդիմացող Գագիկ Սարգսյանին և Սերժիկ Մկրտչյանին,-ասել է նա։

Ստեփան Սաֆարյանը նշել է, որ ընդհանուր առմամբ՝ քվեարկության ընթացքը լարված է անցնում։

-Որոշ տեղամասերում քվեախցիկները սխալ են տեղադրված, այսինքն՝ հանձնաժողովի անդամները կարող են հանգիստ տեսնել, թե ում օգտին քվեարկեց ընտրողը։ Իսկ 7/18 տեղամասում անհայտ անձը տեղական ընտրական հանձնաժողովում մոտեցել է ՀԱԿ վստահված անձ Արման Բարխուդարյանին։ Զրույցից հետո վերջինս լքել է ընտրատեղամասն ու այլևս չի վերադարձել։ Մենք կարծում ենք, որ այդ անձն ուղղակի կամ անուղղակի ձևով ճնշում է գործադրել ՀԱԿ վստահված անձի վրա,-նշել է նա։

«Ժառանգության» պատգամավորի խոսքերով՝ ժամը 12։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների մոտ 11%-ը։

Այս խորագրի վերջին նյութերը