Մեկնաբանություն

02.07.2012 19:55


«Բեսպրեդելը» հովանավորվում է վերևից

«Բեսպրեդելը» հովանավորվում է վերևից

ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները ծեծելով սպանեցին հայ սպային՝ Վահե Ավետյանին։ Նախագահական նստավայրում հիմա փորձում են հանրային դժգոհությունն ուղորդել և այս ամենից օգուտ քաղել։ Այլ կերպ ասած՝ հա՛մ ուզում են ջրից չոր դուրս գալ, հա՛մ էլ ձեռքի հետ թուրքմենբաշիացման գաղափարն առաջ բրդել։

Բաղրամյան 26–ին ծառայող կուսակցությունների ղեկավարների մարմնավորած մարդկային ու էթիկական որակների և ուղենիշների հանգույն ջահել խունվեյբինները Սերժ Սարգսյանից հիմա պահանջում են արդարադատություն, իսկ «անկախ» մամուլն էլ գրում է, թե ՀՀԿ ղեկավարը պետք է ոչնչացնի օլիգարխներին։ Հակառակ պարագայում օլիգարխները կոչնչացնեն Սերժին՝ տողատակում իրենց մտահոգությունն են հայտնում լրատվական դաշտի գեղամյանները։ Այսինքն՝ փորձ է արվում Սերժ Սարգսյանին դնել կլանաօլիգարխիկ համակարգից դուրս և նրան ներկայացնել որպես ճերմակ թևիկներով հրեշտակ, ով կրակն է ընկել չար օլիգարխների ձեռքը։ Ամա՜ն, ամա՜ն...

Իշխանական քարոզչամեքենան ձեռքի հետ նաև ուզում է «Հարսնաքարում» երիտասարդ սպայի թափած արյունն օգտագործել նեոբոլշևիկյան գաղափարախոսությամբ առաջնորդվող իշխանության շահերի համար՝ Սերժ Սարգսյանի զոհ դարձած հասարակությանն առաջարկելով սատարել նույն Սերժ Սարգսյանին, իբր թե, օլիգարխիայի դեմ կենաց–մահու պայքարում։ Ավելի դեմագոգիկ քարոզ դժվար էր պատկերացնել։

Սերժ Սարգսյանից «ֆուտբոլասեր» դուրս չեկավ, և հիմա էժանագին տեխնոլոգիաներով ուզում են նրանից «օլիգարխատյաց մարտիկ» ստանալ։ Իրականությունը, սակայն, այն է, որ Սերժ Սարգսյանն է մեզանում առկա կլանաօլիգարխիկ համակարգի պարագլուխը, իսկ Տիգրան Սարգսյանն այդ համակարգն է՛լ ավելի կենտրոնացնելու և «մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելու գործիքն է։ Եվ ուրեմն, Սերժ Սարգսյանն է երկրում տիրող «բեսպրեդելի» հիմնական պատասխանատուն։ Հետևաբար՝ 10 հոգու արյան գնով իշխանության եկածին ներկայացնել որպես օլիգարխիայի դեմ պայքարող՝ անբարոյականություն է։ Ինչպես որ 2008–ի մարտի 1–ից հետո էին սերժական քարոզիչները տարածում, թե Սարգսյանը բավական ծանր է տարել դեպքերը, այնպես էլ հիմա են փորձում փարիսեցիաբար սգալ Վահեի դեպքը ... Կիևում ֆուտբոլ նայելով (ի դեպ, Սերժի գլխավորած համակարգի բոլոր վատ քայլերը ՀՀԿ ղեկավարի ֆուտբոլ նայելով են ավարտվում)։

Երկրում տիրող «բեսպրեդելը» հովանավորվում է վերևից և ծիծաղելի է Բաղրամյան 26–ում արդարություն փնտրելը։ 10 մարդու կյանքի գնով իշխանության գալով՝ Սերժ Սարգսյանը յուրօրինակ մեսիջ է հղել իր թիմակիցներին, իսկ վերջիններս էլ գործում են հստակ ինստրուկցիայով՝ մարդկանց ծեծում ու սպանում են։

Ո՞ւմ հայտնի չէ, որ Ռուբեն Հայրապետյանը մշտապես կողմնակից է եղել բռնություն կիրառելուն և ծեծելով պատժելուն։ Նա այդ մասին նույնիսկ ասուլիսի ժամանակ է հայտարարել։ Սերժ Սարգսյանը չգիտե՞ր այդ մասին։ Իհարկե գիտեր։ Գիտեր ու դրա համար էլ ԱԺ ընտրությունների ժամանակ անձամբ էր քարոզում Ռուբեն Հայրապետյանի օգտին և թող այժմ կոկորդիլոսի արցունքներ չթափեն նախագահականում և իրենց ենթակա լրատվամիջոցներով չտարածեն, թե Սարգսյանը վշտից իր ծննդյան տարեդարձը չի նշել։

Ռուբեն Հայրապետյանը երբ հայհոյում էր «Հետք»–ի լրագրողին, իսկ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գլխավորած կառույցը նորմալ էր գնահատում դա և որևէ քայլ չէր ձեռնարկում, ապա մի օր էլ «Հարսնաքարում» պետք է ծեծելով մարդ սպանեին։ Այնպես որ, Աղվան Հովսեփյանն էլ, այսպես ասած, «ախռաննիկ» է աշխատում, պարզապես նա այդ ամենն անում է գլխավոր դատախազի կարգավիճակով ու «ախռանյատ» է անում համակարգի «գամփռ շներին», որպեսզի «շների» տիրակալ «խոզն» իրեն լավ ու ապահով զգա։

Երբ Սերժ Սարգսյանի մյուս կուսակից ընկերը՝ Սյունիքի անփոխարինելի մարզպես Սուրեն Խաչատրյանը կին գործարարի ծեծեց, Աղվան Հովսեփյանի կառույցը հայտարարություն տարածեց, թե ապտակը ծեծ չէ ու գործ չհարուցեց, իսկ Սերժ Սարգսյանն էլ ոչ թե ազատեց մարզպետին աշխատանքից, այլ ՀՀԿ համամասնական ցուցակի մեջ մտցրեց՝ այդպիսով դրական գնահատելով բռնության կիրառումը։ Դե եթե կնոջը ծեծելուց հետո մարդը որևէ պատասխանատվություն չի կրում ու դեռ մի բան էլ խրախուսվում է, ապա ինչու՞ պետք է «Հարսնաքարի» մարդակերները չմտածեին, որ իրենց ոչինչ չի լինի ու անասնական բնազդներին հագուրտ չտային։

Հիմա ո՞վ է ավելի շատ մեղավոր Վահեի սպանության և մեր երկրում գրանցվող բազում հանցագործությունների համար՝ Սերժ Սարգսյա՞նը, Տիգրան Սարգսյա՞նը,  արդարադատության համար ի պաշտոնե պատասխանատու Աղվան Հովսեփյա՞նը և պետությունն իրենցով արած մյու՞ս օլիգարխները, թե՞ նրանց ենթակա ռուբենհայրապետյանները։ Պարզ չէ՞, որ ձուկը գլխից է հոտած։ Դե ուրեմն թող դեմագոգիայով չզբաղվեն բոլոր նրանք, ովքեր «առաջադեմ հասարակություն» ներկայանալով փորձում են Սերժ Սարգսյանի խաղը խաղալ՝ անբարո կերպով օգտագործելով մարդկային ողբերգությունը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը