Մեկնաբանություն

04.07.2012 10:16


«Բարի թագավոր, չար բոյարներ». արար 2–րդ

«Բարի թագավոր, չար բոյարներ». արար 2–րդ

Ռուբեն Հայրապետյանի մանդատից հրաժարվելը «դեժավյու» շարքից էր։ Ամեն ինչ Մաշտոցի պուրակի «հերոսամարտն» էր հիշեցնում։ Պարզ է, որ իշխանությունը չէր պլանավորել Վահե Ավետյանի սպանությունը, բայց հետագա զարգացումները ցույց տվեցին, որ ներդրված «քաղաքացիական ակտիվիստները» հանրային դժգոհությունն ուղղորդեցին «նախագահից պահանջում ենք» սցենարով, որպեսզի վերջաբանը ստացվեր պուրակային սերիալի պես։

Ճիշտ է, տեսախցիկների առաջ Սերժ Սարգսյանը չարտասանեց «Ռուբե՛ն ջան, ինքդ էլ տեսնում ես, որ սիրուն չի։ Մի ձև գտիր ...» նախադասությունները, իսկ Ռուբեն Հայրապետյանն էլ չարձագանքեց, թե «Եղավ պարո՛ն նախագահ», բայց մնացած ամեն ինչ պուրակային ոճի մեջ էր։

Ռուբեն Հայրապետյանը ուշ երեկոյան դուրս էր գալիս անվտանգության աշխատակիցների կողմից հսկվող նախագահական նստավայրի հետնամուտքից և «պատահաբար» այնտեղ էր գտնվում իշխանական լրատվամիջոցի լրագրողը, ով «Հարսնաքարի» տիրոջից հետաքրքրվեց, թե ինչ էր նա անում Սերժ Սարգսյանի մոտ։ Հայրապետյանն էլ, թե «շուտով հայտարարություն կանեմ»։

Իշխանական քարոզչամեքենան հատուկ տարածեց, թե Հայրապետյանը մանդատից հրաժարվելու հայտարարությունն արեց նախագահի մոտ մտնելուց հետո, որպեսզի հետագայում սոցցանցերում սկսվեր «Կեցցե՛ Սերժ Սարգսյանը», «Սա աննախադեպ քայլ էր երկրի նախագահի կողմից», «Սերժ Սարգսյանը պայքարում է օլիգարխների դեմ» էժանագին PR–ը։ Դրանով փորձ է արվում առաջ մղել «Հասարակությունը պահանջում է, իսկ նախագահն արձագանքում է» կեղծ գաղափարը, որով պետք է օրգանական կապ առաջանա բարի նախագահի և պայքարող հասարակության միջև։ Ավելի դեմագոգիկ բան անկախ Հայաստանում չի եղել։ 10 մարդու սպանության գնով իշխանության եկած մարդն «էն գլխից» չի կարող որևէ օրգանական կապ ունենալ հասարակության հետ և պետք չէ պատվերով համերգ տալ։

Նրանք, ովքեր քաղաքացիական հասարակության ներկայացուցչի կարգավիճակով դրական են գնահատում «Սարգսյանը հրաժարական պարտադրեց Հայրապետյանին» վարկածը՝ ՀՀԿ ղեկավարին սուլթանի դերում են տեսնում, բայց չէ՞ որ սուլթանատը որևէ կապ չունի քաղաքացիական արժեքների և ժողովրդավարության հետ։ 

Իշխանական քարոզիչներն այնպիսի հիացական ձևակերպումներ են տալիս Ս. Սարգսյանի ենթադրյալ ճնշումների արդյունքում Ռ. Հայրապետյանի հրաժարականի մասով, որ կարծես ժողովուրդը պետք է գոհ լինի, որ իր շարքերից մեկին ծեծելով սպանել են Սերժ Սարգսյանի թիմակիցները, իսկ նախագահն, ահա, «ժերտվա» է տվել նրանց։ 

Իհարկե լավ է, որ Ռուբեն Հայրապետյանը հրաժարվեց մանդատից ու հրապարակավ զղջաց տեղի ունեցածի համար, բայց եթե Վահեի սպանության ժամանակ Հայրապետյանը տեղում չի եղել, անձամբ չի մասնակցել երիտասարդ սպայի սպանությանը ու հաստատ չէր ուզենա նման պատմության մեջ ընկնել, ապա 2008թ. մարտի 1–ի դեպքերի ժամանակ Սերժ Սարգսյանը նույնպես անձամբ չէր մասնակցում սպանություններին, բայց գիտեր, որ հանուն իր նախագահ դառնալու բախում է տեղի ունենում և կարող են մարդիկ մեռնել։ Ասելս այն է, որ Հայրապետյանը համեմատաբար ավելի մաքուր ու բարոյական է, քան Սերժ Սարգսյանը և ծիծաղելի է վերջինիս «բարի թագավոր» սարքելը։

Եթե «Հարսնաքարի» դեպքից հետո Հայրապետյանը հանձնեց առաջնային մանդատը, ապա Սերժ Սարգսյանն առավելևս պետք է հանձնի ի՛ր փայ առաջնային մանդատը, բայց քանի որ նա դա կամովին չի անի, այլ ամեն գնով, սրան–նրան «ժերտվա» տալով, կեղծ թիրախներ հասարակությանը մատուցելով կձգտի պահել աթոռը, ուստի պետք է առաջիկա քաղաքական առիթն օգտագործել երկրում տիրող մթնոլորտի թիվ մեկ պատասխանատուին Ռուբեն Հայրապետյանի ուղղությամբ ուղարկելու համար։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը