Մեկնաբանություն

04.07.2012 13:39


Երբ և ինչ է պետք անել

Երբ և ինչ է պետք անել

Երկրում հեղափոխական վիճակ է, բայց առայժմ չկա մի քաղաքական ուժ, որն իր վրա վերցնի պատասխանատվությունն ու մինչև վերջ տանի զարգացումները։

Վահե Ավետյանի սպանությունը հասարակության համբերության բաժակը լցրեց, և մարդկանց ճնշող մեծամասնությունն ինքնաբուխ բողոքի ակցիաների անցավ։ Սա շատ նման է Թունիսում կամ Եգիպտոսում տեղի ունեցածին, երբ որոշակի քաղաքական ուժ չէր ուղղորդում գործընթացը։ Դա հանգեցրեց արյունալի բախումների, ինչը մեզանում թույլ չտալու համար հարկավոր է իրավիճակը մտցնել քաղաքական տրամաբանության մեջ ու իշխանությանը քաղաքականապես պարտադրել հեռանալ։

Իշխանությունն իր «դհոլային» քարոզչամեքենայով հիմա փորձում է հանրային դժգոհություններն ուղղորդել և չեզոքացնել հեղափոխական էներգիան՝ նպատակ ունենալով վերարտադրվել։ Ռուբեն Հայրապետյանի հայտարարության միջոցով խնդիր է դրված Սերժ Սարգսյանին ներկայացնել որպես «փուլային տարբերակով բարեփոխումներ անող» գործիչ, ինչը կատարյալ դեմագոգիա է։

Անշու՛շտ, «Հարսնաքարի» սեփականատերը մանդատը վայր դրեց հանրային ճնշման շնորհիվ, և դա դրական երևույթ է, բայց որևէ պարագայում չպետք է թույլ տալ, որ լեգիտիմացվի Սերժ Սարգսյանի՝ պատգամավորական մանդատ տալու և այդ մանդատից զրկելու գործելակերպը, մանավանդ որ Վահեի սպանության հետ կապված՝ նախագահը ծպտուն չի հանել, գնահատական չի տվել, երիտասարդ սպայի հոգեհանգստի օրը գնացել է Կիև ֆուտբոլ նայելու, չի այցելել թաղմանը, իսկ Հայրապետյանն էլ մանդատից հրաժարվել է նախագահականում ունեցած փակ զրույցից հետո։

Ռուբենհայրապետյաններին իրենց տեղը պետք է դնել, բայց դրանով հարց չի լուծվում։ Սերժի եղբայր Սաշիկն էլ մանդատ չվերցրեց այս անգամ, և ի՞նչ։ Վահեին «Հարսնաքարում» չսպանեցի՞ն Սաշիկի պատգամավոր չդառնալու արդյունքում։ Ասելս այն է, որ հանրության հեղափոխական տրամադրությունները պետք է ուղղորդել ճիշտ հունով և հասնել համակարգային փոփոխությունների։

Հանրային արդարացի դժգոհության աղբյուրն այն համակարգն է, որը գլխավորում է Սերժ Սարգսյանը, և որն է՛լ ավելի վատը դարձնելու գործիք է ծառայում Տիգրան Սարգսյանը։ Ասել է թե՝ Հայաստանի ապագայով մտահոգ քաղաքացիներիս հիմնական անելիքը պետք է լինի Սերժ Սարգսյանի վերարտադրությունն ու վարվող քաղաքականության շարունակելիությունը թույլ չտալը։

Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանն ավելի մեծ հանրային վտանգավորություն են ներկայացնում, քան նրանց ենթակաները։ Այս զույգը Հայաստանը վերածել է մի մեծ «Հարսնաքարի», որտեղ ամեն օր անարդարություններ են տեղի ունենում։ Քանի–քանիսն արտագաղթեցին երկրում տիրող սարսափելի պայմաններից ու Վահեի պես սպանվեցին ռուսաստաններում կամ այլուր։ Եվ ուրեմն, թող չփորձեն մեզ «ադալժենի» անել՝ հայտարարելով, թե տեսեք ինչ հակաօլիգարխիկ պայքար է մղվում։ Մեր երկրի թիվ մեկ ու միակը լինելու ձգտող օլիգարխը հենց Սերժ Սարգսյանն է, և գործող համակարգի մանր ձկնիկներին հետապնդելուն զուգահեռ չպետք է մոռանալ խոշորի հարցերը լուծելու մասին։

Վահեի սպանության բոլոր մեղավորներն արժանի են խստագույն պատժի, բայց ծիծաղելի է արդարության համար պայքարը վերածել Սերժ Սարգսյանի ձոներգության, թե՝ մալադեց, Հայրապետյանի պահով ճիշտ քայլ արեց։ Նման «ճիշտ» քայլեր ժամանակին անում էր նաև Ստալինը, ով ուղղորդում էր 37թ.–ի գազանություններից դժգոհներին և պատժում ... «ժողովրդի թշնամի» հռչակված տրոցկիստներին, այնինչ հենց ինքն էր մարդատյաց համակարգի պարագլուխը։ Ստալինն էլ էր սիրում «ժերտվա» տալ իր թիմակիցներին ու «ժողովուրդների հոր» դերը ստանձնել, բայց հո բոլորս գիտենք, թե ինչն ինչոց էր։ Այնպես որ, թիրախները պետք է հստակեցնել, ճաքեր առաջացնել իշխանական բուրգի ներսում, ճնշումն ուժեղացնել, քաղաքական փաթեթավորում տալ զարգացումներին և 2013թ. պայքարը հասցնել տրամաբանական ավարտին։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը