Մեկնաբանություն

05.07.2012 09:55


Սերժ Սարգսյանի երկդիմի քաղաքականությունը

Սերժ Սարգսյանի երկդիմի քաղաքականությունը

2008թ. մարտի 1–ի 10 զոհերի գնով նախագահ դարձած Սերժ Սարգսյանը, Բաղրամյան 26–ում հայտնվելուց ի վեր, երկդիմի քաղաքականություն է վարում։

Նա մի կողմից ստորագրեց հայ–թուրքական տխրահռչակ արձանագրությունները, որով, փաստացի, առևտրի առարկա դարձրեց Հայոց ցեղասպանությունը, բայց մյուս կողմից՝ Դեյր Զորում խոսեց հայկական Նյուրնբերգի անհրաժեշտության մասին, ինչպես նաև ծաղիկներ դրեց ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի գերեզմանին` ցույց տալու համար, թե իբր մեծ Հայաստան է պահանջում։

Սարգսյանը քիրվայության բուռն շրջանում մի կողմից «Ալ Վաթան» թերթին հարցազրույց տվեց ու հայտարարեց, թե ինքը պատրաստ է զիջել տարածքները, եթե Ադրբեջանն ընդունի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունը, բայց մյուս կողմից էլ երկրի ներսում հայրենասիրական հռետորաբանություն կիրառեց։

ՀՀԿ ղեկավարը մի կողմից Հայաստանում ռազմաբազաների տեղակայումը 49 տարով երկարաձգելու պայմանագիր կնքեց Ռուսաստանի հետ, բայց մյուս կողմից էլ վարձկան լրատվամիջոցներով տարածեց, թե իբր ինքն արևմտամետ է և պայքարում է ռուսամետ ուժերի դեմ։

Տիգրան Սարգսյանի վարած չարաբաստիկ տնտեսական քաղաքականությամբ հիացած մարդը մի կողմից անձամբ քարոզեց ռուբենհայրապետյանների օգտին ու ԱԺ վերջին ընտրությունների ժամանակ խնդրեց «Հավատանք, որ փոխենք» կարգախոսի շրջանակներում մեծամասնական ընտրատարածքներում ձայնը տալ իր տեսակին մոտ մարդկանց, բայց մյուս կողմից՝ գեղամյանություն անող լրատվամիջոցներով տարածեց ու տարածում է, թե իբր ինքն ուզում է ազատվել այդ մարդկանցից, պարզապես հասարակությունը պետք է կանգնի իր կողքին։ Ի դեպ, Սերժ Սարգսյանին հակաօլիգարխիկ կերպարի մեջ ներկայացնելն իշխանական քարոզչամեքենայի ամենամառազմատիկ և ցինիկ քայլն է, քանզի Հայաստանի պետական կառավարման համակարգում առկա բացասական երևույթներն իր մեջ խտացրած ՀՀԿ առաջնորդին այդ կերպարի մեջ պատկերացնելու համար նույնիսկ կես լիտր «յաթրջին» չի հերիքի։ 

Ս. Սարգսյանի թիմակիցները մի կողմից տարածեցին, թե նախագահն այնքան ծանր է տարել Վահե Ավետյանի մահը, որ անգամ ծննդյան տարեդարձը չի նշում ու այդ թեմայով խոսելն էլ չի գալիս, բայց մյուս կողմից պարզվեց, որ նա, իր տիպի նախագահների ընկերակցությամբ, բավական ուրախ դեմքով ֆուտբոլ էր դիտում ՀՀԿ–ականին պատկանող  «Հարսնաքարում» ծեծի հետևանքով սպանված Հայոց բանակի սպայի հոգեհանգստյան արարողության օրը՝ երևի փորձելով ա՛յդ ձևով «ցրվել»։ 

Այսպիսի շատ այլ բաների մասին կարելի է խոսել, սակայն այսքանն էլ բավարար է՝ հասկանալու համար, թե ում հետ գործ ունենք։

Իրականությունն այն է, որ Սերժ Սարգսյանի հիմնական նպատակը Հայաստանում ադրբեջանական տիպի հետադիմական պետություն կառուցելն է՝ «Պայքարում ենք օլիգարխների դեմ» դեմագոգիկ կարգախոսի ներքո «Մեկ օլիգարխի տնտեսություն» ստեղծելու նպատակով։ Այսինքն՝ նախագահականում խնդիր են դրել ոչ թե կլանաօլիգարխիկ համակարգը վերացնել՝ բիզնեսի մրցակցային պայմաններ ապահովելով, այլ է՛լ ավելի կենտրոնացնել այս կեղտոտ համակարգն ու սեփականության խոշորամասշտաբ վերաբաշխում իրականացնելով՝ հավերժ իշխել։

Իշխանությունն ուզում է վարվող ներքին ու արտաքին քաղաքականությունից  առաջացած համընդհանուր դժգոհությունը ևս սեփականաշնորհել և ուղղորդել այնպես, ինչպես բոլշևիկներն էին փորձում սեփական ձախողումներն ու ժողովրդին սովի մատնելը ներքին և արտաքին կեղծ թշնամիներով պայմանավորել։ Քանի կյանքը վատանում էր ՍՍՀՄ–ում, այնքան Ստալինն ավելի շատ էր «ժողովրդի թշնամի» ման գալիս և գնդակահարում իբր թե ծպտյալ տրոցկիստներին, մենշևիկներին, ցարականներին և «օտարերկրյա գործակալ» պիտակավորվածներին։

Ստալինը, սեփական շահերից ելնելով, սիրում էր նաև «ժերտվա» տալ իր անմիջական թիմակիցներին՝ այդ ամենը ներկայացնելով որպես պայքար իշխանության ներսում չափն անցածների ու բոլշևիզմին վատ ծառայողների դեմ։ «Ժողովուրդների հայրն», օրինակ, Լենինգրադում իր դիրքերն ամրապնդելու համար այնտեղ ուղարկեց Կիրովին, բայց երբ արդեն ամեն ինչ կարգավորվել էր, Կիրովը «ժերտվա» գնաց՝ նրան սպանեցին։ Մեր տնաբույծ նեոբոլշևիկները հիմա նույն մեթոդով են աշխատում և քարոզչամեքենան էլ նույն կերպ են աշխատեցնում, պարզապես ձևերն են տարբեր. գաղափարական կիրովներին փոխարինելու են եկել իրենց շեֆի պես անգաղափար ռուբենհայրապետյանները, իսկ մարտնչող զոմբի–կոմսոմոլները մեզանում այժմ ներկայացված են նախագահականի կրնկի տակ գործող «քաղաքացիական ակտիվիստի» տեսքով։ Բայց հիմա 21–րդ դարն է։ Մենք այս ամենի մասին գիտենք, մենք այդ դասն անցել ենք և պետք է թույլ չտանք, որպեսզի բոլշևիկյան ռեվանշը Հայաստանում հաղթանակի հասնի։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի «մետությանը», ապա նա ո՛չ արևմտամետ է, ո՛չ ռուսամետ, ո՛չ թուրքամետ, ո՛չ էլ, առավելևս, հայամետ։ Նա և՛ արևմտամետ է, և՛ ռուսամետ, և՛ թուրքամետ. նայած թե տվյալ պահին ինչը կնպաստի աթոռին մնալուն։ Ասել է թե՝ Սերժ Սարգսյանը թուրքմենբաշիական հակումներով աթոռամետ գործիչ է, ում գործունեության պատճառով Հայաստանի տնտեսությունը անկում ապրեց, արտագաղթը սարսափելի չափերի հասավ, աղքատությունը խորացավ, իսկ արտաքին դաշտում մենք սուբյեկտից վերածվեցինք քլինթոնների, մեդվեդևների ու գյուլերի սակարկությունների առարկայի։ Հետևաբար՝ ամեն ինչ պետք է անել այս «նախաձեռնողական» քաղաքականությանը վերջ տալու և ժամանակակից պետություն ունենալու համար։ Գալիք նախագահական ընտրությունները հարմար առիթ են, հանրային ու քաղաքական լայն կոնսոլիդացիա ապահովելով, կյանքի կոչելու «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» ծրագիրը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը