Մեկնաբանություն

05.07.2012 18:02


Սահմանադրությունը և հեղափոխությունը

Սահմանադրությունը և հեղափոխությունը

Հայաստանի Սահմանադրության մեջ երկու կարևորագույն հոդված կա։ Մնացած հոդվածները կոչված են իրականություն դարձնելու այդ հոդվածներում նշված նպատակները։

Ինչ է գրված և ինչ ունենք

ՀՀ Սահմանադրության 1–ին հոդվածում գրված է. «ՀՀ–ն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»։

Մեր հիմնական օրենքի 2–րդ հոդվածով սահմանված է. «ՀՀ–ում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով։ Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»։

Հայաստանի անկախացումից 20 տարի անց ստիպված ենք արձանագրել, որ Սահմանադրության առաջին ու երկրորդ հոդվածները չեն գործում։ Հայաստանն այսօր ինքնիշխան է այնքանով, որքանով։ Արցախյան պատերազմում տարած փառահեղ հաղթանակը կարող էր ուղղել հարյուրամյակներով պետություն կորցրածներիս մեջքը, բայց մենք մսխեցինք հաղթանակի արդյունքները՝ լրջորեն հարվածելով ՀՀ ինքնիշխանությանը։

Ինչ վերաբերում է մեր պետության իրավական, ժողովրդավարական և սոցիալական լինելուն, ապա այս առումով իմաստ էլ չունի ծավալուն վերլուծություն ներկայացնել։ Բոլորս էլ գիտենք, որ այդպիսին չէ Հայաստանը։

Անդրադառնալով Սահմանադրության երկրորդ հոդվածում նշված դրույթներին՝ պետք է արձանագրել, որ ժողովրդի քվեն մշտապես կեղծվել է։ Բացառությամբ 1991–ի նախագահական ընտրությունների՝ մնացածների ժամանակ իշխանությունը, փաստացի, մեծ կամ փոքր չափով յուրացվել է։ Այսինքն տեղի է ունեցել  հանցագործություն։

Խոսելով ընթացիկ վիճակի և երկրում արդարության դեֆիցիտի մասին՝ հարկ է չմոռանալ, որ Սերժ Սարգսյանը իշխանության եկավ ընտրակեղծիքների և 10 զոհերի գնով։ Նա առաջինը չէ, ով հակասահմանադրական ճանապարհով է իշխանություն վերցնում, բայց պետք է ամեն ինչ անել, որպեսզի վերջինը լինի, ում հաջողվել է մարսել այդ ձևով իշխանության գալը։ Իսկ այն, որ Սարգսյանը պետք է հեռացվի՝ բխում է մեր մայր օրենքի տառից ու ոգուց։ Իշխանափոխությունը նաև ազգային անվտանգության հարցի է վերածվել, և մենք չենք կարող շռայլություն թույլ տալ մեզ ու հանդուրժել այս անարդյունավետ կառավարիչներին։

Մարդկային կյանքերի գնով նախագահի աթոռին հայտնվելուց հետո երկրում առկա խնդիրները լուծելու, բաց համակարգ սարքելու և հասարակության լայն շերտերի հետ իրական երկխոսության մեջ մտնելու փոխարեն՝ Սարգսյանը  հրապարակային քաղաքականությունը փոխարինեց թամաշայով, արտաքին քաղաքականությունը՝ «ֆուտբոլով», մրցակցային տնտեսություն ստեղծելու փոխարեն սկսեց կառուցել «մեկ օլիգարխի տնտեսություն» և այսպես շարունակ։ Արդյունքում՝ ունեցանք սարսափելի չափերի հասնող արտագաղթ, տնտեսության անկում, կապիտալի արտահոսք, արտաքին պարտքի շեշտակի աճ։

Մեր պետությունն այժմ պարտվում է Ադրբեջանի հետ «սառը» պատերազմում, ինչը նշանակում է, որ այսպես շարունակվել չի կարող։

Հեղափոխությունը որպես սահմանադրական ճանապարհ

Շատերին է հուզում այն հարցը, թե լավ, ամեն ինչ շատ պարզ է, այս իշխանությանը չենք ընդունում, բայց ինչպե՞ս հեռացնենք նրանց, չէ՞ որ «սահմանադրական ճանապարհ» կոչվածը մշտապես դեպի փակուղի է տարել։ Ասեմ, որ ոչ թե Սահմանադրությունն է փակուղու առաջ կանգնեցնում, այլ ինքներս ենք մեզ դնում փակուղային վիճակում։ Ո՞վ է ասել, որ բռնությանը դիմադրելը հակասահմանադրական ճանապարհ է։ Ո՞վ է ասել, որ իշխանության յուրացման (իմա՝ հանցագործության) դեմն առնելը հակասահմանադրական ճանապարհ է։

Սահմանադրության մեջ, ինչպես արդեն վերևում ցույց տրվեց, հստակ նշված է, որ իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է։ Ամեն ինչ շատ պարզ ու հստակ գրված է։

ԱԺ վերջին ընտրություններն աչքի ընկան նրանով, որ ամենացինիկ ու ամենալկտի տարբերակով «ընտրություն» տեղի ունեցավ։ Շրջիկ խմբերի, ուռճացված ընտրացուցակների, ընտրակաշառքի միջոցով ՀՀԿ–ին որպես կազմակերպություն հաջողվեց յուրացնել իշխանությունը և խորհրդարանի հսկիչ փաթեթի տեր դառնալ։

Եթե մինչև 2012թ. ընտրությունները դեռ կային մարդիկ, ովքեր կարծում էին, թե հնարավոր կլինի ընտրատեղամասերում  կազմակերպված ձևով վերահսկողություն անելու դեպքում ակնկալել քիչ թե շատ նորմալ արդյունք, ապա ընտրակեղծիքների նոր տեխնոլոգիան ներդնելով՝ Սերժ Սարգսյանը բոլորիս վերջնականապես համոզեց, որ միայն քարոզչության, ծրագրի, գաղափարի և ի վերջո քվեատուփի պարունակության վրա հույս դնելն անմեղսունակություն է, և միակ սահմանադրական ճանապարհը, որով հնարավոր են փոփոխություններ՝ հեղափոխությունն է։

Մինչև հիմա կար տարածված տեսակետ, թե հեղափոխությունը և սահմանադրական ճանապարհը միմյանց հակադիր հասկացություններ են։ Բայց դա սխալ տեսակետ է։

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը ժողովրդին մանդատ է տվել հեղափոխություն անելու այն դեպքում, երբ իշխանությունը յուրացվում է կազմակերպության կամ անհատի կողմից, այսինքն՝ կատարվում է հանցագործություն։ Հետևաբար՝ 2013–ին պետք է, իրոք, գնալ սահմանադրական ճանապարհով, այն է՝ անհատի կողմից իշխանության յուրացման դեպքում դիմել մեր Սահմանադրությամբ տրված բոլոր օրինական միջոցներին։ Ուժային կառույցներն ու պետական կառավարման այլ մարմիններն այդ ժամանակ պետք է պաշտպանեն Սահմանադրությունը, այլ ոչ թե ուզուրպատորին։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Սահմանադրության օրվա կապակցությամբ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել և, մասնավորապես, շեշտել է քաղաքացիական հասարակության հետ պետության արդյունավետ կապի անհրաժեշտությունը։

Հաշվի առնելով Սերժ Սարգսյանի կառավարման ոճը, կապեր հաստատելու նրան հասու ձևերը և «քաղաքացիական հասարակության» թեմայով իշխանական լրատվամիջոցների քարոզը՝ կարող եմ հարյուր տոկոսանոց վստահությամբ պնդել, որ շատ շուտով խուրդվելու է նաև «քաղաքացիական հասարակություն» հասկացությունը, իսկ ավելի ճիշտ՝ նրանք, ովքեր «երկխոսացվել» են այդ «գետնին» վրա, քանզի ինչին Սերժը դիպչում է, միանգամից փչանում է՝ դառնալով «դհոլ»։ Իսկ այն, որ նախագահականը հաճախորդացրել է Գեղամյանի մարդկային որակների հանգույն «քաղաքացիական ակտիվիստ» կամ «քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ» կոչվածներից մի քանիսին, տեսանելի է նույնիսկ անզեն աչքով։ Ընդամենը պետք է թերթել իշխանական կայքերի էջերը։

Երևույթի դեմն առնելու լավագույն տարբերակը քաղաքական ու քաղաքացիական կոդերը մեկտեղելն ու Սերժ Սարգսյանի գլխավորած համակարգի դեմ ուղղելն է։ Ով այս տարբերակով չգործի, կամա թե ակամա, խաղալու է ՀՀԿ ղեկավարի կողմից և քաղաքացիական հասարակության դեմ։

Այս խորագրի վերջին նյութերը