Մեկնաբանություն

06.07.2012 11:22


Դավիթ Շահնազարյանի անկեղծացումը

Դավիթ Շահնազարյանի անկեղծացումը

«Ազատություն» ռադիոկայանին տված վերջին հարցազրույցում արդեն նախկին ՀԱԿ–ական Դավիթ Շահնազարյանը սերժահաճո մի շարք մտքեր է հայտնել։ Նրա ասածներն ու գնահատականների ենթատեքստն ամբողջությամբ համընկնում է ՀՀԿ ղեկավարի տեսակետներին ու ցանկություններին, և ահա թե ինչու։ 

Ա. Որքան դրական է գնահատում Դավիթ Շահնազարյանը ՀԱԿ–ի՝ իշխանությանը ձեռնտու «երկխոսությունը» Կառավարության ընդունելությունների տանը, նույնքան բացասական է գնահատում «Առա՛ջ, դեպի անսերժ Հայաստան» կարգախոսի ներքո նույն ՀԱԿ–ի քայլերը,

Բ. Շահնազարյանը կողմ էր և իր կողմից ամեն ինչ արեց որպեսզի 2011–ին ՀՀԿ–ի ու ԲՀԿ–ի միջև կոալիցիոն նոր հուշագիր ստորագրվի։ Հիմա, երբ ԲՀԿ–ն դուրս է եկել կոալիցիայից և ակնհայտ է, որ չի պաշտպանելու Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ Շահնազարյանն այդ ամենը բացասական է գնահատում։ Դավիթի համար Սերժը չարյաց փոքրագույնն է  («Սերժը չարյաց փոքրագույնն է» քարոզչական «տրյուկն», ի դեպ, երկար ժամանակ տարածվում է նախագահական նստավայրից),

Գ. Շահնազարյանը չի ողջունում ՀԱԿ–ի՝ ՀՀԿ–ին քաղաքական մենաշնորհից զրկելու քայլերը՝ դեմ արտահայտվելով «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» ծրագրին,

Դ. Շահնազարյանն, ինչպես Սերժ Սարգսյանի թիմակիցները և արտահաստիքային սազանդարները, Վարդան Օսկանյանի հետ կապված գործում քաղաքական ենթատեքստ չի տեսնում և ընդունում է ԱԱԾ–ի վարկածը,

Ե. Այնպես ինչպես 2011–ի փետրվարին (սերժանպաստ կոալիցիոն հուշագրի ստորագրման ժամանակ), այժմ էլ Շահնազարյանը Սերժ  Սարգսյանի ոչ պաշտոնական մամլո խոսնակի դերում է հանդես գալիս և «ընդդիմադիր» դիրքերից հիմնավորում, թե ինչու պետք է ՀՀԿ ղեկավարը վերարտադրվի,

Զ. Իշխանական քարոզչամեքենային ձայնակցելն ամբողջական չէր լինի, եթե Շահնազարյանը չխոսեր մոդայիկ դարձած ու իշխանական քարոզչամեքենայով «ռասկրուտկա» արվող «քաղաքացիական հասարակության» մասին։ Նա խոսեց ու ասաց, որ այդ դաշտում է իրեն տեսնում։ Նկատենք, որ սա  իշխանությանը ծառայելու «ատմազկա» է դարձել վերջին շրջանում, քանզի այն «քաղաքացիական հասարակությունը», որի մասին իր երեկվա ուղերձում շեշտեց Սերժ Սարգսյանը՝ որևէ կապ չունի իրական քաղաքացիական հասարակություն հասկացության հետ։ Վերջում միևնույն է դհոլ է ստացվելու կամ լավագույն դեպքում «Տարո՛ն ջան, սիրուն չի...» նախադասությամբ ավարտվող մի բան։

Ուշագրավ է, որ Դավիթ Շահնազարյանի այս տեսակետները մեկ կենտրոնից եկած հրահանգով լայնորեն տարածվեցին նախագահականի վերահսկողության տակ գտնվող կայքերով, ինչին հետևեց Րաֆֆիի մարդկային որակների հանգույն լյուստրացված փորձագետի կանխատեսելի արձագանքը։ Այսինքն՝ Շահնազարյանի պահով իշխանական PR գործիքներն աշխատեցին այնպես, ինչպես Արամ Զավենիչի, Մակեյանի, Մաշտոցի պուրակի և մյուս նախագծերի դեպքում։

Պարզ է, որ Սերժ Սարգսյանի շրջապատում խիստ անհանգստացած են «Կոնսենսուս մինուս մեկ»–ով և ամեն ինչ անում են ԲՀԿ–ին, ՀԱԿ–ին ու ՀՅԴ–ին վնասելու համար։ Մեյդան են նետվում ձեռքի տակ եղած բոլոր տիպի շահնազարյաններն ու «քաղաքացիականները»։

Արտաշես Գեղամյանն ու Արթուր Բաղդասարյանը վաղուց «խուրդվել» են, և Ս. Սարգսյանը ստիպված է ապավինել նեոգեղամյաններին, ովքեր իրենց նախորդներին զիջում են կատարողական վարպետությամբ, բայց իշխանությունն այլ ռեսուրս չունի և ստիպված է բավարարվել սրանցով։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը