Մեկնաբանություն

06.07.2012 20:11


Ռուբենը հրաժարվեց մանդատից, իսկ տղերքը զրկվեցին «կռիշից»

Ռուբենը հրաժարվեց մանդատից, իսկ տղերքը զրկվեցին «կռիշից»

Սերժ Սարգսյանի թիմը հիմա ջանք ու եռանդ չի խնայում՝ փորձելով սեփական «փողոցային» զանգված ձևավորել և այդպիսով վերահսկել հանրության ընդդիմադիր տրամադրությունները։ Առայժմ զրոյական արդյունք կա։

Րաֆֆին գնաց «հացադուլի»

ԱԺ ընտրությունների ժամանակ իշխանությունն ամեն ինչ արեց, որպեսզի Րաֆֆի Հովհաննիսյանին դարձնի ընդդիմադիր դաշտի լիդեր, բայց «ժառանգության» առաջնորդի իշխանահաճո քայլերն այնքան «ափաշքարա» էին ու սարերի ֆոնին նրա պարն այնքան անտաղանդ, որ ոչինչ չստացվեց։

Ամեն ինչ ավարտվեց նրանով, որ Րաֆֆին մայիսի 6–ից հետո արթնացավ իր պատկերացրած «նոր Հայաստանում»։ Նա մեկնեց ԱՄՆ, վերադարձավ մի հատ «ծիկ» արեց ու հիմա կրկին անցել է ընդհատակ։ Երևի պատրաստվում է ջրադուլի։

Արամն ու մյուսները՝ Րաֆֆիի հանգույն

Տեսնելով, որ Րաֆֆիով ոչինչ չստացվեց, իշխանությունն անցավ պլան «Բ»–ին, այն է՝ խաղի մեջ մտցրեց Արամ Զավենի Սարգսյանին։ Իշխանամետ լրատվամիջոցներն օրն սկսում ու ավարտում էին Արամի մասին հոդվածներով ու «վերլուծություններով»։ «Հանրապետության» ղեկավարի «ֆաս» ու «պրոֆիլ», սիգարետով ու առանց սիգարետի, ուրախ և մտահոգ, կենտրոնացած ու ցրված դեմքով նկարները չէին իջնում նախագահականի քարոզչական կայքերի գլխավոր էջերից։ Բայց կրկին բան դուրս չեկավ։ Պատճառն այն է, որ նորաթուխ Գեղամյանին լուրջ չեն ընկալում անգամ իր կուսակիցները։

«Դարակազմիկ» ճեպազրույցից հետո Արամի «իզն ու թոզը» վերացել է, բայց եթե հիշում եք, «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը խոստանում էր մանդատը վայր դնելուն պես անցնել սարեր շարժելու գործին և միանալ ժողովրդին (եթե վերջին 15-20 օրվա մեջ մանդատը վայր դրած լիներ, ապա կասեր, թե միանում եմ «քաղաքացիական հասարակությանը»)։ Կտրուկ գործողությունների մեծ «սիրահար» և «արմատական» Արամ Սարգսյանին, սակայն, մենք չնկատեցինք Սերժ Սարգսյանի գաղափարակից ընկեր Ռուբեն Հայրապետյանի դեմ կազմակերպած բողոքի ակցիաների ժամանակ, այնինչ նա մեր բազմաչարչար քաղաքացիներին խոստացել էր փողոցից տուն չգնալ։ Ինչև։

Ասեմ, որ անտինեմեցական միջոցառումներին Արամ Զավենիչը չէր մասնակցում շատ հասկանալի պատճառներով։ Ինչպես հայտնի է, Ռուբենն ու Արամը հրապարակավ ընկեր են «պրիզնատ» եկել և հաճոյախոսություններ շռայլել միմյանց հասցեին։ Ահա և փողոց դուրս չգալու ծանրակշիռ պատճառներից մեկը։

Դե Արամի մոտ միշտ այդպես է ստացվում. նախաճաշից հետո և ճաշից առաջ նա պայքարում է Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանության դեմ, իսկ ընթրիքին արդեն տանը հյուրեր ընդունում կառավարությունից։ Ռուբենի հետ կապված էլ, երևի, Արամի օրվա ընդդիմադիր գրաֆիկը ոչ մի կերպ չէր համընկել բողոքի ցույցերի ժամերին։

Ռուբենի դեմ Արամը որևէ կերպ հանդես չէր գա նաև այլ պատճառով։ Մեր ունեցած տեղեկություններով՝ Ռուբեն Հայրապետյանի վրա դրված է Արամին «կուռացիա» անելու խնդիրը և հասկանալի է, որ վերջինս չէր կարող մասնակցել «Հարսնաքարում» տեղի ունեցած հանցագործության դեմ ուղղված բողոքի ակցիաներին և չէր կարող անգամ ծպտուն հանել այդ թեմայով։ Ռուբենը կնեղանար ու միգուցե կպատժեր, ո՞վ գիտե։

Հաշվի առնելով մի շարք այլ հանգամանքներ ևս՝ կարող ենք ասել, որ Արամ Զավենիչի արմատական հռետորաբանությունն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է Ռուբեն Հայրապետյանին պատկանող ռեստորանը։ Մնացած առումներով «Հանրապետության» ղեկավարը կատու է ճղում մի այլ ձևի։

Ի դեպ, Ռուբեն Հայրապետյանի «կուռացիայի» տակ է նաև մեկ այլ «ընդդիմադիր» և Սերժ Սարգսյանի ջերմեռանդ պաշտպան Անդրանիկ Քոչարյանը, ով մամուլին ասել էր, թե չի ցանկանում մեկնաբանել «Հարսնաքարում» տեղի ունեցածը և կարծիք չունի այդ մասով։ Սա էլ հասկանալի վարքագիծ է։

Գաղտնիք չէ, որ Ա. Քոչարյանը հաճախ է լինում իր ոչ ֆորմալ վերադասին պատկանող օբյեկտներում՝ մասնավորապես  Սևանի «Հարսնաքար» հյուրանոցային համալիրում։ Այսինքն՝ «արմատական» Քոչարյանի մոտ էլ ամեն ինչ ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է Ռուբեն Հայրապետյանի տարածքը։ Մնացած առումներով Անդրանիկն իրեն շատ սկզբունքային ու ընդդիմադիր գործչի պես է պահում՝ կողմ է արտահայտվում սերժանպաստ «երկխոսությանը» և դեմ՝ Սերժ Սարգսյանի դիրքերը թուլացնող քաղաքական բոլոր նախաձեռնություններին։

Նկատենք, որ Ռուբեն Հայրապետյանի դիրքերի թուլացումը վերջնականապես թաղեց «Արամ Զավենիչ և ընկերներ» նախագիծը, քանզի «Հարսնաքարի» տերը հիմա ինքը «կռիշի» կարիք ունի և այլևս չի կարող «կռիշություն» անել Արամի ու Անդրանիկի համար։ Վերջիններիս մնում է միայն ապավինել անհատական ծրագրով հաճախորդություն անող Դավիթ Շահնազարյանի ունեցած կապերին ու տեղավորվել իշխանության գծած «քաղաքացիական հասարակության» ֆորմատում, բայց այս ճակատում էլ հաճախորդացման երևույթները բացահայտվում են ու տղերքը պետք է բախտ որոնեն արդեն ՀՀԿ–ի ցուցակում։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը