Մեկնաբանություն

08.07.2012 15:16


Վարչապետի կինը բացահայտել է հարստանալու գաղտնիքը

Վարչապետի կինը բացահայտել է հարստանալու գաղտնիքը

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կինը` Գոհար Սարգսյանը, անդրադարձել է hetq.am կայքում 2012թ. հունիսի 18-ին տեղադրված «Վարչապետի ու տիկնոջ դոլարային եկամուտները սրընթաց աճում են» հոդվածին և հանդես եկել պատասխանով.

hetq.am կայքում 2012թ. հունիսի 18-ին տեղադրված «Վարչապետի ու տիկնոջ դոլարային եկամուտները սրընթաց աճում են» հոդվածի վերաբերյալ և այնտեղ հնչեցված «արդյոք վարչապետի կինը կներկայացնի այն բանաձևը, ըստ որի` չաշխատելով կարելի է միլիոններ կուտակել» հարցի վերաբերյալ ցանկանում եմ հայտնել հետևյալը.

Այդպիսի բանաձև չկա: Առանց աշխատանքի հարստանալ հնարավոր չէ: Հաջողության կարելի է հասնել միայն աշխատելով՝ այն էլ բարեխիղճ և նվիրումով աշխատանքի շնորհիվ: Այս առումով բանաձևը պարզ է.

Առաջին հերթին անհրաժեշտ է կարողանալ ընդունվել լավագույն համալսարաններից մեկը՝ իմ դեպքում դա Լենինգրադի պետական համալսարանն է:

Անհրաժեշտ է ջանասիրաբար սովորել և ստանալ գիտելիքներ, որոնք հնարավորություն կտան զբաղվել սիրած աշխատանքով:

Անհրաժեշտ է աշխատել առնվազն քսանհինգ տարի՝ դասավանդելով տարբեր համալսարաններում: Անհրաժեշտ է կուտակել այնպիսի գիտելիքներ և փորձ, որ կարողանաք հաղթել միջազգային մրցույթներում՝ իմ դեպքում Եվրոպական համալսարաններից մեկում տասնյոթ տարվա աշխատանքային պայմանագրով աշխատելն է: Ուսումը պետք է լինի շարունակական և պետք է կատարելագործվել՝ իմ դեպքում դա Լաս Պալմասի համալսարանի ասպիրանտուրան է: Ցանկալի է մասնակցել մի շարք միաջազգային գիտական ծրագրերի, ինչի արդյունքում դառնալ դասագրքի հեղինակ, որով աշխարհի հազարավոր ուսանողներ կարող են սովորել՝ իմ դեպքում դա «Ռուսաց լեզուն իսպանախոսների համար» դասագիրքն է: Միաժամանակ ցանկալի է զբաղվել նաև թարգմանչական աշխատանքով՝ ավելացնելով մասնագիտական հմտությունները: Ահա այսպիսինն է իմ անցած մասնագիտական և աշխատանքային ճանապարհը:

Իսկ երբ ծնվեց մեր փոքրիկը, մենք, ամուսնուս հետ միասին, որոշեցինք, որ ես պետք է ավելի շատ ժամանակ հատկացնեմ իմ ընտանիքին և զբաղվեմ երեխաների դաստիարակությամբ:

Հարգանքով՝ ՀՀ քաղաքացի Գոհար Սարգսյան

Խմբ. կողմից– Տեսնու՞մ եք, թե ինչքան հեշտ է փող աշխատելն ու հարստություն դիզելը։ Մենք էլ սխալմամբ կարծում էինք, թե Տիգրան Սարգսյանի կնոջ մոտ ամեն ինչ շատ հեշտ է ստացվում և եկամուտներն աճում են, քանի որ նրա վարչապետ ամուսինը տարիներ շարունակ ԿԲ նախագահ է եղել, դոլար–դրամ խաղերով է զբաղվել, ոսկու պաշար է էժանով վաճառել, իսկ  2008թ. սկսած դրսից մի քանի միլիարդ վարկ է բերել, ու անհասկանալի ձևով սպառել դրանք։ Վարչապետի կինն իր մեկնաբանություններով ցրեց մեր կասկածները՝ համոզելով, որ սեփական գիտելիքներով է գումար վաստակում և, փաստացի, պահում ավելի ցածր «կլասի» կրթություն ստացած իր ամուսնուն։

Ի դեպ, ՀՀԿ–ականների կանայք, պատահական զուգադիպությամբ, հաջողակ ձեռներեցներ կամ բարձրակարգ մասնագետներ են։ Օրինակ, մեկ այլ ՀՀԿ–ական Սամվել Ալեքսանյանի կինն էլ է ավելի շատ բանի տեր, քան իր պատգամավոր ամուսինը, ով բացառապես զբաղված է հանրապետականների գաղափարախոսության քարոզով։

Այս խորագրի վերջին նյութերը