Մեկնաբանություն

10.07.2012 22:51


«Քաղաքացիական հասարակություն» ըստ Սերժ Սարգսյանի

«Քաղաքացիական հասարակություն» ըստ Սերժ Սարգսյանի

«Հարսնաքարի» դեպքից հետո իշխանական քարոզչամեքենան ու որոշ «ակտիվիստներ» շատ են սիրում օգտագործել «քաղաքացիական հասարակություն», «Սերժ Սարգսյան» և «օլիգարխ»  բառերը։ Ընդ որում՝ այդ բառերը նրանց մոտ հետևյալ կոդի մեջ են օգտագործվում. «Քաղաքացիական հասարակությունը պետք է Սերժ Սարգսյանից պահանջի ու զուգահեռաբար նաև նրան սատարի, որպեսզի նախագահը կարողանա պայքարել օլիգարխների դեմ»։ Ավելի դեմագոգիկ բան հնարավոր չէր պատկերացնել։

Երկրի թիվ մեկ օլիգարխից պահանջել պայքար կլանաօլիգարխիկ համակարգում սլաքավարի դերակատարում ունեցող օլիգարխ կոչվածների դեմ՝ շարքային դհոլություն է կամ լավագույն դեպքում՝ միամտություն։

Դատելով այն տեղեկատվական հոսքերից, որոնք տարածվում են հայտնի կայքերի ու թերթերի միջոցով՝ ՀՀԿ ղեկավարի պատկերացրած «քաղաքացիական հասարակությունը» պետք է իրեն պահի Արտաշես Գեղամյանի պես, այսինքն՝ ընդդիմադիր հռետորաբանությամբ «քննադատի» նախագահին՝ հարձակվելով բոլոր նրանց դեմ, ովքեր կարող են խանգարել Սերժ Սարգսյանի իշխանության հավերժացմանը։ 

«Քաղաքացիական հասարակությունը» պետք է Սարգսյանից «պահանջի», ասենք, սեփականության վերաբաշխում և տնտեսության գերկենտրոնացում, իսկ նա, որպես քաղաքացիականության «մոնումենտալ» սուբյեկտ, պետք է բավարարի այդ «պահանջները»։

Այլ կերպ ասած՝ Սարգսյանն ուզում է հանդես գալ «ժողովուրդների հոր» դերում, որի պարագայում երկրի սոցիալ–տնտեսական ու քաղաքական իրավիճակից դժգոհողները պետք է ոչ թե պետական կառավարման համակարգից վռնդեն ապաշնորհ կառավարիչներին, այլ դիմեն նախագահին, իսկ ինքն էլ, ընդառաջ գնալով «բազմաթիվ հեռուստադիտողների խնդրանքներին», ի կատար ածի «շնորհակալ զանգվածների» ցանկությունները՝  հընթացս կառուցելով «մեկ օլիգարխի տնտեսություն»։

Իշխանական քարոզչագործիքներով այժմ տարածվում է այն թեզը, թե քաղաքացիական հասարակությունը փայլուն հաղթանակներ է տարել և որպես օրինակ նշվում է Մաշտոցի պուրակն ու Վահեի մահից հետո Հայրապետյան Ռուբենի հայտարարությունը։ Կոչ է արվում չբավարարվել ձեռքբերածով ու Սարգսյանի հետ համագործակցելով՝ հասնել նոր հաղթանակների։ 

Ուշադրությու՛ն դարձրեք. այդ երկու «հաղթանակների» դեպքում էլ PR–անձը կամ, ինչպես ասում են, «կինոյի մեջի տղեն» եղել է Սերժ Սարգսյանը, իսկ հանրային կյանքում որևէ բան չի փոխվել և ոչ մի խնդիր չի լուծվել։ Ահա այսպիսի մազալու հաղթանակներ է տանում «քաղաքացիական հասարակությունն» ըստ «անկախ» լրատվամիջոցների, իսկ ոմանք էլ շախ են տալիս այս ամենին՝ իրենց պահելով Րաֆֆի Հովհաննիսյանի մարդկային որակների հանգույն։ 

«Վահե Ավետյանը մահացավ, «զատո» Նեմեցն էլ մանդատից զրկվեց ու հիմա «քաղաքացիական» դաշտից մարդ կառաջադրվի Ավան թաղամասում»,– հանրության «հաղթանակների»մասին են շեփորահարում «անկախները»։ Ասեմ, որ թքած այնպիսի հաղթանակների վրա, որոնց դեպքում մարդկային կյանքը պետք է մանդատով փոխհատուցվի։ Եվ դա այն դեպքում, երբ մանդատատերը չէր էլ ուզում այն ունենալ։

Եվ ուրեմն, հեռու է պետք մնալ Սերժ Սարգսյանի պատկերացրած «քաղաքացիական հասարակությունից», և իրական քաղաքացիական արժեքներ կրող մարդկանցով անհրաժեշտ է թույլ չտալ անկախ Հայաստանում բոլշևիկյան ռեվանշի հաղթարշավ։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը