Մեկնաբանություն

11.07.2012 23:14


Սերժ Սարգսյանը, «քաղաքացիական հասարակությունը» և «Պալաչը»

Սերժ Սարգսյանը, «քաղաքացիական հասարակությունը» և «Պալաչը»

Լրատվական դաշտի գեղամյանները երեք հիմնական սուբյեկտի են պաշտում և պաշտպանում՝ Սերժ Սարգսյանին, «քաղաքացիական հասարակությանն» ու ՀՀԿ գաղափարական թևի ներկայացուցիչ Արթուր Հարությունյանին, ում չգիտես ինչու «Պալաչ» են ասում։ Շատ հետաքրքիր «շայկա–մայկա» է, այնպես չէ՞։

Հիմա եկեք տեսնենք, թե ո՞ր արժանիքների համար են նշյալ «կոնտրագենտներն» այդքան սիրելի դարձել «անկախ» լրատվամիջոցների համար։

Սերժ Սարգսյանի մասով ամեն ինչ պարզ է։ Տվյալ դեպքում գործ ունենք «ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը» երկաթյա սկզբունքի հետ։ Այնպես, ինչպես Գեղամյանն է կատարում «դատարկ դհոլի» իր ֆունկցիան, նույն ձևով էլ վերահսկվող կայքերն ու թերթերն են ծառայում պատվիրատուին։  

Անցնենք առաջ, պարոնայք երդվյալ ատենակալնե՛ր։

«Քաղաքացիական հասարակությանը» իշխանական քարոզչամեքենան պատրաստ է պաշտպանել առավոտից–երեկո, բայց պայմանով, որ «քաղաքացիական ակտիվիստները» (բնականաբար, նկատի չունեմ իրական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին), ասենք, Արագածի փեշերի վրա արածող կովի տրորած «եզան լեզու» բուսատեսակի իրավունքները պաշտպանելուց ազատ ժամանակ, զբաղվեն նաև բարի Սերժ Սարգսյանին սատարելով և «չար օլիգարխիայի» դեմ կենաց–մահու կռիվ տալով։ Աշխատանքը գործարքային է։ Ոստիկանի կողմից ամեն մի կերած չափալախի և երեք հայհոյանքի դիմաց սերժական կոդերով աշխատող «քաղաքացիական ակտիվիստը» ստանում է հավելյալ պետպատվեր և ոստիկանության ներկայացուցչի հետ ֆեյսբուքում սիլի–բիլի և գյալաջի անելու հնարավորություն։ Ի դեպ, դհոլչի լրատվամիջոցներն էլ անմասն չեն մնում այդ պետպատվերից՝ «օլիգարխ» բառի ամեն մի օգտագործման դիմաց ստանալով հավելավճար։

Ինչ մնում է «Պալաչին», ապա նրան իշխանական լրատվամիջոցները պաշտպանում են, այսպես ասած, գաղափարական սկզբունքներից ելնելով. չէ՞ որ նա պատվիրատուի կուսակից ընկերն է։ Բացի այդ՝ Գագիկ Ծառուկյանի դեմ օգտագործվելու  հարցում Երևան–Աբովյան երթուղային գծի ձախողակ տերը միշտ պատրաստ է, իսկ նման բանը մեր օրերում բարձր է գնահատվում նախագահականում, և հետևաբար՝ իշխանական լրատվամիջոցների կողմից։ «Դհոլների» քչության և «ականների» պայթած լինելու պարագայում ԲՀԿ–ի դեմ հաչող ամեն մի «պռաշլյակ» այս պահին ավելի մեծ արժեք ունի, քան սարեր շարժող ցանկացած հացադուլավոր։ Դրա համար էլ Րաֆֆիին սատարելը թողած՝ ծախու մամուլը դուրս է եկել Երևան–Աբովյան «տռաս»։

Մի շարք հանգամանքներ հաշվի առնելով՝ չի բացառվում, որ Սերժի «քաղաքացիական հասարակության» ներկայացուցիչները ֆեյսբուքում մի խումբ բացեն «Պահանջում ենք Պալաչի ավտոբուսային իրավունքների պաշտպանություն» անունով, իսկ մնացած գործողություններն արդեն կկատարվեն «ինչպես տեքստում»։

Եվ այսպես, շատ «խոխմա» բան է ստացվում։ «Անկախ» լրատվամիջոցները մի կողմից խոսում են օլիգարխիայի դեմ պայքարից, բայց մյուս կողմից՝ պաշտպանում Սերժ Սարգսյանին։ Դրանք նաև խոսում են «քաղաքացիական հասարակությունից», բայց միևնույն ժամանակ «ռասկրուտկա» անում «Պալաչին», ով, թերևս, «ամենաքաղաքացիականն» է Սերժ Սարգսյանի շրջապատը ներկայացնող մականունավորների և ամենամականունավորը Սերժին պաշտպանող բոլոր «քաղաքացիականների» մեջ։

Այսպես որ շարունակվի, Արթուր Հարությունյանը մի օր կդառնա «քաղաքացիական հասարակության» և Սերժի «պալաչը»։ Բառիս բուն իմաստով, իհարկե։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը