Մեկնաբանություն

13.07.2012 12:04


Սերժ Սարգսյանի ու Ռուբեն Հայրապետյանի հույսը հաճախորդներն են

Սերժ Սարգսյանի ու Ռուբեն Հայրապետյանի հույսը հաճախորդներն են

Հայտնի բան է, որ երբ մարդը նեղն է ընկնում, ունեցած–չունեցածն օգտագործում է, որպեսզի դուրս գա այդ վիճակից։

Օրինակ՝ Սերժ Սարգսյանը երբ զգում է, որ հողը ոտքերի տակից գնում է, անմիջապես դիմում է հաճախորդների օգնությանն ու պայթեցնում «ականներին»։ Ինչ խոսք, Գեղամյանի բարոյական ու ֆիզիկական մաշվածքը զգացնել է տալիս, և այդ իսկ պատճառով խաղի մեջ են մտցվում ձեռքի տակ եղածները։ Քանի գնում հաճախորդների «կլասն», իհարկե, ընկնում է (Րաֆֆի Հովհաննիսյանը շա՜տ հաց ու պանիր պետք է ուտի Արտաշես Գեղամյանի արտիստիզմին հասնելու համար), իսկ «ականներն» էլ դառնում են բազմակի օգտագործման ու ըստ այդմ՝ անպիտան, բայց դե երբ նեղն ես՝ սկսում ես, պատկերավոր ասած, փրփուրներից կախվել։ Արամ Զավենի Սարգսյանին «մեյդան» հանելը և Դավիթ Շահնազարյանին որպես «դհոլ» օգտագործելը Սերժ Սարգսյանի համար հենց փրփուրներից կախվելու պես մի բան է։  

Այժմ շատ վատ վիճակում է հայտնվել նաև Սերժ Սարգսյանի գաղափարակից ընկեր Ռուբեն Հայրապետյանը։ «Հարսնաքարի» դեպքերից հետո նա իր տեղը չի գտնում։ Հա՛մ հասարակությունն է ՀՖՖ նախագահին ճնշում, հա՛մ նախագահական նստավայրից են «մուտիլովկեք» անում ու «տակից» շախ տալիս, հա՛մ ընդդիմադիր լրատվամիջոցներն են պրեսսինգի դիմում։

Որոշ դադարից հետո Ռուբեն Հայրապետյանն արդեն որոշել է անցնել հարձակման, որպեսզի կարողանա պաշտպանվել։ Նա իր փայ «ականին»՝ Անդրանիկ Քոչարյանին էր ուղարկել «անկախ» մամուլի տաղավար՝ «դհոլություն» անելու։

Իշխանահաճո պարտադիր նախաբանն ապահովելուց, այն է ՝ «Մարտի 1–ի» թեմայով կոկորդիլոսի արցունքներ թափելուց, երկրում ժողովրդավարություն հաստատելու մասին խոսելուց, ԲՀԿ–ի դեմ հանդես գալով Սերժ Սարգսյանին անուղղակիորեն քծնելուց հետո Ա. Քոչարյանն անցավ իր բուն գործին՝ սկսեց պաշտպանել Ռուբեն Հայրապետյանին։

Տեսնել էր պետք այն էնտուզիազմը, որով Ա. Քոչարյանը պաշտպանում էր «Հարսնաքարի» տիրոջը։ Այդպիսով նա «փչացավ» մինչև վերջ։

Փաստորեն, «Նեմեց» մականունը Հայրապետյանը հենց այնպես չի ստացել։ Միայն «նեմեցն» այսպես ֆաշիստաբար, այսինքն՝ անխնա կօգտագործեր ձեռքի տակ եղածը։

«Խոխման» այս ամենի մեջ այն է, որ Անդրանիկ Քոչարյանը Ռուբեն Հայրապետյանի շահերն էր ներկայացնում մի լրատվամիջոցում, որն իրեն հռչակել է օլիգարխիայի դեմ պայքարի դրոշակակիր և քաղաքացիական հասարակության ջատագով։ Դատելով ամենից՝ կարող ենք արձանագրել, որ երբ ֆորս–մաժորային իրավիճակ է ստեղծվում՝ բոլոր տիպի հաճախորդներն էլ սկսում են իրենց ավելի բնական պահել. «թունդ ընդդիմադիրը» միանգամից դառնում է օլիգարխ կոչվածի փաստաբան, իսկ «անկախ» լրատվամիջոցը՝ խիստ պատասխանատու։ Բայց մտահոգվելու կարիք չկա, քանի որ այդ ամենը տևում է ընդամենը քառասուն–քառասունհինգ րոպե։ Հաղորդումն ավարտվելուց հետո կողմերը վերադառնում են ելման դիրք՝ «պայքարելով» քաղաքացիական հասարակության համար և իշխանության դեմ։  

Մի խոսքով, ծանր է քաղաքական կոչված հաճախորդների գործը։ Սերժն ու իր շրջապատը «տժժում» են, մարդ են սպանում, «անկախ» լրատվամիջոցները փող են աշխատում, իսկ իրենք ստիպված են նույն այդ «անկախ» լրատվամիջոցների տիրույթում «դհոլություն» անել Սերժի ու նրա շրջապատի համար։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Անդրանիկ Քոչարյանն իր հարցազրույցում հացրեց մեկ այլ առաջադրանք էլ կատարել։ Նա ցանկություն հայտնեց, որ ընդդիմության միասնական թեկնածուն գալիք նախագահական ընտրությունների ժամանակ լինի «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։

Ինչպես հայտնի է, Ա. Քոչարյանը մի քանի տիրոջ ծառա է և շատերի համար անհասկանալի կարող է լինել, թե Արամի թեման շրջանառության մեջ դնելով նա ում պատվերն է կատարել՝ Սերժ Սարգսյանի՞, թե՞ «Հարսնաքարի» տիրոջ։

Հաշվի առնելով այն, որ Ա. Սարգսյանն ու Ռ. Հայրապետյանն իրար հրապարակավ ընկերներ են «պռիզնատ» եկել, և որ այս պահին կոնկրետ նեղ վիճակում է «Հարսնաքարի՛» տերը, ենթադրվում է, որ «Արամ Սարգայանն ընդդիմության միասնական թեկնածու» գաղափարը ծնվել է հենց Ռուբեն Հայրապետյանի մտահոգ գլխում։ Փաստորեն ա՛յս ձևով է փորձում Հայրապետյանը պաշտպանվել «փողոցից»։ Նա գիտի, որ եթե Արամին հաջողվի «բրդել» ընդդիմության միասնական թեկնածու, ապա «Հանրապետության» ղեկավարը հանրահավաքի մասնակիցներին հաստատ «Հարսնաքար» չի բերի ու գոռալ չի տա «Նեմե՛ց, մարդասպան», այլ կբավարարվի ցերեկները «Սերժի՛կ, հեռացիր» գոռալով, իսկ երեկոյան Սերժ Սարգսյանին որպես Վազգենի ընկեր իրենց տանն ընդունելով, բայց Հայրապետյանը չգիտի, որ նույն Արամը 10 հոգու չի կարող տանել իր հետևից ու գիտաֆանտաստիկայի ոլորտից է նրան միասնական թեկնածու դարձնելը։

 Ծանր, շատ ծանր է Ռուբեն Հայրապետյանի վիճակը։ 

Այս խորագրի վերջին նյութերը