Հարցազրույց

13.07.2012 14:39


Հրանտ Բագրատյան.

Հրանտ Բագրատյան.

Հարցազրույց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի և Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների անդամ Հրանտ Բագրատյանի հետ

«Նեզավիսիմայա գազետա»-ն անդրադարձել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի՝ Երևան կատարած այցի ոչ պաշտոնական կողմին և գրել, որ Հայաստանը փորձել է Մոսկվային համոզել որոշ ժամանակով հետաձգել ռուսական գազի գնի բարձրացումը և մինչև 1 մլրդ դոլար հերթական վարկը տրամադրել, ընդ որում՝ ամենաբարձր տոկոսով։ Այսքան քննադատությունից հետո ի՞նչն է այս իշխանություններին ստիպում արտաքին պարտքը է՛լ ավելի մեծացնել։

–Խնդիրն այն է, որ մեծ հաշվով տնտեսության ծավալների մեծացման (կամ այսպես կոչված տնտեսական աճի) մասին կառավարության խոսակցություններն իրար չեն համապատասխանում։ Եթե աճ կա, ապա պետք է ընդլայնվի կուտակումների դաշտը, ավելանան խնայողություններն ու ներքին վարկային ռեսուրսները։ Սա էլ պետք է բերեր արտաքին փոխառություննների պահանջի իջեցման։ Այս ամենը չկա։ Ապա, դատելով վճարված շահութահարկի ծավալներից, ստացվում է, որ կա՛մ ՀՆԱ-ն (տնտեսական աճը) է ուռճացված, կա՛մ էլ տնտեսությունը, որպես կանոն, վնասաբեր է։ Ի վերջո, տարեկան ավելի քան 1 մլրդ դոլար արտահանվում է։ Սերժ և Տիգրան Սարգսյանների բիզնեսմեններն իրենց չեն վստահում։ Մենք ապրում ենք պարտքով։ Սա վերաբերում է ոչ միայն պետությանը (պետական պարտքը կազմում է 4,1 մլրդ դոլար), այլև տնտեսության «ոչ պետական» հատվածին։ Այստեղ պարտքը 3,3 մլրդ դոլար է։ Հասկացեք, 7,4 մլրդ ընդհանուր պարտքը, միևնույն է, բյուջեն է վճարելու։ Այն արդեն անցել է ՀՆԱ 70 տոկոսից։

Նշանակո՞ւմ է, որ բյուջեն լցնելու այլ միջոցները սպառել է ՀՀ կառավարությունը։

–Այո՛, նշանակում է։

Եթե անգամ հաջողվի մինչև նախագահական ընտրությունները գազի թանկացումը զսպել, բայց դրանից հետո գնի բարձրացումն անխուսափելի լինի՝ հատկապես հաշվի առնելով անվճարունակ խավի մեծաքանակությունը, ինչի՞ կարող է դա հանգեցնել։

–Հուսով եմ՝ խռովության։

Սոցիալական խռովության հնարավորությունը որքա՞ն եք համարում։

–Չգիտեմ։ Ցավոք՝ էվոլյուցիոն փոփոխությունների տեղ իշխանությունները չեն թողել։ Թող ուրեմն հեղափոխություն լինի։

Ըստ Ձեզ՝ Սերժ Սարգսյանը տիրապետո՞ւմ է հայաստանյան ներքաղաքական իրավիճակին (տեսակետ կա, թե իրավիճակը նրան սխալ են ներկայացնում)։ Արդյոք նախագահն իրավունք ունի՞ չտիրապետելու իրակավիճակին։

–Իրավիճակը նրան ներկայացնում են այնպես, ինչպես ինքն է ուզում լսել։ Սերժ Սարգսյանը հետադարձ կապ չունի։ Ինչ վերաբերում է չտիրապետելու իրավունքին, կարող եմ ասել, որ ըստ Սահմանադրության՝ նախագահը չաշխատելու իրավունք չունի։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը