Լրահոս

14.07.2012 11:48


Խոսրով Հարությունյանը՝ Բուլղարիայի ափերում, Գեղամյանը՝ «7օր»–ից հեռու. պատգամավորներն ու նրանց հանգիստը

Խոսրով Հարությունյանը՝ Բուլղարիայի ափերում, Գեղամյանը՝ «7օր»–ից հեռու. պատգամավորներն ու նրանց հանգիստը

«7օր» էլեկտրոնային պարբերականը 5–րդ գումարման խորհրդարանի պատգամավորներից հետաքրքրվել է՝ որտե՞ղ են պատրաստվում անցկացնել իրենց ամառային արձակուրդները, ո՞ր երկրներն ու վայրերն են նախընտրում և հանգստի համար որքա՞ն գումար են նախատեսել։

Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր, ՀԺ կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը դեռ չէր որոշել, սակայն նշել է, որ ամառային արձակուրդներին սովորաբար Երևանում չի մնում։

–Չեմ որոշել դեռ, բայց սովորաբար ես չեմ հանգստանում ամռանը. աշխատում ենք, գործերով ենք զբաղված,–հարցին այսպես է պատասխանել ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը։

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը նույնպես Հայաստանում է լինելու։

–Գործ շատ կա, անելիքներ ունենք,–պարզաբանել է Ա. Արզումայանը։

Իսկ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը նախընտրում է իր հայրենի տունը՝ Աչաջրում։

–Ինչպես միշտ,–ընդգծել է նա։

«Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը, ով բնակվում է Վանաձորում, ամառային հանգիստը նախընտրում է անցկացնել Հայաստանում։

–Օրինակ անցած տարի Սևանում ենք հանգստացել։ Վանաձորում եմ բնակվում, բայց Երևանում չեմ կարողանում հանսգտանալ։ Այստեղ աշխատում եմ,–ասել է ՕԵԿ–ական պատգամավորը՝ ավելացնելով, որ հանգիստն այնպես է փորձում կազմակերպել, որ մեծ գումարներ չարժենա։

Նույն խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ ասել է, որ ամեն տարի ընտանիքով պարտադիր ինչ–որ մի տեղ գնում են հանգստանալու.

–Ունեմ նաև այնպիսի առողջական խնդիր, որ ծովի կարիք ունեմ։ Որովհետև մեր երկրում յոդի պակաս կա, իսկ ինձ դա անհրաժեշտ է, եթե ստացվեց, կգնամ ծովին մոտ ինչ–որ տեղ։ Եթե չստացվեց, կհանգստանանք այստեղ։ Իսկ գումարային հարցը միշտ ամուսինս է հոգում և գրեթե որևէ տարի մեզ չի թողել առանց հանգստի։ Եթե այնպես ստացվի, որ կուտակած գումարը չբավականացնի, կմնանք Հայաստանում։ Մեր ընտանիքում երեք հոգի ենք, երեքս էլ աշխատում ենք և որքան մեր ընտանիքի ուժը պատում է, այնտեղ էլ հանգստանում ենք։

ՀՀԿ–ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը խոստովանել է, որ դեռ ուսանողական տարիներից իրենց ընտանիքում հանգիստը կազմակերպելու հատուկ ավանդույթ չկա։ Դա պայմանավորված է իրավիճակով և հնարավորություններով։

Նույն խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը սովորաբար և՛ Հայաստանում է ամառային արձակուրդն անցկացնում, և՛ Հայաստանից դուրս։

–Նախընտրում եմ Բուլղարիայի ծովափը, Ազովի ծովի ափը, իսկ Հայաստանում ունենք–չունենք Սևանը և Ծաղկաձորը։ Գոնե ամառվա մեծ մասն անցկացնում եմ Սևանում,–ասել է նա։ Խոսրով Հարությունյանից հետաքրքրվել ենք նաև՝ հանգիստը կազմակերպելու գումարային հարցում նեղություն չի՞ կրում, թե՞ նախապես է կուտակում, ինչին նա արձագանքել է.

–Գիտեք, ես ֆինանսապես բավականին ինքնուրույն եմ ու անկախ։ Կարողանում եմ այնպես պլանավորել, որ իմ ֆինասական ռեսուրսներն առանձնապես որևէ մեկից կախված չլինեն։

Իսկ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը մեր հարցին, թե որտե՞ղ է հանգստանալու, անվարան պատասխանել է՝ «7օր»–ից հեռու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը