Լրահոս

16.07.2012 10:39


Բավակա ՛ն է ընկնեք, կա ՛նգ առեք

Բավակա ՛ն է ընկնեք, կա ՛նգ առեք

Լավ կլիներ, որ ներքոշարադրյալը հրապարակվեր ԼՂՀ նախագահական ընտրություններից հետո, թեկնածուների, իսկ ավելի ճիշտ` նրանցից մեկի նախընտրական քարոզչության ընթացքն ու արդյունքները վերլուծելու և ի մի բերելու ավարտին, երբ ամեն ինչ արդեն վերջացած կլիներ, ընտրությունների նկատմամբ մեր ու դրսի ուշադրությունն էլ, բնականաբար, նվազած:

Շատ ավելի լավ կլիներ, որ նախընտրական պայքարն ընթանար այնպիսի մթնոլորտում ու այնպիսի միջոցներով, որ այս հրապարակման կարիքն ընդհանրապես չզգացվեր: Բայց…

Երկրի, պետության ու ժողովրդի առաջիկա մի քանի տարիների ճակատագիրը կանխորոշող հասարակական-քաղաքական յուրաքանչյուր խոշոր իրադարձություն բացառիկ պատեհություն ու նաև պարտադրող անհրաժեշտություն է հետադարձ մանրազնին ու անկողմնակալ հայացք նետելու անցած տարիներին և դրանք քննելով պատմության ավելի ընդգրկուն շրջանի հոլովույթում` ճիշտ գնահատելու այդ ընթացքում ունեցած ձեռքբերումներն ու վրիպումները` գալիք տարիների համար առաջադրելու իրատեսական նպատակներ, ընտրելու դրանց հասնելու ճիշտ ուղիներ և իմաստուն ու վստահելի նավավար:

Նման իրադարձություն են հատկապես նախագահական ընտրությունները, իսկ յուրաքանչյուր հայի համար` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահական ընտրությունները: Երբ առաջադրված թեկնածուներն ունենում են բարձր նպատակներ, հստակ ծրագիր, կոչում ու առաքելություն, իմաստնություն ու ամենակարևորը` բարոյականություն, ապա նախագահական ընտրությունները դառնում են գաղափարների գեներատոր, փոթորկում հասարակական միտքը և նոր ու հզոր լիցք հաղորդում նրա զարգացմանը, ժողովրդի ու պետության համախմբմանը: Եվ ընտրության առջև կանգնելով` արտաքուստ հակադիր բևեռներում հայտնված ժողովուրդը «նախընտրական կամպանիա» կոչվող ժամանակահատվածն ավարտում է ավելի միակամ, համախմբված ու հզորացած: Հատկապես Արցախի պարագայում այսօր երևի թե միայն սա կարող է լինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման ու պաշտպանության համար այնքան թանկ զոհողությունների ու մարդկային անդառնալի կորուստների փոխհատուցումը:

Բայց ԼՂՀ նախագահական ընտրությունների նախընտրական փուլի վերջին զարգացումները, դժբախտաբար, քաղաքական տարբեր տեխնոլոգիաների անհաջող, երբեմն անբարո նմանակման պատճառով մեզ տանում են ոչ թե գաղափարների բախումների ու բյուրեղացման, այլ քաղաքական կարճատեսության հետևանքով առաջադրում պատասխան չունեցող մի շարք հարցականներ, հասարակական գիտակցության մեջ արժեզրկում Արցախի պետականության և նախագահական ընտրությունների գաղափարն ու նպատակը և ընդամենը մղում կորսված բարոյականության որոնումների:

«100-ից ավելի ազատամարտիկների» կողմից հուլիսի 9-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նամակն ու ԼՂՀ նախագահի թեկնածուներից Վիտալի Բալասանյանին սկզբում «Արցախ գնդի» փոխհրամանատար Ռոլանդ Բաբայան», իսկ վերջում` «Արցախ գունդ» արտաքուստ հավաքական, իսկ իրականում անանուն ստորագրությունն ունեցող նամակը, որոնք, ինքնին հասկանալի է, թե ում նախնտրական շտաբի հանձնարարությամբ են գրվել, Հայաստանի լրատվամիջոցներում սկիզբ դրեցին քաղաքական մտածողության ու նախընտրական գործընթացների հետ որևէ կապ չունեցող քննարկումների:

Ի վերջո, որքանո՞վ է բարոյական հայտարարել, թե 21 տարի առաջ ԼՂՀ Շահումյանի շրջանի Էրքեջ գյուղի պաշտպանության մարտերում զոհված հրամանատար Սամվել Վարդանյանը եթե ապրեր, ապա այսօր բաց նամակ գրելով կպաշտպաներ նախագահության թեկնածու Վիտալի Բալասանյանին: Գրավյալ Շահումյանը մեր ցավն է, նրա սահմանները պաշտպանելիս զոհված կամավորականները` մեր հպարտությունը և երբեք չի կարելի ցավը որպես մանրադրամ օգտագործել, իսկ հպարտությունն` արժեզրկել: Եվ սա անում ու զոհված հրամանատարի հիշատակի հոգևոր դիակապտությամբ է զբաղվում նախկին կամավորականը:

Որքանո՞վ է բարոյական նույն հայտարարությունն անել նաև ծանր հիվանդության ու պատերազմում ստացած վերքերի պատճառով շուրջ մեկ ամիս առաջ մահացած Միքայել Ապրեսյանի անունից, ով ևս «Արցախ գունդ» կամավորական կազմավորման հրամանատարներից էր, ու նաև հասարակական ակտիվ կեցվածք ունեցող մարդ և հաստատապես կարիք չուներ իր հայացքներն ուրիշի միջոցով արտահայտելու:

Այլ բառեր չօգտագործեմ, բայց ես պարոն Ռոլանդ Բաբայանից և նրան նամակ գրել պատվիրողներից ոչ պակաս գիտեմ պատերազմի անչափելի ծանր գինը, և ուղղակի չեմ հասկանում, թե ուրիշ ինչը կարելի է համեմատել պատերազմի հետ: Անկեղծորեն չեմ հասկանում, թե պարոն Բաբայանի հայտնի նամակում նշած «բոլոր մերոնքն» այդ ի՞նչ «բանակի» են զինվորագրվելու, հերթական նախագահական ընտրություններն այդ ի՞նչ «նորագույն կռվի» սկիզբն են գուժում, և ինչո՞ւ են 2012թ. ԼՂՀ նախագահական ընտրությունները դառնալու «հայի ինքնության համար պայքարի սկիզբ», ինչպես նշվում է այդ անհեթեթ նամակում: Հայի ինքնությունը կորե՞լ է, այն ԼՂՀ գործող նախագահ ու նախագահի թեկնածու Բակո Սահակյա՞նն է կորցրել ու մյուս թեկնածու Վիտալի Բալասանյա՞նն է վերագտնելու: Անթույլատրելի և անըմբռնելի է, երբ երեկվա կամավորականն այսօր քաղաքական մանր շահարկումների համար փորձում է էժանացնել «կռիվ» ու «զինվորագրվել» բառերը ու դեռ հայի ինքնությունից է խոսում:

Եվ նման «քաղաքական մտածողության» կրողնե՞րն են հավակնում առաջիկա տարիներին ղեկավարելու Հայոց երկու պետություններից մեկն ու վճռելու Արցախի, հետևաբար և ողջ հայության ճակատագիրը:

Յուրաքանչյուր հասարակությունում, առավել ևս, ո՜չ պատերազմի, ո՜չ խաղաղության պայմաններում գտնվող պետությունում ժողովրդավարությունը, ազատ և ուղիղ ընտրությունների միջոցով պետության նախագահ ունենալու իրավունքը մեծ դժվարություններով ու թանկ գնով է հաստատվում: Արցախահայությունն ու ողջ հայ ժողովուրդն այդ գինը վճարել են և այսօր ունեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ուր իշխանությունը, ի տարբերություն Ադրբեջանի, ժառանգաբար չի փոխանցվում հորից որդուն: Ու նաև ունեն պետություն, որը ծայրագավառ չէ, ուր կենտրոնից, թեև այն Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է, կառավարիչ նշանակեն: Հայությունն ա՜յս ընտրությունն է կատարել և նախագահի որևէ թեկնածուի նախընտրական շտաբ չի կարող ազդել այդ ընտրության վրա: ԼՂՀ անվտանգության ապահովման ու Արցախի հիմնախնդրի լուծման երկու կարևորագույն երաշխիքները մարտունակ բանակն ու ժողովրդավարությունն են և ոչ ոք իրավունք չունի հարվածելու ԼՂՀ ժողովրդավարությանն ու արցախահայության ազատ ընտրության իրավունքին:

Մենք դրա համար չենք կռվել, ժողովուրդն էլ անդառնալի զոհողությունների գնով մեզ թիկունք չի կանգնել ու այսօր էլ գիտակցված ու անտրտունջ կերպով իր բանակին չի սատարում այն բանի համար, որ որոշ մարդիկ «100-ից ավելի ազատամարտիկներ» անանուն ու անհասցե ստորագրությամբ բաց նամակներ գրեն Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին, նրան… հրապարակավ մեղադրելով ԼՂՀ-ում Բակո Սահակյանին «նախագահ նշանակելու» մեջ և պահանջելով հիմա էլ Վիտալի Բալասանյանին «նշանակել» և ողջ լրատվական ու քաղաքական դաշտը ներքաշեն այդ անհիմն, անհեթեթ ու անբարո քննարկումների մեջ: Չի՜ կարելի արցախահայության ու ողջ հայ ժողովրդի անունից գոռալով ստվեր նետել ոչ միայն 2012 թվականի ԼՂՀ, այլև 2013 թվականի ՀՀ նախագահական ընտրությունների վրա, ՀՀ ու ԼՂՀ պետական կառավարման համակարգերի, ու ժողովրդավարության նվաճումների վրա:

Նախագահական ընտրությունների մակարդակը, ընթացքն ու պատկերը շատ չափով որոշում են նախագահության թեկնածուները: Ցավոք, այս ընտրություններում ԼՂՀ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը չկարողացավ զերծ մնալ իր «խրոնիկ հիվանդություններից», որոնք Արցախյան ազատամարտի ընթացքում ևս նրա անբաժան ուղեկիցն էին. ինտրիգներ, բանսարկություններ, պաշտոնամոլություն, հրամանատարական անկարողություններն ուրիշների ճակատագրերը խեղելու գնով քողարկելու «արդյունավետ» գործելակերպ, տարբեր մութ պատմություններ սարքելու և հետո «ջրից չոր դուրս գալու» բնատուր ունակություն…

Պատերազմի ժամանակ որոշ հարցեր փոքր-ինչ հեշտությամբ էին լուծվում, քանի որ շատ ու շատ բաներ հրամանով սկսվում էին, հրամանով էլ դադարեցվում և կամ ընդհանրապես արգելվում: Իսկ ընտրարշավի ժամանակ չես կարող «Կա՜նգ ա՜ռ» հրաման տալ: Դա անկում ապրող մարդն ինքն իրեն պիտի տա, ընդ որում, ոչ թե նախընտրական նպատակներով, այլ կատարելու համար:

Իսկ խաղաղության ժամանակ ու ժողովրդավարության պայմաններում անհնար է մարդուն և անգամ նախագահի թեկնածուի շտաբին պարտադրել ուրիշների անունից բաց նամակ գրելուց առաջ մի քիչ մտածել, իսկ լրատվամիջոցներին հանձնելուց առաջ էլ գրածը կարդալ: Դրա համար էլ, ԼՂՀ նախագահական ընտրությունների նախօրեին լրատվամիջոցներում հիմնական քննարկման առարկա դարձան ոչ թե թեկնածուների ծրագրերն ու Արցախի ապագան, այլ հասարակական կյանքում գրեթե ոչինչ չարած ու ինքնահաստատման կարիք ունեցող կազմակերպությունների «նամակներն» ու ԼՂՀ ընտրություններին ՀՀ իշխանությունների միջամտության հնարավորության մասին ինքնին աբսուրդ ենթադրությունները:

Բայց ժողովրդավարությունը ոչ միայն խոսելու ու գոռալու, այլև լռելու իրավունքն է:

Եվ ի վերջո. յուրաքանչյուր պատերազմ ունենում է էջեր, որոնց մասին իսկապես հողի համար կռված մարդիկ երբեք չեն խոսում: Բայց այդ էջերի «հերոսներն» այսօր, անգամ «նախագահի թեկնածուի» հավակնությունների բարձունքներում եթե մոռանում են այն բազմաթիվ դրվագները, որոնցից իրականում կազմված է իրենց կենսագրությունը, ապա չպիտի մոռանան, որ մենք` Պաշտպանության բանակի հրամանատարների առաջին սերունդը, ամեն ինչ շատ լավ հիշում ենք: Այլ հարց, որ մեզ երբեք թույլ չենք տա շահարկել ու արժեզրկել զինվոր, պատերազմ, ժողովուրդ ու Հայրենիք հասկացությունները և միշտ էլ հակահարված կտանք նման անվայել գործելակերպ որդեգրողներին:

Սա ոչ «բաց նամակ» է, ոչ «զինվորագրվելու կոչ», և ոչ էլ նախընտրական վերլուծություն, այլ հիշեցում այն մասին, որ ոչինչ չի մոռացվել, որ պետության նախագահի ստանձնելիք ծանրագույն բեռն ընդամենը «լավ պաշտոն» չէ,  և որ չի կարելի մոռանալ ու ոտնատակ տալ ամեն ինչ: Առավել ևս, որ ամեն ինչ Աստծո լույսի պես պարզ է ու երևի բարձր դասարանների աշակերտներն էլ են հասկանում, թե ինչ է կատարվում:

Վարդան Ավետիսյան

Այս խորագրի վերջին նյութերը