Մեկնաբանություն

16.07.2012 17:33


Ներտեսակային համեմատություն

Ներտեսակային համեմատություն

«Հարսնաքարում» տեղի ունեցած դեպքից հետո Ռուբեն Հայրապետյանի հանդեպ հանրային արդարացի դժգոհություն կա։ Սերժ Սարգսյանի թիմը փորձում է ստեղծված իրավիճակից օգուտ քաղել և Հայրապետյանի մանդատ վայր դնելը հանրությանը ներկայացնել որպես նախագահի կողմից օլիգարխների դեմ պայքար։ Բանականություն ունեցող ցանկացած մեկի համար, սակայն, պարզից էլ պարզ է, որ Հայաստանի թիվ մեկ ու միակը լինելուն ձգտող օլիգարխը Սերժ Սարգսյանն է, և առնվազն ծիծաղելի է նրան կլանաօլիգարխիկ համակարգից տարանջատելն ու դեռ մի բան էլ օլիգարխիայի դեմ պայքարի առաջամարտիկ ներկայացնելը։

Ի վերջո չմոռանանք, որ Սարգսյանն անձամբ էր քարոզում իշխանամետ լրատվամիջոցների սիրելի «օլիգարխների» օգտին։ Բացի այդ՝ Սարգսյանը վերջին ընտրություններում ՀՀԿ–ի համար մենաշնորհային դիրք ապահովեց ոչ միայն շրջիկ խմբերի, այլ նաև այդ «օլիգարխների» բերած ձայների շնորհիվ։ Այնպես որ, Սարգսյանը ցանկություն և անգամ տեսական հնարավորություն չունի «օլիգարխների» դեմ պայքարելու, և միայն անմեղսունակներին կարելի է նման հեքիաթներով կերակրել։

Եթե Ռուբեն Հայրապետյանի դեմ բողոքի ալիքը խնդիր կա ավելի ընդլայնելու և քաղաքական բնույթի հարցեր առաջ քաշելու, ապա ակնհայտ է, որ հիմնական թիրախը պետք է լինի Սերժ Սարգսյանի գլխավորած վարչախմբի փոփոխությունը և կլանաօլիգարխիկ համակարգի ապամոնտաժումը։ Մնացած ձևակերպումները լեգիտիմ չեն և ծառայում են նույն Սերժ Սարգսյանին։

Ինչ վերաբերում է Ռուբեն Հայրապետյանի ու Սերժ Սարգսյանի տեսակներին, ապա երկուսն էլ նույն խմբի մարդիկ են, բայց Հայրապետյանը շահեկանորեն տարբերվում է ՀՀԿ ղեկավարից, և ուրեմն՝ ավելի վատի վրա հենվելով՝ հնարավոր չէ վատի դեմ պայքարել։

Իսկ այն, որ Հայրապետյանը համեմատության մեջ ավելի մաքուր ու բարձր է, քան Սերժ Սարգսյանը, երկրորդ կարծիք լինել չի կարող։ Հարցն այն չէ, որ Հայրապետյանի տեսակն ավելի լավն է։ Ամենևին։ Սարգսյանն ու Հայրապետյանը նույն արժեհամակարգի ու մտածողության, ասել է թե՝ նույն տեսակին են պատկանում, բայց «ֆուտբոլասեր» նախագահն ավելի վատն է, քան Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, և ահա թե ինչու։

Տեսե՛ք. Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ շատ կուզենար այդ պահին դեպքի վայրում լինել ու անել ամեն ինչ, որպեսզի Վահե Ավետյանը չսպանվեր։ Համաձայնե՛ք, որ սրանք անկեղծ խոսքեր են, քանզի հասկանալի է, որ Հայրապետյանին հաստատ պետք չէր այս պատմությունը։ Իսկ ահա Սերժ Սարգսյանը, ով նախագահի աթոռին հայտնվեց 10 զոհի գնով, 2008–ի մարտի 1–ին շատ լավ գիտեր, որ տեղի են ունենում բախումներ և հնարավոր են զոհեր, սակայն այդ օրերին ծպտուն չէր հանում ու սպասում էր, թե երբ պետք է մարդկանց դիակների վրայով հայտնվի Բաղրամյան 26–ում։ Ասել է թե՝ Ռուբեն Հայրապետյանին «Հարսնաքարի» սպանությունը պետք չէր, քանզի նա դրանից միայն տուժեց, իսկ ահա Սերժ Սարգսյանին զոհերն անհրաժեշտ էին, քանզի նա շատ լավ գիտեր, որ միայն այդ գնով կարող է նախագահ դառնալ։

Բացի այդ՝ Հայրապետյանը հրապարակավ մեղայական կարդաց ու մի փոքր հանրային ճնշման արդյունքում վայր դրեց մանդատը, իսկ Սարգսյանը երբեք չի զղջացել մարտի 1–ի համար ու անգամ հազարավորների պահանջով ոչ միայն չի հրաժարվել իր պաշտոնից, այլ դեռ մի բան էլ ուզում է վերարտադրվել։ Հիմա ո՞վ է համեմատության մեջ ավելի տանելի կերպար՝ Սերժ Սարգսյա՞նը, թե՞ Ռուբեն Հայրապետյանը։ Պատասխանն ակնհայտ է։ Դե ուրեմն եթե մարդիկ ատելությամբ են լցված «Հարսնաքարի» տիրոջ նկատմամբ, ապա առավել ատելի կերպար նրանց համար, հասկանալի պատճառներով, պետք է լինի Սերժ Սարգսյանը։

Նրանք, ովքեր խոսում են Ռուբեն Հայրապետյանի դեմ և միևնույն ժամանակ արդարադատություն են պահանջում ... Սերժ Սարգսյանից, հայտնվում են լավագույն դեպքում ապուշի, իսկ վատագույն դեպքում՝ հաճախորդի կարգավիճակում։ 

Ամփոփենք. ռուբենհայրապետյանների դեմ արդյունավետ պայքարի համար հարկավոր է համակարգային փոփոխությունների հասնել, իսկ այդ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ նվազագույն պայմանը առկա համակարգի պարագլխի վերարտադրությունը  2013–ին թույլ չտալն է։ Մնացածը տեխնիկայի հարց է։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը