Մեկնաբանություն

17.07.2012 19:15


Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հարցում չի կողմնորոշվում

Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հարցում չի կողմնորոշվում

Որքան մոտենում են նախագահական ընտրությունները, այնքան սերժամետ մամուլը դառնում է հիստերիկ ու «շողուլից» ընկած, ինչը մարդկայնորեն հասկանալի է, բայց մասնագիտական առումով՝ քննադատելի։

Բաղրամյան 26–ում, ըստ ամենայնի, չեն կողմնորոշվում, թե ԲՀԿ–ի ու անձամբ Գագիկ Ծառուկյանի հանդեպ ինչպիսի քարոզչական գիծ որդեգրեն և ինչպիսի քաղաքականություն վարեն։ Այսպես ասած՝ ցայտնոտի մեջ են։ Իսկ երբ հիշում են «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» ծրագրի և այդ ծրագրի կյանքի կոչման հարցում ԲՀԿ–ի գործուն մասնակցության մասին, ընդհանրապես դեպրեսիայի գիրկն են ընկնում։

Սերժ Սարգսյանի շրջապատում լավ են հասկանում, որ եթե հանկարծ որոշեն կտրուկ քայլերի գնալ, ապա ԲՀԿ–ն ՀՀԿ–ի ստացած «թղթե ձայների» դեմ ժամանակից շուտ կհանի իրական մի քանի հարյուր հազար մարդ։ Իշխանության համար այդ ամենը պարզ դարձավ նաև Աբովյանում կազմակերպած «պալաչ» օպերացիայի արդյունքում։  

Շատերը նկատած կլինեն, որ Երևան–Աբովյան ավտոբուսային երթուղու վարորդների «պետպատվերով» գործադուլն ինչպես «շուխուռով» սկսվել էր, այնպես էլ «անշուխուռ» մարվեց, որովհետև հարկավոր մարդկանց շատ հստակ հասկացվեց, որ մի քանի տասնյակ «թղթե գործադուլավորների» իրական տերերի դեմ կարող է հանվել մի քանի տասնյակ հազար քաղաքացիների, այն էլ ոչ թե Աբովյանում, այլ Երևանի Բաղրամյան  փողոցում։ Դա էր պատճառը, որ հետախուզական նպատակներով մարտի նետվածները վերադարձվեցին ելման դիրք։

Պետք է արձանագրել, որ 2008թ. սկսած հակաբհկական արշավը հստակ ուղեգիծ չունի։ «Անկախ» մամուլը երբեմն տարածում է, թե Սարգսյանն ու Ծառուկյանը իրար հետ են, և առկա է պայմանավորված խաղ։ Նույն լրատվամիջոցները միաժամանակ «ավետում» են, թե Սարգսյանը կատաղի ձևով պայքարում է ԲՀԿ–ի դեմ, քանի որ վտանգն այդտեղից է զգում։ Ասել է թե՝ սրանք չեն կողմնորոշվում, թե ինչպես իրենց պահեն, ու որպես հետևանք՝ խճճվում են իրենց իսկ հյուսած սարդոստայնի մեջ։

Քաղաքականությանը հետևող մարդկանց համար այժմ շատ կոնկրետ հարցեր են առաջանում. եթե Ծառուկյանը Սարգսյանի թիմակիցն է, ապա ինչո՞ւ են ԲՀԿ–ի դեմ «սև» PR կիրառում իշխանական քարոզչագործիքները։ Իսկ եթե Ծառուկյանին իշխանությունը ներկայացնում է որպես իր հակառակորդ, ապա այդ դեպքում ինչո՞ւ են պարբերաբար «մուտիլովկաներ» տարածում պայմանավորված խաղի մասին։ Այս առումով տեղին է հնչեցնելը՝ տղանե՛ր, կողմնորոշվե՛ք։

Ծիծաղելի է հետևելը, թե ինչպես են «անկախ» լրատվամիջոցներն ուրախությունից պար գալիս, երբ, ասենք, Ծառուկյանը Սարգսյանի հետ արարողակարգային շփումներ է ունենում։

«Ահա՛, տեսեք, թե ինչպես են իրար հետ նույն միջոցառման մասնակցում»,– թմբկահարում են «անկախները»՝ առաջ տանելով «խաղի» տեսությունը։

Նույն լրատվամիջոցները, սակայն, դեպրեսիայի մեջ են ընկնում, երբ, օրինակ, Լևոն Տեր–Պետրոսյանը գնահատականներ է հնչեցնում ԲՀԿ–ի մասով և առաջ քաշում «Առա՛ջ, դեպի անսերժ Հայաստան» կարգախոսը։

«Ախր, այդպիսով ՀԱԿ–ը թուլանում է»,– կեղծ մտահոգություն են հայտնում լրատվական դաշտի գեղամյանները։

Մի խոսքով, իշխանությունները խառն են, շատ խառը։ Իսկ դա պայմանավորված է այն բանով, որ իրենք ամենատեղեկացվածն են ու գիտեն, որ ոչ մի խաղ էլ չկա, այլ կա իշխանափոխության հնարավորություն, ու դրա համար էլ դաշտ են նետել դավիթշահնազարյաններին ու Րաֆֆիի հանգույն ժառանգականներին, որպեսզի սրանք դհոլություն անեն ԲՀԿ–ի դեմ ու բարձրաձայնեն «ապակայունացման» վտանգի մասին (ըստ Դավիթ Շահնազարյանի բանաձևի՝ Սերժին իշխանությունից հեռացնելը ապակայունացմանը համարժեք բան է. թունդ ընդդիմադիրի ինչպիսի՜ անկեղծացում)։

Ամփոփելով նշեմ, որ Ծառուկայնը ճիշտ այնքան է Սարգսյանի հետ պայմանավորված խաղում, ինչքան որ ԲՀԿ–ն ՀՀԿ–ի հետ միասնական ցուցակով մասնակցեց ԱԺ վերջին ընտրություններին ու դրանից հետո էլ իշխանական կոալիցիայի մաս կազմեց։ Ի վերջո, ամեն ինչ որոշվում է կոնկրետ քայլերով, և «մուտիլովկաները» կարճ կյանք են ունենում։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը