Մեկնաբանություն

17.07.2012 23:30


Ո՞ւմ պատճառով է իջել ՀԱԿ-ի վարկանիշը` ԲՀԿ-ի՞, թե՞ Դավիթ Շահնազարյանի

Ո՞ւմ պատճառով է իջել ՀԱԿ-ի վարկանիշը` ԲՀԿ-ի՞, թե՞ Դավիթ Շահնազարյանի

Այսօր ՀԱԿ-ից դուրս եկած զանգվածը «Ժառանգության» հետ միաբերան պնդում են, որ ՀԱԿ-ի վարկանիշը օր- օրի իջնում է, և դրա գլխավոր մեղավորը Լևոն Տեր- Պետրոսյանն է, ով իր` ԲՀԿ-ի հետ «սիրախաղերով» ամբողջովին փոշիացրեց ՀԱԿ-ի հեղափոխական էլեկտորատը:

Այս շրջանակներին, իշխանության «պասով», բնականաբար, ձայնակցում են նաև անկախ- լիբերալ կոչված լրատվամիջոցները:

Քանի որ այս հարցը շատ է շահարկվել, փորձենք օբյեկտիվորեն վերլուծել այն:

2008թ.-ի մարտի 1-ից հետո երբ համաժողովրդական շարժմանը չհաջողվեց վերցնել իշխանությունը, շարժման մեջ առաջացավ «ով է մեղավոր և ինչ անել» դասական խնդիրը: Եվ եթե «ով է մեղավոր» հարցադրումը կարծես թե բանավեճի առարկա չէր, ապա «ինչ անել»-ի հարցում կային տարբեր պատկերացումներ:

Կար տեսակետ, որ շարժումը պետք է գնա հասարակության ավելի մեծ համախմբման` ներգրավելով «Ժառանգությանը», ՀՅԴ-ին, և իշխանության մեջ գտնվող որոշ շրջանակների: 2-րդ տեսակետն այն էր, որ շարժումը պետք է երկխոսություն սկսի Սերժ Սարգսյանի հետ, և դրանով փորձի պահպանել իր դոմինանտային դերը քաղաքական դաշտում: Այդ 2-րդ տեսակետի կողմնակից էին Դավիթ Շահնազարյանը և Արամ Զավենի Սարգսյանը:

Իշխանությունը հակված չէր նոր ստեղծված ՀԱԿ-ի հետ որևէ լուրջ դիալոգի: Հիշեցնենք, որ ըստ «Վիկիլիքսի» հրապարակումների, Դավիթ Շահնազարյանը ԱՄՆ դեսապանատան ներկայացուցիչների միջոցով կապի մեջ է եղել Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ` փորձելով «կամրջակ» գցել ՀԱԿ-ի  և Սերժ Սարգսյանի հետ: Դավիթ Շահնազարյանի այն ժամանակվա նպատակը մեկն է եղել` ՀԱԿ-ին սարքել կցորդ Սերժ Սարգսյանի իշխանությանը, դրա դիմաց ստանալով «բարձր պաշտոն» նոր «կոալիցիոն իշխանության» համակարգում: Գաղափարապես դա պետք է բացատրվեր Ռոբերտ Քոչարյանի դեմ պայքարով: Հիշեցնենք, որ Դավիթ Շահնազարյանի այդ ջանքերը ապարդյուն էին, մինչև 2011-ի փետրվար ամիսը: Դրանից հետո Սերժ Սարգսյանին ԱԱԾ-ն զեկուցեց, որ ԲՀԿ-ի աճող վարկանիշը և «արաբական գարունը» կարող է հասնել նաև Հայաստան, լրջորեն կարող են ապակայունացնել ներքին իրավիճակը, և գործող նախագահը որոշեց «ձեռք մեկնել» Դավիթ Շահնազարյանի առաջարկին:

Գործարքը կնքվեց 2011-ի փետրվարի կեսերին, երբ նույն Դավիթ Շահնազարյանը հանդես եկավ իր հանրահայտ հակաբհկական մամլո ասուլիսով և ջերմորեն պաշտպանեց Սերժ Սարգսյանին:

Կրկին հիշեցնենք Դավիթ Շահնազարյանի այն ժամանակվա մամլո ասուլիսի գլխավոր մեսիջը. մեջբերենք նրա խոսքերը. «վերջին զարգացումների արդյունքում էապես փոխվել է Հայաստանի ներքաղաքական ներկապնակը: Ռոբերտ Քոչարյանն էլ իրեն բնորոշ գործելակերպով փորձելով մնալ ստվերում` ԲՀԿ-ի օգնությամբ փորձում է ապակայունացնել ՀՀ ներքաղաքական իրավիճակը: Նրան հաջողվել է արդեն իսկ որոշակի անկայունություն մտցնել իշխող կոալիցիայում և ներիշխանական շրջանակներում...»: Փաստորեն, Դավիթ Շահնազարյանը դեռ 2011-ի փետրվարին էր անհանգստացած, որ Սերժ Սարգսյանի դիրքերը իշխանության մեջ կայուն չեն:

Փաստորեն, «Ավազակապետության դեմ պայքարի» ոչ շարքային գործիչը դեռ 2011-ին... մտահոգված էր Սերժ Սարգսյանի դիրքերի թուլությունով:

Դեռ ավելին, նշված մամլո- ասուլիսում Դավիթ Շահնազարյանը նշում էր, որ «ՀԱԿ-ը դա թույլ չի տա», և բացի այդ, «ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ունենալով Արևմուտքի աջակցությունը, փորձում է պահպանել իր դիրքերը, իսկ Ռոբերտ Քոչարյանը չունի Կրեմլի աջակցությունը»,- քծնում էր «հանցավոր ռեժիմի դեմ պայքարի» ոչ շարքային անդամ Դավիթ Շահնազարյանը` «գլխավոր ավազակապետ» Սերժ Սարգսյանին:

Հիշեցնենք, որ այն ժամանակ դեռ Տեր- Պետրոսյանի «քաղաքագիտական վերլուծությունը» չկար: Երբ 2011-ի գարնանը ՀԱԿ-ը կարող էր նոր զանգվածային ալիք բարձրացնել  ռեժիմի դեմ, ռեժիմը Դավիթ Շահնազարյանի ջանքերով հետևողականորեն  վիժեցրեց այն, զգալիորեն հեղինակազրկելով ՀԱԿ-ին` ակտիվ զանգվածների շարքերում:

Այսպիսով ՀԱԿ-ի վարկանիշի իջեցումը Սերժ Սարգսյանի կողմից լավ պլանավորված սպեցօպերացիա էր` որը կոչվում էր «երկխոսություն», և որի համահեղինակն ու ճարտարապետներից մեկը հենց Դավիթ Շահնազարյանն էր:

Այս գործընթացը ավարտվեց 2011-ի աշնանը, երբ ՀԱԿ-ը չկարողացավ արդեն երկարաժամկետ շուրջօրյա հանրահավաքներ անցկացնել: Եվ երբ արդեն խնդիրը լուծված էր, Բաղրամյան 26-ը նույնիսկ զուգարանները ՀԱԿ-ի հանրահավաքների ժամանակ փակ պահեց:

Այսպիսով, պետք է արձանագրել, որ ՀԱԿ-ի վարկանիշի թուլացումը դա նպատակային ծրագիր էր, որն էլ Սերժ Սարգսյանը իրականացրեց Դավիթ Շահնազարյանի միջոցով:

Եվ  երբ որ ՀԱԿ-ը կանգնած էր վերջնական փլուզման առաջ, 2011-ի նոյեմբերին Տեր- Պետրոսյանը ուշացած որոշում կայացրեց ամբողջովին փոխել պայքարի ռազմավարությունը, ինչը ենթադրում էր «երկխոսություն» սկսել ոչ թե Սերժ Սարգսյանի հետ, այլ ` այլ քաղաքական ուժերի հետ:   

Այսպիսով, Դավիթ Շահնազարյանի և նրա ընկերների կողմից ՀԱԿ-ի վարկանիշային կորուստը բացատրել ԲՀԿ-ի գործոնով` պարզ փարիսեցիություն է և ցինիզմ միաժամանակ, քանզի սույն գործիչը չի էլ թաքցնում, որ փորձել է ՀԱԿ-ը օգտագործել Սերժ Սարգսյանի ծրագրերում` որպես գործիք:

Հիշենք, թե ինչ ճակատագիր ունեցավ ԱԺՄ-ն, երբ Դավիթ Վարդանյանը մտավ աշխատանքի` նախագահական ապարատում:

Նույն սցենարով Սերժ Սարգսյանը փորձում էր ՀԱԿ-ին ԱԺՄ-ի ճակատագրին արժանացնել` այս անգամ արդեն Շահնազարյան Դավիթի միջոցով: Եվ եթե Սերժ Սարգսյանի և Դավիթ Շահնազարյանի համատեղ ծրագիրը իրականանար, ապա հնարավոր է, որ ՀԱԿ-ը չմտներ ԱԺ, և նրա տեղը ամբողջովին զբաղեցներ «Ժառանգությունը»:

Այն, ինչ նախապես պլանավորված էր Բաղրամյան 26-ում, չիրականացավ, քանի որ Տեր- Պետրոսյանը կարողացավ ամբողջովին փոխել ՀԱԿ-ի ռազմավարությունը: Եվ այսօր ՀԱԿ-ի վարկանիշը, ճիշտ է, նախկինը չէ, բայց դե ճգնաժամից և ինքնամաքրվելուց հետո կունենա աճի մեծ պոտենցիալ, որը տեսանելի կդառնա նաև հասարակության համար:

Արտակ Հակոբյան   

աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը