Մեկնաբանություն

18.07.2012 12:13


Ռուբեն Հայրապետյանի, «Հարսնաքարի», «Բջնիի» և «քաղաքացիական հասարակության» մասին

Ռուբեն Հայրապետյանի, «Հարսնաքարի», «Բջնիի» և «քաղաքացիական հասարակության» մասին

«Հարսնաքարում» տեղի ունեցած սպանությունից հետո կոչ արվեց չայցելել այդ ռեստորանային համալիր։ Պարզ է, որ եթե նույնիսկ այդ կոչը չլիներ, ապա Վահե Ավետյանի մահվան հետ կապված աղմուկն արդեն շատերին էր հետ պահելու այդ օբյեկտից։

Կոչեր են հնչում նաև խլել «Հարսնաքարը» Ռուբեն Հայրապետյանի ձեռքից, ինչպես նաև բոյկոտել նրան պատկանող ապրանքատեսակներն ու ծառայությունները։

Մի կողմ թողնելով հարցի էմոցիոնալ հատվածը՝ եկեք հասկանանք, թե ո՞ւմ է ուղղված «Հարսնաքարը» Հայրապետյանի ձեռքից խլելու կոչը, ի՞նչ կարող է լինել դրանից հետո, ճի՞շտ է արդյոք «Բջնի» և «Նոյ» ապրանքանիշերի բոյկոտը, և ո՞րը պետք է լիներ քաղաքացիական հասարակության լեգիտիմ պահանջը։

«Հարսնաքար». բոյկո՞տ, թե՞ սեփականության վերաբաշխում

Այն, որ «Հարսնաքարը» պետք է բոյկոտել, հասկանալի է։ Եթե մարդը գնում է այնտեղ ժամանակ անցկացնելու, բայց հայտնվում է վերակենդանացման բաժնում, իսկ հետո՝ դիահերձարանում, ապա այդտեղի հացը հարամ է։

Եթե «Հարսնաքարը» բոյկոտի ենթարկվի, ապա չի կարող օգուտ բերել դրա տիրոջը, և այդպիսով Հայրապետյանը գոնե այդկերպ կպատժվի, եթե, իհարկե, ընդունենք այն նախնական վարկածը, որ նրա գիտությամբ չեն Վահե Ավետյանին մահացու ծեծի ենթարկել։ Այսինքն՝ իրավական պատասխանատվության ենթարկվելու հիմքերի բացակայության դեպքում Հայրապետյանը պետք է կրի բարոյական պատասխանատվություն և նյութական վնաս, բայց այստեղ շատ կարևոր է այն ճանապարհը, որով նրան պետք է քավարանով անցկացնել։

Ասեմ, որ «Հարսնաքարը» Հայրապետյանի ձեռքից խլելու պահանջը ճիշտ չէ, և ահա թե ինչու։ Հասկանալի է, որ մեր բակի Վալոդիկը չի կարող այն խլել։ Այդ պահանջն ակնհայտորեն ուղղված է Սերժ Սարգսյանին։ Եթե խլի, ապա նախագահը պետք է խլի։ Ահա այստեղ է, որ որոշ «քաղաքացիական ակտիվիստների» ականջների հետևից չի հաջողվում թաքցնել Բաղրամյան 26–ի ականջներն ու ներքին ցանկությունները։

Դեռևս բոլշևիկների ժամանակներից հայտնի է, որ երբ պետությունը խլում է սեփականությունը, ապա դա, այսպես ասած, ժողովրդին չի հասնում։ «Խլել ու տալ ժողովրդին» արտահայտությունը դեմագոգիկ և պոպուլիստական ձևակերպում է։

Բազմիցս գրել ենք այն մասին, որ Սերժ Սարգսյանը խնդիր է դրել «մեկ օլիգարխի տնտեսություն» ստեղծել, ինչը նշանակում է փոքր ու միջին բիզնեսի փաստացի վերացում, իսկ խոշոր բիզնեսի՝ կուլակաթափում։ «Հարսնաքարում» տեղի ունեցած դեպքը հիմա նախագահականում ուզում են օգտագործել իրենց այդ ծրագիրն առաջ տանելու համար։ 

«Քաղաքացիական հասարակությունը պահանջում է» թամաշայի տակ իշխանությունը ցանկանում է լեգիտիմացնել այն գաղափարը, որ «չար օլիգարխների» ձեռքից սեփականությունը խլելը լավ բան է՝ «էքսպոպրիատորների էքսպոպրիացիա» ծրագրի շրջանակներում։

Ակնհայտ է, որ սեփականության բռնի վերաբաշխումը և «աշխատավորական կոլեկտիվների» պահանջով առաջնորդվելը որևէ կապ չունի քաղաքացիական արժեքների ու ժողովրդավարական խաղի կանոնների հետ։ Սովետի ժամանակ «քաղաքացիական հասարակության» դերը կատարում էին առաջադեմ կթվորուհիները, ստախանովյան շարժման հետևորդները և պետպատվերով ինտիլիգենցիան։ Հիմա դրանց փոխարինելու են եկել «քաղաքացիական ակտիվիստները» և սոցցանցերում վխտացող դեմքերն ու իրենց «ֆեյքերը»։

Ամփոփեմ. «Հարսնաքարի» տիրոջը ֆինանսապես պետք է պատժել բոյկոտի միջոցով, իսկ թե սնանկանալուց հետո Հայրապետյանն ինչպես կվարվի իր սեփականության հետ, արդեն նրա գործն է։

Բոյկոտել «Բջնիի» ու «Նոյի» այժմյան տերերին, այլ ոչ թե «Բջնին» ու «Նոյը»

Վահե Ավետյանի սպանությունից հետո կոչեր են հնչում չգնել «Բջնի» և «Նոյ» ջրերը։ Բան չունենք ասելու, Հայրապետյանին պատժելու ձև է։ Բայց եկեք նախ հասկանանք, թե արդյոք «Բջնիի» և «Նոյի» իրական տերը Ռուբեն Հայրապետյա՞նն է, և արդյոք թիրախայի՞ն են մարդկանց պահանջները։

Ինչպես հայտնի է, «Բջնին» ու «Նոյը» Հայրապետյանի ձեռքում հայտնվեցին 2008թ. տեղի ունեցած գործընթացների արդյունքում, երբ Խաչատուր Սուքիասյանը բացահայտ պաշտպանեց Սերժ Սարգսյանի դեմ դուրս եկած Լևոն Տեր–Պետրոսյանին։ Այսինքն՝ Հայրապետյանի ձեռքերով Սերժ Սարգսյանը խլեց սեփականությունը Սուքիասյանների ընտանիքից։

Խոշոր սեփականատերերից շատերն այն ժամանակ համոզված էին, թե «Բջնին» ու «Նոյը» վերցնում են Սուքիասյանների ձեռքից՝ նրանց ընդդիմադիր պահվածքի պատճառով, ուստի իմաստ չունի գործընթացին խառնվելն ու սեփականության ապօրինի վերաբաշխում թույլ չտալը, բայց դա պարզունակ ու սխալ պատկերացում էր։ Խոշոր բիզնեսի մեծ մասը չէր հասկանում, որ Սերժ Սարգսյանը գործնականում փորձարկում էր սեփականության խլման իր ուզած մոդելը և եթե մարսեր, ապա անցնելու էր «յուրայինների» սեփականությանը՝ թաքնվելով «քաղաքացիական հասարակության» այսպես կոչված պահանջների հետևում։ Մարսեց ու հիմա անցել է գործի։ Իսկ դա, ինքներդ էլ հասկանում եք, որ բոլշևիկյան մոտեցում է և ոչ մի կապ չունի ժողովրդավարության հետ։

Սուքիասյանների ձեռքից «Բջնին» և «Նոյը» վերցնելու ժամանակ կոպտորեն խախտվեց ժողովրդավարական ու քաղաքացիական արժեքների կարևորագույն դրույթը՝ մասնավոր սեփականության անձեռնմխելիությունը և պաշտպանությունը։ Քաղաքացիական հասարակությունը և բիզնես վերնախավը, անկախ իր քաղաքական հայացքներից, պետք է կանգներ ու թույլ չտար սեփականության վերաբաշխում։ Դա չարվեց, ու հիմա Սերժ Սարգսյանի թիմը, նեոբոլշևիկյան մեթոդներով, փորձում է թուրքմենբաշիական իշխանական համակարգ ձևավորել՝ հենվելով «առաջադեմ» զանգվածների վրա։

Հայտնի է, որ եթե պետության մեջ չկա մասնավոր սեփականության պաշտպանություն, ապա բացառվում է ժողովրդավարական ու քաղաքացիական արժեքների ներդրումը։ Այնպես որ, սեփականության ինստիտուտի պաշտպանությունը և մրցակցային տնտեսական հարաբերություններ ձևավորելը թիվ մեկ խնդիրներից են, որոնք պետք է լուծի ժողովրդավարության ձգտող ցանկացած անցումային երկիր։

Քաղաքացիական հասարակությունն, ըստ այդմ, հիմա պետք է պայքարի ոչ թե «Բջնի» ու «Նոյ» ապրանքատեսակների դեմ ու կոչ անի սպառողներին չգնել դրանք, այլ բարձրացնի շատ սկզբունքային հարց, այն է՝ «Բջնին» ու «Նոյը» Սերժ Սարգսյանից վերադարձնել դրանց օրինական տիրոջը՝ Սուքիասյանների ընտանիքին։ Եթե սա չի արվում, ապա քաղաքացիական հասարակություն կոչվածը լրիվ այլ հարց է լուծում, ու արդեն կապ չունի, թե դրա առանձին անդամներ անկե՞ղծ մղումներով են սեփականության սերժամետ վերաբաշխման կոդերով առաջնորդվում, թե՞ ուղղորդվում են նախագահական նստավայրի կողմից ու աշխատավարձ ստանում դրա դիմաց։

Զուտ տնտեսագիտորեն հարցին նայելիս՝ լրիվ պարզ է դառնում, թե ինչի կարող են հանգեցնել «Բջնին» ու «Նոյը» բոյկոտելու կոչերը։ Եթե այդպես արվի, ապա շատ կարճ ժամանակ անց այդ բիզնեսները կսնանկանան, ու Ռ. Հայրապետյանը ստիպված պետք է լինի վաճառել դրանք։ Հասկանալի է, որ մեր բակի Վալոդիկը չի գնելու սնանկ ճանաչված այդ բիզնեսը։ Ակնհայտ է, որ գնորդը կլինի Հայաստանի կլանաօլիգարխիկ համակարգի պարագլխի՝ Սերժ Սարգսյանի շրջապատից, ընդ որում՝ շատ էժան գնով, քանզի բանկրոտ բիզնեսը, որպես կանոն, «շան մսի» գնով են առնում։ Այդպիսով՝ ավարտին կհասցվի Սուքիասյաններից սեփականությունը խլելու գարծընթացը, որը, փաստորեն, երիտասարդ սպայի մահն օգտագործելով ու «քաղաքացիական հասարակությանը» մեյդան նետելով՝ կհաջողացնի Սերժ Սարգսյանը։ Այդ հետո կպարզվի, որ «քաղաքացիական հասարակությունն» արդեն կոչ չի անում չգնել «Նոյն» ու «Բջնին», քանզի սեփականատերը փոխվել է և դարձել է «բարի օլիգարխ» Սերժը կամ նրա ընտանիքի որևէ անդամ։  Ահա և սեփականության վերաբաշխման այն սխեման, որով մեզանում առաջնորդվում են «բարեշրջումներից» ճամարտակող նեոբոլշևիկները։

Հիմա եթե քաղաքացիական հասարակությունը պետք է նպաստի սեփականության վերաբաշխմանը և Սերժ Սարգսյանի շուրջ միահեծան տնտեսաքաղաքական համակարգի ձևավորմանը, ապա դա ոչ թե քաղաքացիական հասարակություն է, այլ մարտնչող կոմսոմոլ, որին օգտագործելուց հետո միշտ դեն են նետում։

. . .

Այսպիսով, հանրային ցանկացած պահանջ, որը քաղաքական բնույթ չի կրի, և որը չի ենթադրի գործող համակարգի ապամոնտաժում, չի կարող համարվել քաղաքացիական։

Քաղաքացիական հասարակությունը չի կարող արդարադատություն պահանջել Սերժ Սարգսյանից։ Դա նույնն է, թե բռնադատվածների ընտանիքները կամ 37 թվին գնդակահարվածների հարազատներն արդարադատություն պահանջեին Ստալինից։

Քաղաքացիական հասարակությունն ու քաղաքական ուժերը պետք է համատեղ ուժերով «Ո՛չ» ասեն այս համակարգին ու դրա պարագլխին։ 2013–ը հարմար առիթ է «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյանը»–ը կյանքի կոչելու համար։ Այլ ձևակերպումներով հանդես եկող «քաղաքացիականներն» ու «քաղաքականները» ընդամենը թաքցնում են իրենց հաճախորդությունը, ոչ ավելին։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը