Ի լրումն ՀՀԿ պատգամավորի որդու մասնակցությամբ արձանագրված ավազակային հարձակման դեպքի
Ինչպես տեղեկացրել էինք՝ հուլիսի 18-ին՝ ժամը 03։35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1987թ. ծնված Վիրաբ Ա.-ն և հայտնել, որ անհայտ անձը զենքի սպառնալիքով առևանգել է իր «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ 1982թ. ծնված Արտակ Գ.-ն նույն օրը՝ ժամը 03։30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի դպրոցի մոտ իջնելով իր վարած «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենայից՝ ատրճանակի սպառնալիքով կանգնեցրել է Վիրաբ Ա.-ի «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան և իջեցնելով վերջինիս ու նրա ուղևորին ու թողնելով «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենան` «ՎԱԶ 2106» ավտոմեքենայով հեռացել է:
Արտակ Գ.-ն ձերբակալված է:
Ոստիկանության Արմավիրի մարզային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 183 հոդվածի 1-ին մասի, 183 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
***
Նույն օրը երեկոյան, ժամը 20։30-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել Արտակ Գ.-ին պատկանող, Երևան քաղաքի Տերյան փողոցում գտնվող բնակարանում, որտեղ խոհանոցի անկյունակ բազմոցի նստելատեղի տակից հայտնաբերվել է 4,5 մմ տրամաչափի «Բայկալ» օդամղիչ ատրճանակ:
Հայտնաբերված ատրճանակի օրինականությունը ստուգվում է:
Ատրճանակն ուղարկվել է փորձաքննության:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք ենք, որ Արտակ Գ.-ն ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդին է։
Ի լրումն ՀՀԿ պատգամավորի որդու մասնակցությամբ արձանագրված ավազակային հարձակման դեպքի