Հարցազրույց

19.07.2012 11:31


Էդիկ Հովսեփյան.

Էդիկ Հովսեփյան.

Հարցազրույց  «armweeklynews.am» կայքի խմբագիր Էդիկ Հովսեփյանի հետ

–Ինչպիսի՞ գնահատական կտաք Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին։

–Միշտ էլ իմ անձնական կարծիքը ասել եմ, որ մարդը կարող է լինել լավ պաշտպանության նախարար, լավ անվտանգության ծառայության ղեկավար, կարող է լինել նույնիսկ լավ վարչապետ, բայց նախագահ դառնալու համար այլ որակական հատկանիշներ են պետք, ինչը մինչև այսօր Սերժ Սարգսյանը չի կարողանում ձեռք բերել։ Այսինքն՝ մինչև այսօր նա չի կարողանում նախագահ դառնալ։ Ե՛վ ընտրությունները, և՛ վերջին գործընթացները ցույց տվեցին, որ Սերժ Սարգսյանը չի կարողանում դառնալ բոլորի նախագահը։

–Երևի հենց այդ հատկանիշների բացակայության պատճառով էլ այսօր Հայաստանի  քաղաքականությունը ամենատարբեր բնագավառներում ձախողված է։ Հոգեբանության նույնիսկ մի ամբողջ տեսություն կա, ըստ որի՝ չնայած պարբերական ձախողումներին՝ մարդը  նույն գործելակերպով է առաջնորդվում՝ ձգտելով նույն պաշտոնի։ Ըստ Ձեզ՝  ինչո՞ւ  է Սերժ Սարգսյանը, արձանագրված բազմաթիվ ձախողումների ֆոնին, կրկին հավակնում նախագահի պաշտոնին։

–Յուրաքանչյուր նախագահի պետք է դիտարկել ոչ միայն որպես առանձին անձ։ Նախագահը թիմ է, շրջապատ է։ Այն թիմը, որն ունի Սերժ Սարգսյանը վերջին երկու տարում, իմ կարծիքով՝ դժվար թե հաջողությունների հասնի։

–Վերջին երկո՞ւ տարիների թիմը։ Ինչո՞ւ՝ միայն այդ երկու տարիների։

–Ես կարծում եմ, որ երբ նա եկավ իշխանության,  փորձեց ինչ–որ բան փոխել, բայց էլի անհաջող կերպով։ Հետո նոր թիմ փորձեց հավաքել։ Գիտե՞ք ինչպես. երբ ուզում ես մեծ արագություն զարգացնել մեքենայով և օգտագործում ես ոչ թե գերմանական մեքենա, այլ սովետական հին «կոպեյկա», ապա դու չես զարգացնի այդ արագությունը։ Հիմա նույնը նախագահի այս թիմի մասին կարելի է ասել։ Ավելին՝ որքան ես նկատել եմ, ինքը ինչքան փորձեց երիտասարդներին իր շրջապատ բերել, շատ անհաջող ստացվեց։ Կարծես այն նույն մարդկանց, ովքեր կային ու անընդունելի էին հասարակության մեջ, դրանց երիտասարդ տիպաժները վերցրեց։ Դրա համար էլ, ինձ թվում է, ոչ մի բան չի հաջողվի անել։ Այդ պատճառով էլ նա մինչև այսօր լռում է, ժողովրդի հետ ուղիղ երկխոսության չի գնում։

–Այսինքն՝ ստացվում է այնպես, որ նախագահը իրականությունից կտրվա՞ծ է։

–Ոչ, կտրված չէ, պարզապես հոգեբանորեն նա ինքն էլ է հասկանում, որ ժողովրդի վիճակը վատ է, բայց հոգեբանորեն չի կարողանում ժողովրդի հետ խոսել։ Դրա համար եմ ասում, որ նա դեռևս չունի նախագահի հատկանիշները։ Իրեն թվում է, թե դեռևս նախկին վարչապետն է, պաշտպանության նախարարն է։ Այդպես չէ, ինքը նախագահն է, ինքը լավ չի պատկերացնում։ Ընտրությունների ժամանակ ինքը իրավունք չուներ, ո՛չ սահմանադրորեն, ո՛չ բարոյապես, որևէ կուսակցության քարոզչություն ղեկավարեր։ Դա սահմանդրության խախտում էր։

–Իսկ ընդհանուր առմամբ Սերժ Սարգսյանի ուժեղ և թույլ կողմերից որո՞նք կարող եք առանձնացնել։

Նախագահի ուժեղ կողմերից մեկն այն է, որ եթե նա մի բան չի կարողանում անել, չի խոստանում։ Այնքանով է խոստանում, ինչքանով որ կա։ Բայց դա նույնպես նախագահի բան չէ. նախագահը միշտ պետք է ավելին խոստանա։ Նախագահը պետք է ոչ միայն իրողությունը արձանագրի, այլ նաև հույս տա։ Դրա համար եմ ասում, էլի, չի հաջողվում այդ մարդուն նախագահ դառնալ։

–Բայց եթե նայենք անցած 4 տարիներին, ապա բավական շատ խոստումներ են եղել, և դրանցից շատ քչերն են իրագործվել, եթե ընդհանրապես իրագործվել են։

–Չէ, դե այդ մարդը այդ բնավորությունն ունի, էլի։ Մի քիչ էլ մութ բան կա ինչ–որ, ինքն իրեն ներկայացնում է ոչ լրիվ։ Գուցե նրա գործնական կառավարման դեպքում խնդիր չլինի, բայց ժողովրդի հետ շփման դեպքում, ժողովրդի հետ երկխոսության հարցում, ժողովրդի վստահությունը շահելու հարցում նա խնդիրներ ունի։ Նա ԱՊՀ–ում միակ նախագահն է այսօր, որ այս ճգնաժամային իրավիճակում իր ժողովրդի հետ երկխոսություն չի անում։

–Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունն, ըստ էության, հայոց քաղաքական դաշտը էրոզիայի է ենթարկում։ Մի կողմից դա լավ է այն տեսանկյունից, որ «ականներն» են ի հայտ գալիս, օրինակ՝ Հմայակ Հովհաննիսյանը։ Բայց այդպես մարդկանց օգտագործելով և, ըստ էության,  դեն նետելով... այդպես մինչև ո՞ւր կհասնի։

–Կհասնի մինչև նրան, երբ միջին մակարդակի որևէ ռուսական կամ ամերիկյան փիառ ընկերություն կաշխատի Հայաստանում ու շատ փոքր գումարներով կկարողանա ստեղծել և՛ քաղաքական ուժ, և՛ քաղաքական անհատ, քանի որ քաղաքական դաշտը ամբողջովին վերացված կլինի։ Եվ մենք ոչինչ չենք կարողա անել։ Այսինքն՝ դրանով մենք մեր ազգային անվտանգությունն էլ ենք վտանգում։

Զրույցը վարեց Սարգիս Շիրխանյանը

 

Այս խորագրի վերջին նյութերը