Մեկնաբանություն

19.07.2012 19:05


Ինչպես դառնալ «քաղաքագետ»

Ինչպես դառնալ «քաղաքագետ»

Երբ Սերժ Սարգսյանը սկսեց Գյուլի հետ «ֆուտբոլային» մոտիվներով քիրվայություն անել, պարզվեց, որ Հայաստանում ահագին «թուրքագետ» կա։ Որքան շատ էր իշխանական քարոզչամեքենան գովում «նախաձեռնողական» արտաքին քաղաքականությունը, այնքան սնկի պես աճում էին «թուրքագետները»։ Արդուկն անգամ միացնելիս «թուրքագետի» էիր հանդիպում՝ սազը ձեռքին Սերժին գովելիս։

Տեղին է այժմ արձանագրելը, որ դիպլոմավոր ու անդիպլոմ «թուրքագետների» ոչ մի կանխատեսում հայ–թուրքական հարաբերությունների մասով չիրականացավ ու այդպես էլ պետք է լիներ։

«Ֆուտբոլային» դիվանագիտության ձախողումից հետո «թուրքագետներն» անհայտացան ճիշտ այնպես, ինչպես «տառականները» լույսը տեսնելիս։

Հիմա շատացել են «քաղաքագետները»։ Ամեն մի թփի տակից մի «քաղաքագետ» է դուրս գալիս։

Հաշվի առնելով, թե ինչպես են լրագրողների թեթև ձեռքով մարդիկ «քաղաքագետ» դառնում՝ կարելի է ասել, որ մեկ շնչին ընկնող «քաղաքագետների» թվով մեր պետությունն աշխարհում առաջիններից է՝ թերևս հետ մնալով Մադագասկարից (մեր ջերմ ողջույնները Տիգրան Սարգսյանին)։

Ի դեպ, «քաղաքագետ» դառնալու համար մեր օրերում շատ բան պետք չէ։ Չի պահանջվում ո՛չ համապատասխան կրթություն, ո՛չ բազային գիտելիքներ, ո՛չ քաղաքագիտական գրականության անհրաժեշտ նվազագույն իմացություն։ Մեկ–երկու այցելություն Մաշտոցի պուրակ, երկու գորգոռոց Երևանի փակ շուկայի դիմաց, երկու–երեք անիմաստ ասուլիս, մեկ հեռուստահարցազրույց և հոպլա՝ դուք այլևս քաղաքագետ եք։ Մամուլի ակումբներում թափառող և լուրջ դեմքով հանդես եկող սուբյեկտներին հենց այդպես էլ ներկայացնում են ակումբավարները. «Մեր այսօրվա հյուրն է քաղաքագետ էսինչը»։ Ու «խոխման» այն է, որ «էսինչը» չի էլ դիմադրում, թե ինձ քաղաքագետ մի ներկայացրեք, ախր ես ջութակահար եմ եղել «հեղափոխությունից» առաջ։

«Խոխմա» է նաև այն, որ ինքնակոչ ու ինքնահավան «քաղաքագետները» մի օր մի բան են ասում, հաջորդ օրը՝ լրիվ հակառակ բանը, իսկ մեկ շաբաթ անց հակադրվում են իրենց իսկ հնչեցրած նախորդ տեսակետներին, ու լրագրողներն էլ չեն ասում, թե այ ո՜վ իմ «քաղաքագետներ», դուք դիլետանտ եք ու անգամ մեկ շաբաթվա կտրվածքով «լյափսուսներ» եք տալիս, բա դուք ի՞նչ մասնագետներ եք։ Լրագրողները չեն անում դա, իսկ փոխարենը շատանում են «քաղաքագետները»՝ ակնհայտորեն ոգևորվելով իրենց կոլեգաների հաջողությունից։

Այսպես որ շարունակվի, բուհերում կարելի է արդեն փակել քաղաքագիտության ֆակուլտետները։ Չէ՞ որ «քաղաքագետ» դառնալու համար շատ խելք, կամ ավելի ճիշտ՝ խելք ընդհանրապես, պետք չէ։

Բուհերը լավ կանեն հիմա բացեն «քաղաքացիական ակտիվիստ» պատրաստելու ֆակուլտետներ։ Նախագահականից պետպատվերի պակաս չի զգացվի, ֆինանսավորման՝ նույնպես։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը