Լրահոս

01.06.2009 17:01


Արմեն Հարությունյանը՝ Հայ ազգային կոնգրեսի և «Ժառանգություն» կուսակցության համատեղ հայտարարության վերաբերյալ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը կտրականապես մերժում է Հայ ազգային կոնգրեսի և «Ժառանգություն» կուսակցության համատեղ հայտարարության մեջ հնչած մեղադրանքները և թույլ չի տա քաղաքական ուժերին իրենց մեղքը բարդել ՄԻՊ-ի վրա: Ըստ Պաշտպանի և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը, Փաստահավաք խումբը օգտագործեցին  քաղաքական շահարկումների նպատակով և թույլ չտվեցին, որ այն գործի որպես փորձագետների խումբ:

Տպավորություն է ստեղծվում, որ ընդդիմության և կոալիցիայի ներկայացուցիչները խմբում գործում էին համագործակցված: Դրա մասին են վկայում հետևյալ հանգամանքները.
Նախ՝ իշխանությունը ցանկության դեպքում կարող էր ավելի շուտ ստեղծել այդ խումբը՝ չսպասելով ԵԽ համապատասխան կառույցների ճնշմանը: Բացի դրանից, կոալիցիայի ներկայացուցիչները Փաստահավաք խմբում որդեգրել էին ոչ կառուցողական, պասիվ դիրքորոշում: Ավելին, օգտվելով հարմար առիթից՝ Ռոբերտ Ավագյանը հայտարարեց խմբից դուրս գալու մասին:
Ընդդիմությունը մեղադրում է Մարդու իրավունքների պաշտպանին այն գործում, որ նա կազմալուծում է Փաստահավաք խմբի գործունեությունը: Դա իրականությանը կհամապատասխաներ այն դեպքում, եթե ՄԻՊ-ը հրաժարվեր նոր թեկնածու առաջադրելուց:
Աշխատելու ցանկության դեպքում ընդդիմությունը կարող էր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին զուսպ կեցվածք ընդունելու կոչ անել և ի գիտություն ընդունել ՄԻՊ-ի՝ նոր ներկայացուցիչ առաջադրելու պատրաստակամությունը: Բացի այդ, եթե ընդդիմությունը շահագրգռված էր Փաստահավաք խմբի արդյունավետ աշխատանքով, այդ դեպքում ինչոˆւ հիմնական լարվածություն ստեղծողը, անձնական վիրավորանքներ հասցնողը հենց Անդրանիկ Քոչարյանն էր:

Վերոնշվածը ապացուցում է, որ Վահե Ստեփանյանի՝ խմբից դուրս գալու որոշումն արդարացված էր: Սակայն Պաշտպանը չի հրաժարվում նոր թեկնածու առաջադրելուց, միայն թե այս դեպքում նա լինելու է ոչ թե փորձագետ, այլ' խմբում ձևավորված մթնոլորտին ավելի համապատասխանող անձ:
Մի հոգին չի կարող շախմատ խաղալ, եթե մյուս չորսը հրահանգված են ռեգբի խաղալ:
Խմբում փորձագիտական մթնոլորտի բացակայության պատճառը ոչ թե ՄԻՊ-ի ներկայացուցիչն է, այլ՝ քաղաքական ուժերի ներկայացուցիչները:

 

Այս խորագրի վերջին նյութերը