Մեկնաբանություն

20.07.2012 20:53


Միասնական թեկնածու՞, թե՞ միասնական ճակատ

Միասնական թեկնածու՞, թե՞ միասնական ճակատ

Քանի մոտենում են նախագահական ընտրություններն, այնքան ակտիվանում են քննարկումներն ընդդիմադիր դաշտի միասնական թեկնածուի թեմայով։ Ինչ որ առումով թեման արհեստականորեն է շրջանառվում, բայց մյուս կողմից էլ՝ բնական է, որ կան մարդիկ, ովքեր ուզում են միասնական թեկնածու տեսնել Սերժ Սարգսյանի դեմ՝ համոզված լինելով, որ այդպիսով ավելի մեծ կլինի իշխանափոխության հավանականությունը։

Նկատենք, որ ընդդիմադիր դաշտի միասնական թեկնածուի հարցը պետք է քննարկել ոչ թե վերացական դատողությունների և կատեգորիկ եզրահանգումների օգնությամբ, այլ կոնկրետ տարածության ու ժամանակի մեջ, որից հետո պարզ կդառնա, թե ո՞ր մարտավարությունն է ճիշտ։

Պատմական էքսկուրս

Հետանկախական Հայաստանում բոլոր նախագահական ընտրություններից առաջ միասնական թեկնածուի թեման եղել է ընդդիմադիր քաղաքական ուժերի օրակարգում։

Եթե մի կողմ դնենք 1991թ. նախագահական ընտրությունները (այն, հասկանալի պատճառներով, իր բնույթով տարբերվում էր հետագա բոլոր ընտրություններից), ապա պետք է արձանագրել, որ ընդդիմադիր դաշտը նախագահի միասնական թեկնածու կարողացել է ներկայացնել միայն 1996–ին, երբ Վազգեն Մանուկյանն անառարկելի լիդեր էր, և նրա ունեցած վարկանիշին մոտ այլ թեկնածու չկար նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի դեմ։

Հետագա բոլոր նախագահական ընտրությունների ժամանակ իշխանության թեկնածուի դեմ միասնական թեկնածու չի եղել։ Ճիշտ է, ընդդիմադիր դաշտում կային մրցապայքարի առաջատարներ (Կարեն Դեմիրճյան (1998թ), Ստեփան Դեմիրճյան (2003թ), Լևոն Տեր–Պետրոսյան (2008թ)), բայց նրանք միասնական թեկնածու չէին, քանզի կային վարկանիշային առումով առաջատարներին այնքան էլ չզիջող, այսպես ասած, «երկրորդ էշելոնի» ընդդիմադիրներ (Վազգեն Մանուկյան (1998թ), Արտաշես Գեղամյան (2003թ), Արթուր Բաղդասարյան (2008թ))։

Այսպիսով, Հայաստանի քաղաքական կյանքում միասնական թեկնածուի հարցը լուծվել է միայն 1996–ին։

1998–ին ու 2003–ին ընդդիմադիր դաշտի միասնական թեկնածու կարող էր լինել երկրորդ փուլի ժամանակ, բայց այդպիսի բան տեղի չունեցավ, քանզի 1998–ի ընտրությունների ժամանակ 3–րդ տեղում հայտնված «Ղարաբաղ» կոմիտեի կոորդինատոր Վազգեն Մանուկյանը, ով Հայաստանի անկախության գաղափարակիրներից էր, չէր կարող կանգնել  կոմունիստական շրջանում կենտկոմի առաջին քարտուղար աշխատած մարդու կողքը։ Բացի այդ՝ Կարեն Դեմիրճյանը որոշակի պայմանավորվածություններ ուներ այն ժամանակվա Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հետ և այդ իսկ պատճառով իրավիճակի սրման չգնաց։

Ստեփան Դեմիրճյանն էլ, ինչպես իր հայրը, չկարողացավ իրեն միացնել 2003թ. ընտրություններում 3–րդ տեղը զբաղեցրած թեկնածուին՝ Արտաշես Գեղամյանին, քանզի վերջինիս Սերժ Սարգսյանը «զրոների» օգնությամբ հաճախորդացրել էր։

Ինչ վերաբերում է 2008–ի ընտրություններին, ապա, ինչպես հայտնի է, երկրորդ փուլ չեղավ և հետևաբար անիմաստ է քննարկել, թե արդյոք 3–րդ տեղը զբաղեցրած Արթուր Բաղդասարյանը երկրորդ փուլ լինելու դեպքում կմիանա՞ր Տեր–Պետրոսյանին և եթե միանար, ապա ինչ տեղի կունենար։ Պատմությունը «եթե»–ներ չի սիրում, մանավանդ որ ՕԵԿ առաջնորդը ԱԽՔ–ացավ ու նպաստեց «Մարտի 1»–ին։

«Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան». ճանապարհային քարտեզ

2013–ի նախագահական ընտրություններին ընդառաջ միասնական թեկնածուի հարցը մտել է քաղաքական օրակարգ։ Ընդդիմադիր կամ Սերժ Սարգսյանի վարած գծին այլընտրանք ներկայացնող ուժերը փորձում են գտնել այդ հարցի պատասխանը և հստակեցնել սպասվող զարգացումներում յուրաքանչյուրի դերը։

Նախ հարկ է նկատել, որ քաղաքական դաշտի թվացյալ լղոզվածության ֆոնին՝ իրականում ամեն ինչ շատ հստակ է, իսկ քաղաքական սուբյեկտների դիրքորոշումները, մեծ հաշվով, պարզ են։ Հարակից աղմուկին պետք չէ ուշադրություն դարձնել։ 

Սերժ Սարգսյանին պաշտպանում են ՀՀԿ–ն ու գործնականում գոյություն չունենցող ՕԵԿ–ը՝ չհաշված հաճախորդ մարդ–կուսակցությունները, որոնք «էն գլխից» են հայտարարել ՀՀԿ ղեկավարի կողքը կանգնելու ցանկության մասին։

«Ժառանգություն» կուսակցության ղեկավարի ու նրան կցված դեմքերի, ինչպես նաև ՀԱԿ–ը լքած «այլախոհների» վրա դրված է Սերժ Սարգսյանին գեղամյանավարի քննադատելն ու հակաիշխանական դաշտում ջուր պղտորելը։ Այսինքն՝ քաղաքական դաշտի այս հատվածին ծիծաղելի է ընդդիմադիր համարելն ու որևէ լուրջ ակնկալիք ունենալը։

Րաֆֆի Հովհաննիսյանին կամ նրա նման մեկին ընդդիմության միասնական թեկնածու ընկալելու համար 2-3 լիտր օղին անգամ չի հերիքի։ Միայն «պետպատվերով» գործելու դեպքում մարդը կարող է, դեմքի լուրջ արտահայտությամբ, իշխանական հեռուստատեսության եթերից խոսել «երեք նախագահների եռանկյունուց դուրս լինելու» անհրաժեշտությունից ու հանրությանն առաջարկել սարաշարժությամբ զբաղվող Րաֆֆիի հետևից գնալ։

Անցնենք առաջ։

Մի շարք օբյեկտիվ հանգամանքներ հաշվի առնելով՝ ակնհայտ է, որ նախագահական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանին  հակակշռել և իշխանափոխության իրականացնել կարող են միայն ԲՀԿ, ՀԱԿ և ՀՅԴ տիրույթը ներկայացնող գործիչները։ Ուրիշ տարբերակ չկա։ Դուր է գալիս ոմանց այդ բանը, թե դուր չի գալիս, սա՛ է իրականությունը։  Այլ տարբերակներ քննարկողները կա՛մ քաղաքականապես անմեղսունակ են, կա՛մ դեմագոգներ, կա՛մ անիրատեսներ, կա՛մ խառնակիչներ։

Ինչ մնում է այն հարցին, թե արդյոք ԱԺ ընտրությունների ժամանակ միասնական շտաբ ստեղծած ուժերը պե՞տք է հանդես գան միասնական թեկնածուով, ապա ճիշտ պատասխանը հետևյալն է. ամեն ինչ պետք է ընթանա բնական ճանապարհով և հանրության լայն շրջանակների մասնակցությամբ։

Միասնական թեկնածուի փնտրտուքներից առաջ շատ կարևոր քայլեր կան անելու։ Նախ պետք է Սերժ Սարգսյանի դեմ ստեղծել մեկ միասնական կենտրոն, ինչպես որ «7 օրին» տված հարցազրույցում առաջարկել էր քաղաքագետ Երվանդ Բոզոյանը (տե՛ս http://7or.am/am/news/view/38241/%D4%B5%D6%80%D5%BE%D5%A1%D5%B6%D5%A4%E2%80%93%D4%B2%D5%B8%D5%A6%D5%B8%D5%B5%D5%A1%D5%B6), ինչը չի նշանակում, թե ԲՀԿ–ն, ՀԱԿ–ն ու ՀՅԴ–ն պետք է անպայման համաձայնության գան միասնական թեկնածուի հարցում։ Գործնականում, ի դեպ, դա կարող է անհնար լինել նախագահական ընտրությունների առաջին փուլից առաջ։

Կուլիսային բանակցությունների արդյունքում առաջադրված միասնական թեկնածուն կարող է այնքան էլ արդյունավետ չլինել։ Բացի այդ՝ քաղաքականության մեջ կուսակցությունների և լիդերների միասնաբար հանդես գալը չի ենթադրում նրանց էլեկտորատների մեխանիկական գումարում։

Կան դեպքեր, երբ միասնական թեկնածուն մուլտիպլիկատիվ էֆեկտով ավելի շատ ձայն է հավաքում, քան ենթադրվում էր, բայց կան նաև դեպքեր, երբ միասնական թեկնածուն պակասեցնում է միասնաբար հանդես եկող ուժերի էլեկտորալ բազան։ Ասել է թե՝ բավական բարդ է (այն էլ հայաստանյան պայմաններում) որոշել, թե ով պետք է լինի ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի և ՀՅԴ–ի միասնական թեկնածուն, չհաշված առանձին գործիչների անձնական հավակնությունները։

ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը և ՀՅԴ–ն պետք է այժմ խորացնեն միասնական շտաբում համագործակցելու ընթացքում ձեռքբերված ինտեգրացիայի մակարդակը, համաձայնության գան «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» ծրագիրը համատեղ ուժերով ու կոորդինացված առաջ մղելու, ինչպես նաև միմյանց դեմ որևէ պարագայում չաշխատելու և տնօրինվող ռեսուրսները («փողոց», մեդիա, կառույցներ և այլն) արդյունավետ օգտագործելու հարցերում։

Այժմ ամենակարևորի մասին. նշյալ երեք ուժերը պետք է պայմանավորվեն հետևյալ երկու կարևորագույն կետերի շուրջ.

1.ամեն ինչ անել, որպեսզի նախագահական ընտրապայքարը չավարտվի մեկ փուլով, այսինքն՝ ընտրակեղծիքների ծավալը նվազեցնելու քայլեր ձեռնարկել, իսկ 2–րդ փուլում պաշտպանել այն թեկնածուին, ով ընդդիմադիր դաշտից կհավաքի առավելագույն ձայներ ու դուրս կգա, այսպես ասած, եզրափակիչ. դա արդեն կլինի միասնական թեկնածուի բնական ու ժողովրդավարական ընտրություն։ Երկրորդ փուլում, բնականաբար, պետք է հանրային լայն կոնսոլիդացիայի միջոցով և առանց մեծ ցնցումների՝ չվաստակած հանգստի ուղարկել «բարեշրջիչներին», իսկ եթե վերջիններս դիմադրեն, ապա կիրառել պլան «Բ»–ն,

2.իսկ եթե Սերժ Սարգսյանը փորձի «շրջիկ խմբերի» և իր հենարան «օլիգարխների» միջոցով մեկ փուլով ավարտել ընտրությունները՝ ինքնահռչակվելով նախագահ, ապա ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը և ՀՅԴ–ն պետք է համատեղ ուժերով կյանքի կոչեն ՀՀ Սահմանադրության առաջին ու երկրորդ հոդվածները, այսինքն՝ գնան հետընտրական համապատասխան քայլերի և ժողովրդի միջոցով ձևավորեն լեգիտիմ իշխանություն։

Եվ այսպես, միասնական թեկնածուի շուրջ համաձայնության գալու հոգեմաշ և անբնական գործընթացին այժմ պետք է վերջ տալ և ջանքերն ուղղել միասնական կենտրոնի կամ ճակատի աշխատանքները համակարգելուն և ապագա բարեփոխումների անկյունաքարային կետերը հանրությանը հասցնելուն։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը