Մեկնաբանություն

21.07.2012 14:08


«Քասթինգն» սկսված է. տեղերն անսահմանափակ են

«Քասթինգն» սկսված է. տեղերն անսահմանափակ են

Արտաշես Գեղամյանն այլևս կարող է հանգիստ լինել։ Իր ստեղծած դպրոցը բազում հետևորդներ ունի։

Դավիթ Շահնազարյանը ՀԱԿ–ից դուրս գալուց հետո շարունակում է «երկխոսությունը» Սերժ Սարգսյանի հետ։ Ճիշտ է, նրան Կառավարության ընդունելությունների տուն այլևս չեն կանչում, բայց այն նոստալգիան, որով տառապում է «կայունության» ջատագով Շահնազարյանը, ցույց է տալիս, որ գեղամյանական դպրոցը նոր կադրեր է տալիս։

Հարկ է նկատել, որ Սերժ Սարգսյանի օգտին հանդես գալու և ԲՀԿ–ի դեմ «դհոլություն» անելու հարցում Շահնազարյանը մի շարք մրցակիցներ ունի։ Այդ տիրույթում, մասնավորապես, նա կռիվ է տալիս ԲՀԿ ցուցակից դուրս մնացած Հմայակ Հովհաննիսյանի հետ։ Կատաղի մրցակցության մեջ էր նաև Արամ Զավենի Սարգսյանը, սակայն իր անմիջական կուռատոր Ռուբեն Հայրապետյանի «քաշվելուց» հետո հայտվել է խորը դեպրեսիայի մեջ ու այլևս չի խոսում փողոց դուրս գալու և «ֆուտբոլասեր» նախագահին անուղղակիորեն սատարելու մասին։

Ինչ վերաբերում է Հմայակին ու Դավիթին, ապա նրանք իշխանական լրատվամիջոցների տարածքն օգտագործելով՝ «երկխոսում» են ՀՀԿ ղեկավարի հետ։ Փաստորեն, «քաստինգը» բաց և հրապարակային բնույթ է կրում և սույն գործիչները ցույց են տալիս իրենց բոլոր «բարեմասնությունները»։

Հմայակի ու Դավիթի սիրո օբյեկտը նույնն է, նույնն է նաև քննադատության թիրախը, սակայն տարբեր են նրանց ակնկալիքները։

Եթե Հմայակը հանդես է գալիս «Մանդատ՝ հակածառուկյանական քարոզչության դիմաց» ծրագրով, ապա Դավիթը Սերժ Սարգսյանին ծառայություններ է մատուցում, այսպես ասած, անհատույց՝ ելնելով «գաղափարական» նկատառումներից։

Դավիթի ուզածն ընդամենը «լիբերալ», այսինքն՝ «ազատական», իսկ ավելի ճիշտ՝ ազատիչական կենտրոնի ստեղծումն է, որը, ըստ թունդ ընդդիմադիր նախկին ՀԱԿ–ականի, պետք է թույլ չտա «ապակայունացում», այն է՝ իշխանափոխություն։

Շարունակելով այս երկու մրցակիցների համեմատությունը՝ պետք է արձանագրել, որ Հմայակ Հովհաննիսյանը մի փոքր բարդույթավորված է և փորձում է ընդդիմադիրոտ երևալ, իսկ ահա Դավիթ Շահնազարյանն անկեղծ է։ Վերջինս չի էլ թաքցնում, որ պատրաստ է օգտագործվել ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի դեմ, և անգամ ամառվա տապին, պատկերավոր ասած, տուն չի գնում Բաղրամյան 26–ի տակ աշխատող լրատվամիջոցների տաղավարներից։

Շահնազարյանին հունից հանել է այն, որ ՀԱԿ–ը ԲՀԿ–ի ու ՀՅԴ–ի հետ համատեղ կարող է նախագահական նստավայրից հեռացնել Սերժ Սարգսյանին։ Իր գեղամյանությունը «լեգիտիմացնելու» համար՝ նա վախեցնում է հանրությանը «քոչարյանիզմի» բոբոյով, բայց, թերևս, չի զգում, որ դրանով իսկ նմանվում է ամերիկացի այն գեներալին, ով «սառը» պատերազմի տարիներին այնքան էր ներշնչվել ու վախեցել «կարմիր» վտանգից, որ իրեն նետեց պատուհանից դուրս և ջարդուփշուր եղավ։

Ուշագրավն այն է, որ Շահնազարյանը խոստովանում է, որ «երկխոսությունը» բխում էր իշխանության շահերից, բայց ուրախ է, որ մեզանում այդպիսի մշակույթ ներդրվեց։ Ստացվում է, որ Շահնազարյանն ուրախ է, որ գյալաջիով սկսված և փակված զուգարաններով ավարտված գործընթացը դարձավ քաղաքական մշակույթի մաս, և մեղադրում է ՀԱԿ–ին՝ սերժանպաստ «երկխոսությունից» հրաժարվելու համար։ Ստացվում է, որ Շահնազարյանի սիրտը կրկին փակ զուգարաններ է ուզում. շատ օրիգինալ ցանկություն է, այնպես չէ՞։ 

Թե քաղաքական «ստրիպտիզի» օգնությամբ ինչ արդյունքների կհասնեն  Հովհաննիսյանն ու Շահնազարյանը, «հերձումը» ցույց կտա։ Մեկ բան ակնհայտ է. նրանք հետ են մնում իրենց հոգևոր առաջնորդից՝ Արտաշես Մամիկոնովիչից, քանզի «Ազգային միաբանության» առաջնորդն արդեն իսկ հաջողացրել է ՀՀԿ–ի ցուցակով պատգամավոր դառնալ և առանց միջնորդների «երկխոսացվել» Սերժի կողմից, իսկ Շուրա Բալագանովի կարգավիճակում հայտնված քաղաքագետն ու «կայունության» ջատագովը դեռ պետք է քրտինք թափեն այդպիսի արդյունք ունենալու համար, ու դեռ հայտնի չէ, թե արդյոք կկարողանա՞ն կրկնել Գեղամյանի «սխրանքը»։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը