Մեկնաբանություն

22.07.2012 12:09


Մաշտոցի պուրա՞կ, Փակ շուկա՞, «Հարսնաքա՞ր», «Ցի՞ռկ», թե՞ Բաղրամյան 26

Մաշտոցի պուրա՞կ, Փակ շուկա՞, «Հարսնաքա՞ր», «Ցի՞ռկ», թե՞ Բաղրամյան 26

Երեկ շինարարական աշխատանքների շրջանակներում պայթեցվել է Կրկեսի շենքի ներսի հատվածը։ Նպատակը պարզ է՝ ժամանակակից տեսքի բերել շենքը, և այն դարձնել հաճելի ժամանցի վայր։ Զարմանալիորեն՝ Կրկեսի մոտ կանգնող «թիթեռնիկները» չէին բողոքում իրենց ոտնահարված կամ «պայթեցված» իրավունքների համար։

Ըստ ականատեսների՝ Կրկեսի շենքի միջնամասի պայթեցման հետևանքով երկու հատ «պուճուր» քար էր ընկել մայթեզրի խոտածածկ հատվածի վրա և վնասել Հայոց աշխարհի եզակի բուսատեսակներից մեկը։ Բուսատեսակը վնասվել էր, բայց զարմանալիորեն չկային «Սերժի վկաները», կներեք՝ Մաշտոցի պուրակի ու Փակ շուկայի համար պայքարող այն դեմքերը (խոսքս, բնականաբար, բոլորի մասին չէ), ովքեր ոչ թե ազնիվ մղումներով են փողոց դուրս գալիս, այլ նախապատրաստում են «Տարո՛ն ջան, սիրու՛ն չի» սերիալի շարունակությունը։ Եթե դա այդպես չէ, ապա ցանկալի կլիներ ստանալ մի շարք հարցերի պատասխաններ։

1.Ինչու՞, երբ, ասենք, Փակ շուկայի ներսի փտած պատերն է քանդվում նույն այն նպատակով, որով պայթեցվում է Կրկեսի շենքը, «քաղաքացիական հասարակությունը» աղմկում է, իսկ Կրկեսի շենքի պարագայում՝ ոչ։

2.Ինչու՞, երբ Մաշտոցի պուրակում էր ինչ–որ բան կատարվում, «քաղաքացիականները» աղմկում էին, իսկ ահա Կրկեսը «պլստաց» նրանց ձեռքից։

3.Ինչպե՞ս է պատահում, որ, ասենք, Փակ շուկայում կատարվող վերակառուցումը վատ բան է, իսկ Կրկեսի «պայթեցումը»՝ լավ կամ առնվազն «շուխուռի» համար անպիտան։ Ո՞րն է այս պարագայում Փակ շուկայի և Կրկեսի շենքի տարբերությունը։

4.Ինչու՞ «անկախ» մամուլը չանդրադարձավ Կրկեսի պայթեցմանը և իր սիրած «օլիգարխիկ» թեմաներով մի երկու «վերլուծական» չդրեց՝ «Պետք է պայթեցնել օլիգարխներին, այլ ոչ թե կրկեսը», «Սերժ Սարգսյանը պետք է գնա կրկեսով կամ կրկեսի վրա» կամ «Պայթած կրկեսը և Սերժ Սարգսյանի հակաօլիգարխիկ պայքարը» սրտաճմլիկ վերնագրերով։

5.Եվ վերջապես, ինչու՞ են որոշ «քաղաքացիականներ» բարձրաձայնում անարդարությունների և երկրում տիրող անմխիթար վիճակի մասին ու դրանց լուծման առումով փորձում հանրության շրջանում սպասումներ առաջացնել... Սերժ Սարգսյանից։

Սրանք հարցեր են, որոնք պատասխաններ են պահանջում։

Նկատենք, որ ընտրովի «պայքարը» և ընտրովի «շուխուռ» անելը շատերի մոտ է ամրապնդում այն տեսակետը, որ չքաղաքականացվելու հաստատ համոզմամբ պայքարող «քաղաքացիականները» լրիվ այլ խնդիր են լուծում։

Եթե քաղաքացիական շարժումը չի դնելու քաղաքական պահանջներ ու չի ինտեգրվելու փոփոխությունների ձգտող քաղաքական ուժերի և հանրության լայն շերտերի հետ, ապա դա ամեն ինչ է, բայց ոչ քաղաքացիական շարժում։ Նմանատիպ «քաղաքացիական շարժումներն» ընդամենը կարող են օգտագործվել Սամվել Ալեքսանյանի դեմ, քանի որ դեղերի շուկայում վարչապետ Տիգրան Սարգսյանը միջնորդավորված հետաքրքրություններ ունի ու փորձում է «քաղաքացիական հասարակության» հետևում թաքնվելու և «պայքարում ենք օլիգարխների» դեմ դեմագոգիկ կարգախոսներն օգտագործելու միջոցով սեփականության վերաբաշխում իրականացնել։ Ընդամենը։

Եթե Մաշտոցի պուրակի համար պայքարողներն ի վերջո առաջ չեն քաշելու Հայաստանում համակարգային փոփոխություններ կատարելու հարցը և չեն ընդունելու, որ Սերժ Սարգսյանից արդարադատություն պահանջելը գեղամյանության պես մի բան է, ապա նրանք պետք է իմանան, որ նախագահականի երիտթևի մասնավոր շահերը սպասարկելու համար կարող են օգտագործվել Գագիկ Բեգլարյանի դեմ։ Ընդամենը։

Այնպես որ Մաշտոցի պուրակ–Փակ շուկա «տռասի» վրայից  պայքարը պետք է  տեղափոխել Բաղրամյան 26։ Հայաստանի բոլոր պրոբլեմների ստեղծման լաբորատորիան նախագահական նստավայրն է։ Մնացած հասցեները, այդ թվում՝ «Հարսնաքարը», կեղծ թիրախներ են։

Մաշտոցի պուրակը, Փակ շուկան, «Հարսնաքարը» հետևանք են, այլ ոչ թե պատճառ։ ՀԱԿ–ի երիտասարդների նկատմամբ կիրառված քաղաքական հաշվեհարդարը հերթական անգամ ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը քաղաքացիական հասարակությանն ընդառաջ գնալու և հանդուրժող երևալու առումով թատրոն է խաղում ու փարիսեցիությամբ աչքի ընկնում։ 

Եվ ուրեմն, 2013թ. ընտրական առիթը հարկավոր է օգտագործել ու բոլորով հավաքվել նախագահականում։ Ժողովուրդն այդ ժամանակ Սերժ Սարգսյանին պետք է  ասի՝ «Սե՛րժ ջան, ինքդ էլ տեսնում ես, որ սիրուն չես կառավարում, լավ կլինի մի ձև գտնես ու մաքրես Բաղրամյան 26–ի տարածքը, թե չէ մե՛նք կապամոնտաժենք քեզ նախագահական աթոռի վրայից»։ Այ, սա՛ կլինի քաղաքացիական հասարակության իրական հաղթանակը, թե չէ՝ ընկել եք Ալեքսանյան Սամվելի հետևից ու «տիրացու» վարչապետի անձնական եկամուտների աճին եք նպաստում։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը