Մեկնաբանություն

22.07.2012 13:25


Ամենաթողություն` ձայնի դիմաց

Ամենաթողություն` ձայնի դիմաց

Երկրորդ սերնդի բարեփոխումները Հայաստանի համար կառավարման ավելի արդյունավետ տարբերակ չնախատեսեցին` քան ֆեոդալական դեմոկրատիայի մոդելը: Սրա էությունը հետևյալն է` երևանյան իշխանությունը թքած ունի տեղական ինքնակառավարման գաղափարի վրա, ֆորմալ պահպանում է սահմանադրւթյան նորմերը. 10 մարզերում, 41 ընտրատարածքների հաշվարկով նշանակում է կառավարիչներ, որոնք կատարում են կենտրոնական իշխանության վերարատադրման խնդիրը `  դրա դիմաց ստանալով որոշակի տնտեսական և այլ կարգի ազատություններ: Կարճ ասած` թալանի  ու փող աշխատելու ֆիքսված հնարավորություններ:

Երևանյան իշխանությանը մնացած հարցերը` ժողովրդի վիճակ, բարեփոխումների ընթացք, զարգացման ծրագրեր, սոցիալական խնդիրներ, չեն հետաքրքրում: Սա է պատճառը, որ երևանյան իշխանութունները առանձնապես չեն խորանում, թե ում որտեղ են նշանակում: Կարևոր է , որ այդ ռեգիոնի վստահելի մեկը երաշխավորի ու «գարանտ կանգնի»:

Օրինակ` ԲՀԿ-ի կոալիցիայն  մաս չկազմելուց հետո Վայոց Ձորի մարզպետ նշանակվեց  Էդգար Ղազարյանը: Նրան ոչ ոք չէր ճանաչում` ոչ տեղի բնակչությունը, ոչ հասարակական-քաղաքական շրջանակները։ Նա հրապարակային ոչ մի բառ չի ասել, բայց ամենակարևորը նրան  ճանաչում է` տեղի ֆեոդալը` «Ջերմուկ Գրուպի» Աշոտ Արսենյանը: Ներկայիս մարզպետը  եղել է նրա մարկետինգի տնօրենը, հետագայում` խորհրդականը:

Ա. Արսենյանը իր մատուցած ծառայությունների և այլ գործընկերային հարաբերությունների շնորհիվ Բաղրամյան 26-ից ձեռք է բերել մարզպետ նշանակելու իրավունք: Իրականում, սա մեխանիզմ է, որը քանդում է պետության հիմքերը: Նա պետության, իշխանության մարզպետը չէ, նա Ջերմուկի Արսենյանի մարզպետն է, և սպասարկելու է միայն ու միայն  նրա շահերը: Արսենյանը Բաղրամյան 26-ի համար ձայն կապահովի ու սրանով հարցը կփակվի:

Եթե չեք մեռացել, ԱԺ ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանն անձամբ էր քարոզում Աշոտ Արսենյանի օգտին, որպեսզի հետագայում օգտագործի նրան, իսկ Արսենյանն էլ օգտագործվում է՝ տեղական նշանակության իշխանիկ դառնալու դիմաց։

Ինքնին հասկանալի է, որ այս մեխանիզմը չի ենթադրում խնդիրների լուծում, տեղի բնակչության շահերի պաշտպանություն, ժողովրդի վիճակի բարելավում և այլն: Նույնիսկ ծիծաղելի է դրա մասին խոսելը: Նույն Արսենյանին պատկանող հիմնարկներում տեղի բնակչությունը ունի ճորտի կարգավիճակ: Գնացեք Ջերմուկ («Կիև»)  ու հարցրեք` խորհուրդ էր տալիս Պանիկովսկին: Հենց միայն  նրան պատկանող առողջարանում գների և աշխատողների աշխատավարձերի համեմատումը ամեն  ինչ կասի:  Բայց սրանք դետալներ են որոնք երևանյան իշխանությանը չեն հետաքրքրում:

Վայոց Ձորը Բաղրամյան 26-ից շատ հեռու է: Շախմատային գրանպրիների ժամանակ էլ հեռուստաընկերությունները երբեք չեն անդրադառնում մարզի բնակչության խնդիրներին, տեղի  ֆեոդալին և նրա անձնական մարզպետին:

Ի դեպ,  «ամենաթողություն` ձայնի դիմաց» բանաձևը  նորություն չէ, սա չեն հորինել Հայաստանում: Սա դրված է հեղափոխություններով ավարտվող երկրիներից շատերի կառավարման հիմքում:

Այնպես որ հակաօլիգարխիկ պայքարի լծվածները պետք է իմանան, որ մեր երկրի օլիգարխացման հիմքում նախագահական նստավայրն է ու քննադատության հասցեն ճիշտ հնչեցնեն։

Արման Սահակյան

Այս խորագրի վերջին նյութերը